ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՑ
Ճակատագիրը կյանք է մաշում։ Նրա հետ չորս օր անհանգիստ նստած սպասում ենք, որ մի բան կլինի ու շուտ կավարտվի նախորդի պես։
Այդ չորս օրը…
Ցավից փողոցներն աղմկում էին։ Չէի կարողանում քայլել, որովհետև կարող էի մի աղմուկի պատճառ դառնալ։ Ցավը սիրում է ճակատագրի հետ ապրել, դրա համար ցավին հակառակ գնացի։ Այս անգամ էլ ցավը գրկած, ձևացնելով, թե ոչինչ չեմ զգում, ուշադրություն չդարձրի երկնքի ասելիքին։
Հեռախոսս անընդհատ զանգում էր։ Բոլորը հրավիրում էին իրենց տները, բայց ես մեր տանը նստած՝ նայում էի ուրիշների փլվող, ավերակ դարձած տներին։ Իսկ սա ինչպիսի՞ ճակատագիր է։
Նայում էի… մտածում…
♦♦♦
Այս մոլորակն իմն է։ Անունը` Արցախ, որ ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Նա իմ ամենամտերիմն է։ Այստեղ արծիվները չեն քնում…
Արծիվները կենսագրությունն են հաստատուն պահում։
Իսկ ես կարո՞ղ եմ հեռու երկրում թողնել բոլոր գույները։ Չէ՛, այդպես չի կարող լինել։ Ասում են` ուրիշ պատի համար նախատեսված գույնը մեկ այլ պատի տգեղ է երևում։ Դրա համար ամբողջ գույները Արցախի համար ենք պահում։ Է՜հ, այստեղ կարմիրն է շատ… ամենաշատն է։
♦♦♦
Ձեռքերս ուզում են ուրիշ տեղ հասցնել, բայց ես հրաժարվում եմ։ Աչքերի ու ձեռքերի համատեղելի կապով մոլորվում է եզերքը։ Աչքերս գտնում են Պիկասոյի գլուխգործոցներն ու ընկղմվում նրանց մեջ։
Ես էլ այստեղ չեմ…
Սա ուրիշ աշխարհ է, բայց չեմ հարմարվում, ու նորից են տանս պատերը ճաքում` հեռանալու ճանապարհի կեսին։ Ուզում եմ գրկել այդ պատը, բայց վերջում պատերազմ է դառնում։ Նա էլ իմը չէ…
♦♦♦
…Պատերազմը երբեք չի ուշանում։ Երևի կյանքում ամենաանդավաճան հիմարն է պատերազմը, որ մեզ շատ է սիրում, ու դա փոխադարձ չէ։
♦♦♦
Այստեղ ցավը մի քանի ժամ կարոտի մասին է պատմում։ Ժամերը շատ արագ փլվում են կեսգիշերին, ու խելագարվում են ցերեկն ու մութը` իրենց անսովոր հայացքներով։ Ամեն բացվող լույս մի նոր ցավ է կիսում` հորիզոնի շուրթերին նայելով։
♦♦♦
44 օր. ցավի համառոտ արտացոլանք և սպասումի անթափանց հայելի։
Այդ օրերից ավելի է, որ հողը ջուր է ուզում ապրելու համար։ Տարվա եղանակ չմնաց։ Չարագույժ աշունը մի գուլպա է գործում ու ասում է` սա էլ է հերիք։ Չմրսեք։ Պատերազմը մեր ներսում է։
♦♦♦
Երկինքը կարծես մի անտաղանդ նկարչի ստեղծագործություն լինի։ Ինձ կներեք այս խոսքերի համար։ Հիմա ես, ինչպես բոլոր ծառերը, նույն ձևի տխուր ենք։ Կարծես կյանքը կա, բայց ապրել չգիտենք։ Ապրելը ուրիշների համար էր։
♦♦♦
Մատներս գիշերվա և ցերեկվա տարբերությունը չեն զգում։ Այսպես դեռ չէր եղել, անսովոր է։
Անսովոր է նաև հողը, որ անընդհատ քաջություն է ուզում, որ իր վրայով թողնի քայլես։ Իսկ այդ քայլերը… ինչքա՜ն պատերազմների միջով են անցել, որ արդեն խեղդում են ցավը։
♦♦♦
Լեռը քառասուն խոստում է տվել բոլորին։ Լեռը ամաչում է գլուխը բարձրացնել։
♦♦♦
Պատուհանիս նայող լույսը ցավից մեռնում է։ Դիմանալ չկա։ Հայելու մեջ մենք ենք` չդիմացողներս, չնայած համբերում ենք ու հանդուրժում։ Մեկս մյուսի շարունակությունն ենք, մեկս մյուսի կտրված մասը։
♦♦♦
Մառախուղը չի դադարում ծածկել մեզ։ Ինչքան դժվար լինի` դիմանում ենք, չնայած մառախուղի մեջ էլ կա պատերազմի հոտը։
♦♦♦
Ծանր եղանակ է և՛ դրսում, և՛ ներսում։ Եղանակի միջից ստվեր է դուրս գալիս ու կյանք է առնում։ Նա շարունակում է քայլել մի արահետով, որն արդեն մերը չէ, բայց մերն է եղել։ Անձրևը թաքուն ջրում է այդ արահետը։
♦♦♦
Մի տեսակ անշոշափելի են աշունը, ձմեռը։ Անշուք օրերի շքեղության մեջ ե՞րբ է մոլորակը (կամ կյանքը) թույլ տալու, որ հաղթանակի համար արյուն չթափվի։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #51 (1371) 23.12.2020 - 29.12.2020, Ազգային բանակ