ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ…
Դավիթը մեր այն զինվորներից է, որին վիճակվեց անմիջական ու ակտիվ մասնակցություն ունենալ պատերազմ կոչված արհավիրքին: Ժամկետային ծառայության անցնելուց ամիսներ անց հրամանատարությունը, գնահատելով երիտասարդի ֆիզիկական ու կամային տվյալները, նրան հատուկ նշանակության զորքեր տեղափոխեց, որի շարքերում էլ մինչև այժմ ծառայում է: Նրա զորացրմանը հաշված օրեր են մնացել, սակայն վերջին ամիսները քսանամյա զինվորի ծառայության ամենանշանակալի ու անմոռանալի շրջանը դարձան: Սեպտեմբերի 29-ից նա ակտիվորեն ներգրավվեց թշնամու սանձազերծած պատերազմին, անցավ բազում փորձություններով, անգին ընկերներ կորցրեց… Դավիթը մեկն է մեր այն զինծառայողներից, որոնց մասին իրավացիորեն ասում ենք. նրանք այս պատերազմում հաղթել են:
Հետախույզ, Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ստորաբաժանման կազմում է կռվել… Քարվաճառ, Հադրութ, Ջաբրայիլ, Կուբաթլու… ամենաթեժ կետերում, որտեղ թշնամու կուտակումներ, քանակական բազմակի առավելություն է եղել, անհավանական բազմաթիվ գործողություններ են հաջողությամբ իրականացրել, ամենածանր պահերին՝ որպես օգնական ուժեր, կռվի են բռնվել ու մաքրել տեղանքը թշնամուց, նեղն ընկած զինվորականներին դուրս բերել շրջափակումից, փոխել իրավիճակը հօգուտ մեզ:
Դավիթը մեծ սիրով, խորին ակնածանքով ու գնահատանքով է հիշում իր հրամանատարին.
-Գնդապետ Ասատրյանը բացառիկ մարդ էր՝ ազնիվ, բարի, իր գործի գիտակ, ազդեցիկ: Մոնթեին հաճախ էր օրինակ բերում՝ որպես զինվորականի կատարելատիպ, ու ինքն էլ իր խառնվածքով, իր տեսակով նման էր նրան: Գնդապետ Ասատրյանը մի հսկա շուն ուներ: Երբ սկսում էր խաղալ հետը, բոլորովին կերպարանափոխվում էր. մանկանում, երեխայի պես ուրախանում էր: Նրա կերպարն ամբողջացնում էր նաև բացառիկ համեստությունը: Հետագայում արդեն, մարտի դաշտում առավել ևս համոզվեցինք, թե ինչ ազնիվ, հոգատար անձնավորություն էր գնդապետ Ասատրյանը: Նրա ետևից հնարավոր չէր չգնալ, հնարավոր չէր նրան չվստահել անգամ ամենավտանգավոր իրավիճակներում: Վերադաս հրամանատար էր. կարող էր հանձնարարություն տալ ու հեռվից ղեկավարել, սակայն միշտ մեզ հետ էր, մեր կողքին, անձամբ էր առաջնորդում մարտական գործողությունների:
Սկզբում Քարվաճառի թևում էին կռվում, հետո այնտեղ, ուր թշնամին իր ուժերն ավելի շատ էր կենտրոնացնում: Ստորաբաժանումն ուղարկում էին որպես օգնական ուժ այն տեղամասեր, ուր նրանց կարիքն այդ պահին ավելի շատ էր զգացվում: «Թշնամին մեր ուղղությամբ հիմնականում հրետանային կրակ էր վարում,- պատմում է Դավիթը,- որից հետո հետևակն անցնում էր գրոհի: Հենց այդ ժամանակ մեր ստորաբաժանումով ընդառաջ էինք գալիս ու ոչնչացնում նրանց կենդանի ուժը, կասեցնում զորքի առաջխաղացումը, մերձամարտեր էինք վարում: Քարվաճառից հետո Հադրութ, Ջաբրայիլ, Կուբաթլու…
Հոկտեմբերի սկզբին էր. Ջաբրայիլ հասանք այն ժամանակ, երբ զորամասի մշտական տեղակայման վայրը անցել էր թշնամական ուժերի հսկողության տակ: Զորամասով մեկ նրանց զինվորականներն էին. անգամ փոքրիկ մատուռից էին մեզ վրա կրակում: Փառք Աստծու, միայն մի քանի թեթև վիրավոր տալով, կարողացանք հակառակորդի ամբողջ կենդանի ուժը ոչնչացնել, մաքրել զորամասը, որտեղ հարյուրից ավելի զինվորականներ էին կենտրոնացել: Հետո առաջ անցանք: Այս ընթացքում անտառում մերոնցից 90 հոգու գտանք, որոնք շրջափակման մեջ էին: Նրանց օգնելուց հետո ավելի մեծ շրջափակման մեջ ընկանք: Հարյուր, հիսուն մետր հեռավորության վրա բախումներ եղան հակառակորդի հետ: Շատ թեժ կռիվ էր… Մի քանի վիրավոր ու մեկ զոհ ունեցանք, բայց մեր 90 զինծառայողին հաջողությամբ շրջափակումից դուրս բերեցինք և գործողությունը հաջողությամբ ավարտեցինք:
Այդ օրերին բազա էինք վերադառնում ու կարճատև հանգստից հետո ետ էինք գնում՝ թշնամու ավելի ու ավելի ստվարացող ուժերի դեմ: Մեր զորքը ստիպված էր լինում կռվի բռնվել 1/20, 1/30 ուժերի հարաբերակցությամբ:
4-5 անգամ շրջափակման մեջ ենք ընկել. հաճախ մահվանն արդեն որպես բնական մի բանի էինք վերաբերվում: Բայց հրամանատարի սաստող ձայնը մեզ միշտ համախմբում, կենտրոնացնում էր, իսկ իր անցած ճանապարհի, վարպետության շնորհիվ դուրս էինք գալիս ամենաանհուսալի իրավիճակներից: Մի օր հատկապես ծանր մարտ էր. արդեն վստահ էինք՝ դա մեր վերջին մարտն է, վերջին հանգրվանով: Զոհեր ունեինք. ուժերը անհավասար էին: Գլորվելով, սողեսող մոտենում էինք մեր զոհված ընկերներին, գրպաններից հանում փամփուշտները, նորից լիցքավորում ու կրակում: Տարօրինակ կհնչի, բայց ժպիտով իրար էինք նայում, երբ հերթական անգամ կարողանում էինք խուսափել վերահաս մահացու կրակոցից…
Չնայած ուժերի անհամաչափությանը՝ բոլոր խնդիրները կատարում էինք լիարժեք: Մեր հաջողությունների կարևոր գրավականը մեր հրամանատարն էր՝ Վահագն Ասատրյանը: Նրա փորձը ամեն տեղ էր պետք: Ինքն էլ ամեն տեղ էր… Չարաբաստիկ այդ օրը ուղղություններից մեկում մեր խմբերից մեկը պատրաստվում էր կարևոր մարտի. նա էր ղեկավարելու: Ճանապարհին մեքենան նկատել էին. հրետանիով ու թռչող սարքերով թիրախավորել… Նրա կորուստը մեծ հարված էր մեզ համար, անասելի ցավ… Սա լուրջ կորուստ էր նաև զինված ուժերի համար:
Նրա զոհվելուց հետո դեռ երկար կռվեցինք. տարբեր մարտական գործողություններ իրականացրինք: Հակառակորդը սկզբում օգտագործում էր բացառապես իր ժամկետային զինծառայողների ուժը, բայց երբ այդ պաշարը սպառվեց, մեր ուղղությամբ ուղարկեցին փորձառու վարձկանների ու հատուկջոկատայինների: Արտաքինից սրանք նման չէին ադրբեջանցու կամ թուրքի՝ խարտյաշ, երկնագույն աչքերով, բարձրահասակ զինվորականներ էին, ինչ-որ հատուկ խմբավորման անդամներ: Երբ ուսումնասիրում էինք դիակները, շատերի ուսերին մայորից ցածր ուսադիրներ չէիր տեսնի: Ճիշտ է՝ նրանց մոտ փաստաթղթեր չկային, բայց ամեն ինչից երևում էր, որ վարձկաններ էին և հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներ: Բացի այդ, նրանց մոտ հայտնաբերված աղքատիկ իրերից կարելի էր եզրակացնել, որ նրանք հետդարձ չէին նախատեսել: Բոլորի մոտ պարտադիր թմրանյութեր, ներարկիչներ կային: Ցավ չէին զգում, մինչև ոտքը կրակոցից չկոտրվեր, չէին ընկնում: Դեպք է եղել՝ մեր մեծ տրամաչափի զենքի կրակոցից կրծքավանդակի հատվածում, կարելի է ասել, բան չէր մնացել, բայց էլի փորձում էր տեղից վեր կենալ: Չգիտեմ թմրանյութի ազդեցության տակ նշան բռնելը որքանով կստացվեր նրանց մոտ, բայց դրանց ավելի շուտ օգտագործում էին որպես հոգեբանական միջոց. տպավորիչ է, չէ՞. ծանր վիրավորները առաջ են շարժվում:
…Ինձ հաջողակ եմ համարում. այս պատերազմի ընթացքում առնվազն վեց անգամ անխուսափելի թվացող մահից փրկվել եմ:
Ջաբրայիլում էինք: Մեր մեքենաները շարասյունով կանգնած էին: Կարճատև հանգստից հետո շարժվելու էինք առաջ: Հանկարծակի մեր ուղղությամբ հրետանային հուժկու կրակ բացվեց: Թշնամին բացահայտել էր մեր տեղն ու ուղիղ նշանառության տակ առել: Մերոնց մի մասն անմիջապես նստեցին մեքենաները: Բայց մեքենա նստելը անխուսափելի մահ էր. անմիջապես թիրախավորվում էին ու… Փորձեցինք հարմար տեղ գտնել, որ խուսափեինք հրետանու հարվածներից: Մոտակայքում գտնվող փոքրիկ հայկական գերեզմանոցի ուղղությամբ վազեցինք: Ես հասա գերեզմանաքարերից մեկին ու թաքնվեցի ետևում: Հաջորդ պահին հրետանին խփեց ուղիղ գերեզմանաքարի դիմաց. ընդամենը 5-10 սանտիմետր հեռավորության վրա: Հուժկու պայթյունից ինձ պաշտպանեց գերեզմանաքարը. զարմանալի բան. միայն մի փոքր քար պոկվեց ու իմ կողմ թռավ: Գրպանումս «նեսկաֆեի» փաթեթներ ունեի, որոնք մոտներս էինք պահում. երբ երկար անքուն էինք մնում, պետք էր գալիս: Բեկորը շալվարս ծակել, խրվել էր այդ փաթեթների մեջ:
Ամենաբարդը, սակայն, Կուբաթլուի շրջանում իմ վերջին մարտն էր, որի ընթացքում թևից միջանցիկ վիրավորում ստացա: Գործողությունը ղեկավարում էր գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը՝ մեր մյուս սպան, որի անունը հպարտությամբ ու ցավով ենք հիշում… Հրաշալի մի սպա, որի մարդ տեսակի մասին նույնը կարող եմ ասել, ինչ գնդապետ Ասատրյանի մասին: Նա այս մարտին վիրավորվել էր ոտքից, մինչև վերջ կռիվ տվել ու զոհվել՝ զենքը ձեռքին, հերոսաբար… Շարժվում էինք հակառակորդի ուղղությամբ: Մեր ու թշնամու անձնակազմերի թվային հարաբերակցությունը 1/100 էր: Մրջյունի պես լցվել էին մոտակա սարի լանջին գտնվող տարածքը: Բացազատված մոտենում էինք նրանց: Թշնամու հրետանին ամբողջ ուժով աշխատում էր, բայց արկերը մեզ չէին դիպչում, մեզանից բավականին հեռու էին պայթում: Այդ դաշտի տարբեր հատվածներում երեք անգամ խրամատ եմ փորել ու այդտեղից կրակ վարել: Մի քիչ թեք, այնպես էի պահել զենքս, որ կարողանամ խոցում կատարել՝ դեմքս պաշտպանելով: Հակառակորդի դիպուկահարը նշան էր բռնում գլխիս, բայց դիպչում էր ավտոմատիս կոթին: Այնքան էր խփել նույն տեղին, որ այդ մասը ջարդվել էր: Հանկարծ մեզնից երեսուն մետրի վրա հրետանու արկ պայթեց. մի բեկոր կպավ սաղավարտիս ու, աչքերիս առաջ մթնեց: Քիչ անց ուշքի եկա մոտակայքում աշխատող մեր դիպուկահարի կրակոցների ձայնից: Երբ նորից սկսեցի տեսնել, նկատեցի, որ մոտ 200 մետրի վրա, մեր ուղղությամբ թշնամու երկու զինվոր է շարժվում: Երկուսին էլ անմիջապես վնասազերծեցի: Հրետանին նորից սկսեց աշխատել. վիրավորներ, զոհեր, ու միայն այն զգացի, որ ձեռքս սկսեց տաքանալ ու թուլանալ… Միջանցիկ վիրավորում էր. բազկիս հատվածում փամփուշտը մի կտոր ոսկորիցս պոկել ու ճաքեցրել էր այն: Կրակել այլևս չէի կարող, որոշեցի շարժվել մերոնց ուղղությամբ: Մոտ մի կիլոմետր կրակի գոտուց սողեսող անցա դիպուկահարների կրակի, հրետակոծության տակ… Ինձ նկատեց մի ժամկետային՝ մեր այլ ստորաբաժանումից. անմիջապես մոտեցավ, փորձեց շալակն առնել: Հենց ինձ ուսին գցեց, ոտքով ուժգին սկսեցի հարվածել նրա ոտքին. գիտեի՝ եթե կանգնած շարժվեր, թիրախ էինք դառնալու երկուսս էլ: Ու հենց այն պահին, երբ նա իմ հարվածից ցած ընկավ, մեր գլխավերևով դիպուկահարի մի քանի գնդակ սուրաց: Մոտ 300 մետր սողալով անցնելուց հետո հասանք մերոնց: «Ուրալով» մեզ դուրս բերեցին մարտի դաշտից: Ուժասպառ էի. աչքիս տարբեր տեսիլքներ էին գալիս՝ մեկ զոհված ընկերներս էին հավաքվում շուրջս, մերթ հանգուցյալ հորս էի տեսնում: Հայրս երեք տարի առաջ է մահացել: Թե՛ կենդանության օրոք, թե՛ ռազմի դաշտում միշտ ամենադժվար պահերին զգացել եմ, որ հայրս ինձ հետ է, իմ կողքին: Ու այդ պահին, երբ ուշագնաց արնաքամ էի լինում, էլի կողքիս էր. զգում էի, թե ինչպես է ինձ բրդում, թափ տալիս, որ արթնանամ, չէր թողնում աչքերս փակել… Հենց այդ պահերին ուշքի էի գալիս, տեսնում, որ ինձ բուժօգնություն են ցուցաբերում:
…Իրոք որ՝ կենաց-մահու պատերազմ էր սա: Հերոս ընկերներ եմ կորցրել, շատ մտերիմ, հրաշալի տղաներ, որ գիտակցաբար իրենց կյանքը զոհաբերեցին՝՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը: Շատ տղաներ ունեինք, որոնց սովորական պայմաններում չէիր նկատի, չէիր հավատա, թե ընդունակ են այդպիսի խիզախությամբ մարտ վարելու. ինքնամփոփ, մտածկոտ ու հանկարծ կռվի ամենաթեժ պահին առյուծ էին դառնում: Երկու մտերիմ ընկերներ կորցրի, որոնք ռազմաճակատի այլ հատվածներում էին կռվել: Նրանցից մեկը՝ Տիգրանը, փոքրամարմին, վտիտ տղա էր: Մարտական ընկերները պատմում են, որ Քարվաճառի շրջանում գործողություններից մեկի ժամանակ Տիգրանը թշնամու 12 հոգանոց ջոկատը միայնակ ոչնչացնելուց հետո առաջ է շարժվել: Հեռվից ձայներ է լսել, մտածել, թե մերոնցից մեկը օգնության կարիք ունի, շտապել է այդ ուղղությամբ: Նրան նռնակով պայթեցրել էր թշնամին:
Մյուս ընկերս՝ Գոռը, մի ուրիշ ուղղությամբ մարտ վարելիս երեք անգամ վիրավորվել, բայց հրաժարվել է բուժօգնությունից: Այդ վիճակում էլի առաջ է գնացել, ևս երեսուն թշնամի ոչնչացրել: Հետո, երբ արդեն ջոկատից ոչ ոք ողջ չէր մնացել, միայնակ էր վարել մարտը: Ցավոք, ականի պայթյունից կորցրել էր երկու ոտքը. մինչև օգնությունը կհասներ՝ արնաքամ էր եղել … Որքան էլ այս տղաների մասին խոսես, պատմես, մեծարես նրանց, քիչ է, որովհետև նրանք հայրենիքին տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Նրանք արարող տեսակ են, նրանք կյանք են տալիս ուրիշներին ու հաղթում մահվանը: Փառք ու պատիվ մեր բոլոր զոհված տղաներին՝ սպաներին ու զինվորներին, կամավորներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը ցանկալի հաղթանակին նվիրաբերեցին անսասան հավատով, կամքով ու սիրով:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #51 (1371) 23.12.2020 - 29.12.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում