ՆՐԱՆՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեր հայրենիքի պաշտպանները շարունակում են իրենց սրբազան առաքելությունը՝ ամրապնդել հայրենիքի բնագծերի պաշտպանությունը: Թեև ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն նրանք չեն մոռանում ռազմի դաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Մեր տղաները համեստությամբ են խոսում իրենց տված կռվի, իրենց կատարած սխրագործությունների մասին:
Լեյտենանտ Նարեկ Բարոյանը մեկ տարի առաջ ինքնակամ որոշեց ծառայության գալ սահմանամերձ զորամաս: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նորավարտ սպաներից է: Նորավարտ, սակայն արդեն պատերազմական պատկառելի փորձով, մարտական կենսագրությամբ ու գործած հերոսական սխրանքների պատմությամբ:
– Տպավորիչ մարտական խնդիրը եղել է այն, երբ թշնամին մեր հարևան գումարտակի մարտական հենակետի վրա զինտեխնիկայի ուղեկցությամբ, մոտ 300 հոգանոց հետևակային շարասյուններով, բացահայտ գրոհ ձեռնարկեց: Անմիջապես խնդիր ստացանք ականանետային մարտկոցի կրակային ուժերը կենտրոնացնել և կասեցնել թշնամու գրոհը: Մի քանի ժամ տևած համազարկային անդադար կրակով ճնշեցինք գրոհը, որից հետո թշնամին մարտի դաշտում թողնելով մի քանի միավոր խոցված տեխնիկա ու շատ դիակներ, դիմեց փախուստի: Ոչ մի դժվարությունից չենք երկնչել, ոչ մի դժվարություն չէր կարող մեզ կանգնեցնել, խանգարել կատարելու մարտական առաջադրանքը, պաշտպանելու մեզ վստահված մարտական դիրքը,- վերհիշում է մարտկոցի հրամանատար, լեյտենանտ Նարեկ Բարոյանը:
Միասնաբար կռվել են, զինվորական երդմանը հավատարիմ պաշտպանել հայրենիքի իրենց վստահված սահմանը:
– Մենք կատարել ենք մեր հրամանատարության առաջադրանքը՝ պաշտպանել մեր հայրենիքը, մեր ընկերներին ու մեր ընտանիքները,- ասում է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մանուկյանը:
– Կռվել ենք անձնվիրաբար: Մարտական ոգին եղել է բարձր,- մարտական ընկերոջ խոսքն է շարունակում ժամկետային զինծառայող, շարքային Սերոբ Պողոսյանը:
Թեև պատերազմի հիշողությունները ցավոտ են, սակայն մարտկոցի անձնակազմը հատկապես շեշտում է մեկ փաստ. այն, ինչի միջով անցել են, էապես փոխել է իրենց մտածելակերպը կյանքի ու ծառայության նկատմամբ:
Մարտական դիրքերում է եղել նաև նռնականետորդ Տիրան Գևորգյանը: Պատերազմական բարդ իրավիճակում Տիրանն ու հենակետի տղաները արագ կողմնորոշվելով, հմուտ ու համարձակ գործողություններով ոչնչացրել են դիրք ներթափանցած երկու տասնյակից ավելի ելուզակների:
– Հենակետի ավագը հաղորդեց, որ մեր դիրքեր են ներխուժել թշնամական ուժեր: Եղավ հրահանգ դիրքավորվել ու պատրաստվել մարտի, ինչն էլ կատարվեց հաշված վայրկյաններում: Այնուհետև տեսա, որ վերևից մի 20 հոգի գալիս են դեպի խրամատը: Ինձ նկատելով՝ սկսեցին կրակել: Կրակահերթի տակ վազեցի դեպի թունել, վերցրի արկերը, լիցքավորեցի ու հենակետի ավագի հրամանով սկսեցի կրակել քերծի վրա: Կարծես երկրաշարժ եղավ. ժայռերն անկանոն թափվեցին՝ քարերի տակ առնելով հարձակվողներից մի քանիսին, իսկ մնացածին էլ մենք շարքից հանեցինք…,- պատմում է Տիրանն այնպես հանգիստ, կարծես բակային կռվի մասին է խոսքը:
– Վստահեցնում եմ՝ մեզնից ոչ ոք չի մտածել իր մասին, այլ մտածել է ընկերոջ կյանքի մասին, միմիայն ընկերոջ կյանքի մասին, նրան պաշտպանելու ու թիկունք լինելու մասին: Միայն այդ դեպքում կհաղթես: Ու մենք հաղթել ենք,- ասում է կապիտան Արկադի Ավետյանը, որն անձնական օրինակով է քաջալերել իր ենթականերին:
Հետպատերազմյան օրերին անձնակազմն ավելի կոփված ու հմտացած արդեն անցել է առօրյա ծառայողական խնդրի կատարմանը: Իսկ սահմանային զորամասի խնդիրն անփոփոխ է՝ անառիկ պահել հայրենի եզերքը՝ ոչ մի վայրկյան չկորցնելով զգոնությունն ու աչալրջությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆ
Խորագիր՝ #51 (1371) 23.12.2020 - 29.12.2020, Ազգային բանակ