Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻ



ՇՈՒՇԻ

Շուշի՛,

իմ սիրտը բաբախում էր

պարիսպներիցդ թռչող

համազարկերի ռիթմով,

ինչպես հեռավոր իննսուներկուսին,

երբ անսացի կանչիդ

որպես ազատության զինվոր:

 

Շուշի՛,

ականջներիս մեջ որքան ղողանջեն

Սուրբ Ղազանչեցոց գավթի զանգերը

և արձագանքվեն բջիջներիս մեջ,

միտքս կճախրի պարիսպներդ ի վեր,

կձուլվի հերոս այն տղաներին,

որ ժայռերիդ պես երկինք լեռնացել,

վահան են դարձել քո մասունքներին:

 

Շուշի՛, առանց քեզ

ես մի արծիվ եմ, որ չունի թևեր,

թևատված են իմ բոլոր երազներն …

Քեզնով մեկնարկած երթը մեր կամքի

նման կլինի ա՛յն հավատամքին,

որը ի ծնե հիվանդ մանուկ է

և սպասում է Տիրոջ հրաշքին:

 

Առանց քեզ, Շուշի՛,

կարծես էլ չկա ասքն այն մոգական,

որ հյուսեց սերունդը իննսուներկուսի:

Կարծես էլ չկա այդ սերունդն անգամ …

Սակայն կա՛ն նրանք,

Դեռ կգա՛ն նրանք …

 

Շուշի՛,

Նրանց կտեսնես դու

այրիացած հայոց մայրերի

երկինք բարձրացող մրմունջների մեջ,

հայացքների մեջ այն տղաների,

որ քեզ կնայեն շիրմաքարերից,

և կզգաս, Շուշի՛,

որ հայացքներն այդ հարազատ են քեզ:

Նրանց կտեսնես

այն պատանեկան այրվող աչքերում,

որ կխոյանան պարիսպներդ ի վեր՝

որպես չխամրող փառքիդ ծաղիկներ:

 

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության

ամբիոնի վարիչ

15. 11. 2020 թ.

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Հոգևոր-մշակութային


29/01/2021