Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՏՈՎ



ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՏՈՎԿյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը:  Զրույցը, որ հրապարակում ենք, ունի 12 տարվա վաղեմություն, սակայն դրա գլխավոր ուղերձներն այսօր էլ արդիական են. երկրի ապագան կիրթ, հայրենասեր, առաքինի ու մարդասեր երիտասարդությունն է, ուժը՝ բանակը, գիտությունն ու մշակույթը, հենարանը՝ իրական ու կորուսյալ հայրենիքի հավերժությանը աներկբա հավատալու պատրաստակամությունը և պարտությունից հետո ավելի ամուր հաղթանակ կերտելու վճռականությունը։

 

-Պարոն Ստեփանյան, մի զրույցի ժամանակ հիշեցիք, որ Ձեր հայրը կիթառ էր նվագում, իսկ Բաբկեն Ներսիսյանը կիթառի հնչյունների ներքո Սայաթ-Նովա էր արտասանում։ Ու ես մտածեցի, որ Ձեր հայրն արվեստագետ է եղել։

-Ոչ, հայրս գիտնական էր, ծնողներս դասախոսում էին պոլիտեխնիկ ինստիտուտում, սակայն դա չէր խանգարում, որ շփվեն, ընկերություն անեն ճանաչված արվեստագետների հետ։ Նրանք մեր մշտական հյուրերն էին, խոսում էին կինոյից, թատրոնից, գրականությունից, մեր իրականության ամենատարբեր խնդիրներից։ Ես շատ գեղեցիկ ու վեհաշունչ մթնոլորտում եմ մեծացել։ Հայրս թատրոնի ու երաժշտության մեծ սիրահար էր, առիթը բաց չէր թողնում ընտանյոք հանդերձ այցելելու համերգ, թատրոն, ցուցահանդես։ Մի հարցազրույցի ժամանակ լրագրողը խնդրեց հիշել, թե ինչպես են ինձ դաստիարակել ընտանիքում, ինչ են սովորեցրել, ինչն են արգելել։ Ես չհիշեցի ուղղակի դաստիարակության որեւէ դրվագ, երբ ինձ ասեին` պետք է սիրել հայրենիքը, պետք է լինել կարեկից կողքինի հանդեպ, պետք է լինել քաղաքավարի, կամ չի կարելի աղավաղել մայրենի լեզուն, չի կարելի կեղտոտել քաղաքը, ծաղրել թույլերին… Ամեն ինչ եղել է ինքնաբերաբար, տողատակում…

Հորս ձեռքը բռնած շրջում էի քաղաքում (փոքրիկ երեխա էի), ու հայրս մեծ հպարտությամբ ասում էր` սա Աբովյան փողոցն է, սա Իսահակյանի արձանն է, սա օպերայի թատրոնն է։ Հետո պատմում էր, թե ովքեր են Աբովյանը, Իսահակյանը, Թամանյանը։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա սիրում իր քաղաքը, փողոցը, շենքը, ինչպես է հպարտանում իր քաղաքի պատմությամբ, նրա յուրաքանչյուր ձեռքբերումով։

– Այսօր մայրաքաղաքի փողոցներով շրջելիս ինչ նոր կառույցներով պիտի հպարտանա երեւանցին, ի՞նչ պիտի ցույց տա իր երեխային` ռեստորաննե՞րը, սրճարաննե՞րը, հյուրանոցնե՞րը, թե՞ առանձնատները։

– Ես դեմ չեմ ո՛չ ռեստորաններին, ո՛չ հյուրանոցներին, սակայն դրանց կողքին պիտի կառուցվեին նաեւ այնպիսի գիտական, մշակութային օջախներ, որոնք կդառնային յուրաքանչյուր երեւանցու հպարտությունը։ Հազիվ թե հասարակ երեւանցին հպարտանա ինչ-որ մեկի ամենաշքեղ հյուրանոցով կամ սրճարանով, բայց մարզահամերգային համալիրով հպարտանում էինք, այն մերն էինք համարում, մտածում էինք` մեզ համար է կառուցվել։ Ու այդպիսով քաղաքն էլ էր մերը, երկիրն էլ։

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՏՈՎ– Հայտնի է, որ Դուք Չայկովսկու դպրոցում ջութակ նվագել եք սովորել։ Փաստորեն դեպի արվեստ Ձեր ճանապարհը կանխորոշված էր։

-Ոչինչ էլ կանխորոշված չէր։ Իմ մանկության տարիներին երեխաները երաժշտական, նկարչական դպրոցներ էին հաճախում, թատրոն ու ցուցահանդես էին այցելում ոչ թե անպայման արվեստագետ դառնալու, այլ կիրթ ու զարգացած լինելու համար։ Մեծերը հասկանում էին, որ արվեստի հետ շփումը երեխայի հոգում բարի զգացմունքներ է արթնացնում, ու ցանկանում էին, որ իրենց զավակները գեղեցիկ, զգայուն հոգի ունենան։ Միջնակարգն ավարտելուց հետո ես ընդունվեցի պոլիտեխնիկ ինստիտուտ։ Թատրոնում հայտնվեցի պատահաբար։ Մի օր տղաներով որոշեցինք մասնակցել ռուսական թատրոնի ստուդիայի ընդունելության քննություններին։

– Այդ որոշումը չէր կարող պատահաբար ծնվել, փաստորեն` որոշել էիք բեմ բարձրանալ, խաղալ։

– Ընդունելությանը շատ գեղեցիկ աղջիկներ էին մասնակցում, մենք էլ եկել էինք բախտներս փորձելու ոչ այնքան թատրոնում, որքան գեղեցկուհիների սրտում։ Ես ընդունվեցի։ Ավելին` որոշ ժամանակ անց դարձա ռուսական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Մի օր էլ հանդիպեցի Խորեն Աբրահամյանին։ Նրան դուր եկավ իմ խոսքը, ձայնը, խաղը։ Նկատեց ինձ, ու այդ մեծ արտիստի միջնորդությամբ ինձ հրավիրեցին խաղալու Սունդուկյանի անվան թատրոնում։

– Տակավին երիտասարդ, Դուք խաղացել եք մեծ դերասանների կողքին, հակառակ 20 տարվա տարիքային տարբերությանը` Մետաքսեի ամուսինն եք եղել բեմի վրա։ Հե՞շտ էր ճանապարհ հարթել, երբ բեմի վրա մեծերն էին։

– Դժվար էր։ Միշտ էլ դժվար է լինում արվեստում ճանապարհ հարթելը, պետք է պայքարել, տոկալ, ապացուցել, որ արժանի ես նկատվելու, որ կարող ուժ ես։ Այսօր հաճախ են խոսում երիտասարդներին օգնելու մասին. պետք չէ օգնել, խոչընդոտներն ու դժվարություններն են ստիպում, որ երիտասարդ մասնագետը հասունանա, կայանա, զորանա, ընդ որում` ոչ միայն արվեստի ասպարեզում։ Այսօր էլ կան ծնողներ, որ մտահոգություններով են դիմավորում իրենց որդիների զորակոչը, ջանում են նրանց համար փափուկ ծառայություն ապահովել, լուծել ծառայության ընթացքում առաջացած խնդիրները, հարթել խոչընդոտները։ Չեն հասկանում, որ արջի ծառայություն են մատուցում իրենց տղային, չեն թողնում, որ նա հասունանա, տղամարդ դառնա, սովորի ինքնուրույն ապրել, ինքնուրույն դիմակայել կյանքի դժվարություններին, գլուխ հանել բարդ իրադրություններում։

– Պարոն Ստեփանյան, ինչո՞վ էիք զբաղված Արցախյան պատերազմի ժամանակ։ Կարծեմ` այդ տարիներին գնացիք Բեյրութ։

– Ոչ, Բեյրութ եմ գնացել պատերազմից հետո, պատերազմի ժամանակ հայրենիքում եմ եղել։ Ասեմ, որ զենքը ձեռքիս չեմ կռվել։ Քանիցս առիթ եմ ունեցել հենց առաջին գծում տեսնելու կռվող տղաներին, բայց ինքս չեմ կռվել, տեսել եմ, թե ինչպես է գոյանում մարտական ջոկատը, ինչպես է մեկը դառնում շարքային զինվոր, մյուսը` հրամանատար…

-Ինչպե՞ս…

– Մեկը կարող է շատ լավ կռվել, շատ խիզախ ու ինքնազոհ լինել, սակայն ուրիշների համար պատասխանատու լինելու վճռականություն չունենալ։ Կարող է կատարել ցանկացած բարդ ու վտանգավոր առաջադրանք, սակայն ինքնուրույն որոշում կայացնելու, հանձնարարելու համարձակությունից զուրկ լինել։ Այս տիպի մարդիկ լավ զինվոր են, բայց ոչ հրամանատար։ Ես տեսա, թե ինչպես ցաքուցիր, անկազմակերպ խմբից առանձնացած մեկն սկսեց հրահանգներ տալ, կազմակերպել։ Ամեն ինչ այնքան բնական եղավ, այնքան աննկատ, ու րոպեներ անց իրար գլխի հավաքված ռազմիկների խումբը դարձավ մարտական ջոկատ` իր հրամանատարով ու զինվորներով։ Պատերազմի ժամանակ ես ներկայացումներ էի բեմադրում։ Խոսեմ դրանցից մեկի մասին։ Ներկայացումը կոչվում էր «Հավերժական առասպել», դրամատուրգը Բերդ Բաբայանն էր։ Բեմի վրա հայոց պատմության բախտորոշ հանգրվաններն էին` հեռավոր անցյալից մինչեւ մեր օրերը։ Ասելիքն այն էր, որ ինչ ջրեր էլ հոսեն, ինչ արհավիրքներ էլ գան ու գնան, հայ ժողովրդի հավերժական առասպելը եղել է ու լինելու է։ Ես իմ զենքով էի կռվում, ես ոգեւորում, հուսադրում էի հանդիսատեսին։

– Դուք հավատո՞ւմ էիք, որ մենք հաղթելու ենք, թե՞ Ձեր պարտքն էր հուսադրել ժողովրդին։

– Հավատում էի։ Հիմա էլ եմ հավատում։ Ինչ էլ լինի, որքան էլ դժվար լինի, մենք ապրելու ենք այս երկրի վրա ու մտածելու ենք մեր կորուստները հետ բերելու մասին։ Մենք չենք մոռանալու մեր պարտությունները եւ շարունակելու ենք մեր ընթացքը հաղթելու հավատով։

– Ինչո՞ւ հեռացաք հայրենիքից։

– Կինս երաժիշտ է, նրան աշխատանք առաջարկեցին Բեյրութում հենց այն պահին, երբ Հայաստանում սկսվել էր մի անհասկանալի վերարժեւորում, երբ թատրոն ասելով՝ մարդիկ հասկանում էին կապիկություն ու հռհռոց։ Երբ ասպարեզը տրամադրվել էր մարդկանց, ովքեր ոչ մի կապ չունեին արվեստի հետ։ Բեյրութում ես ստեղծեցի 162 հոգանոց մանկական թատերախումբ։ Հետագայում երեխաներին բերեցի Հայաստան, եղանք Ղափանում, Արցախում, Շուշիում։

-Պարոն Ստեփանյան, հայտնի խոսք կա` արվեստը չպետք է իջնի պահանջարկի մակարդակին, այլ պետք է վեր կանգնի դրանից` ձեւավորելով ճաշակ, չափանիշներ։ Այսօր հեղինակավոր բեմերից, հեռուստատեսությամբ հրամցվում են անարվեստ գործեր, որոնք հարուցում են լսարանի զայրույթը, ժողովուրդը չի ընդունում։

– Ժողովուրդը կապ չունի, նման գործերը ստեղծվում են հովանավորի, ֆինանսավորողի ճաշակով, որը ցանկանում է մի «զիլ» սյուժե` ժարգոնային բառերով, հայհոյանքներով եւ էրոտիկ տեսարաններով։ Ու նման 20 րոպեանոց սյուժեի համար վճարում է ահռելի գումարներ։ Եթե նույն գումարը վճարեն որեւէ լուրջ գործ ստեղծելու, ասենք` Արցախյան պատերազմի մի դրվագ պատկերելու համար, բնականաբար, ներկայացման հերոսը կլինի ոչ թե «տժժացող» տղան, այլ հող ազատագրող ռազմիկը։ Ելք կա. պետք է արգելել ճաշակ փչացնող եւ անբարո բարքեր քարոզող գործերի ցուցադրումը հեռուստատեսությամբ (ընդ որում` ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր), պետք է փակել հեղինակավոր բեմահարթակները նրանց առաջ։ Եվ ի տարբերություն «տժժացող» պատվիրատուների, պետք է պետական մակարդակով պատվիրել այն թեմաները, որոնք հրատապ են այսօր։ Գաղտնիք չէ, որ մենք միշտ էլ խնդիր ենք ունեցել` կապված ազգային դրամատուրգիայի ցածր որակի հետ, օրինակ, ես առաջարկել եմ կազմակերպել ազգային դրամատուրգիայի փառատոն, շահագրգռել, խրախուսել. մեկ էլ տեսար մի ոգեշունչ, հզոր գործ ծնվեց։

– Համազգայինում բեմադրում եք Ձեր իսկ պիեսը` «Աշնան օրերից մի օր անձրեւոտ»:  Ո՞վ է հերոսը, ո՞րն է ասելիքը։

– Հերոսը մեկը չէ։ Փորձել եմ բեմ բարձրացնել մեր իրականության գունապնակը, այն գույները, որպիսիք ինքս եմ տեսել իմ շուրջը։ Բեմի վրա մարդիկ են, որոնք յուրաքանչյուրիս կողքին են։ Ի դեպ, նրանցից մեկը Արցախյան պատերազմի ռազմիկ է։

– Խնդրում եմ այդ կերպարի մասին փոքր-ինչ մանրամասն պատմեք, ինչպե՞ս եք մարմնավորել պատերազմի հերոսին։

– Իմ ռազմիկը պատերազմի հերոս չէ, ոչ էլ տիպական կերպար է։ Ընդհանրապես, այս պիեսում տիպական կերպարներ չկան։ Ամեն մեկը մի անհատ է՝ իր յուրահատուկ խնդիրներով, ցավով, ճակատագրով։ Նույն բակում ապրող տղաների փոքրիկ խումբը ժամանակի հետ հեռանում-ցրվում է, հետո նրանց տեսնում եք այնպիսին, ինչպիսին կյանքն է դարձրել։ Այդ խմբի լիդերը հետո գնում է պատերազմ, կռվում իր բաժին կռիվը, վերադառնում պատերազմի վերքերը հոգում։ Մենք տեսնում ենք Արցախյան պատերազմից հաղթանակով վերադարձած ռազմիկների մարմնի վերքերը, իսկ ես ուզում եմ, որ նաեւ հոգու վերքերը տեսնենք, հասկանանք, թե ինչ է խլել պատերազմը նրանից, օգնենք, որ իրենց տեղը գտնեն այս կյանքում, մեր կողքին։ Ես ասում եմ, որ մեր հոգուց պակասել է լույսը, ես հորդորում եմ միասին փնտրել այդ լույսն ու վերադարձնել։

– Եթե ցանկանաք կերտել կանոնավոր բանակի զինվորականի կերպարը, հայկական բանակի, ի՞նչ գծերով կբնութագրեք նրան։

– Չգիտեմ, որքանով կհամապատասխանի իրականությանը, բայց նա կլինի զարգացած, խելացի, բարեկիրթ տղամարդ, որը հայրենասեր է, հաստատակամ, քաջ, հպարտ է, արժանապատիվ, ուժեղ։ Այս արժանիքները ես պարտադիր չէի նշի, ասենք, ինժեների կամ բժշկի համար, սակայն զինվորականությունն առանձնահատուկ խավ է, եւ նրա պարագայում չափանիշները բարձր են, ակնկալիքները մեծ։ Բնական է, որ մենք ուզում ենք այդ խավին շատ բարձր, օրինավոր ու առաքինի տեսնել։

– Որեւէ ասելիք ունե՞ք սահման պահող զինվորին։

– Զինվորը մեր հայրենիքի ամենակարեւոր մարդն է։ Պիտի մեր վերաբերմունքով հավաստենք այս իրողությունը, միշտ հիշեցնենք, որ մենք անչափ բարձր ենք գնահատում հայրենիքի պաշտպանի սրբազան գործը։ Որ երախտապարտ ենք նրան մեր անխռով գիշերների եւ խաղաղ ցերեկների համար։ Որ սիրում ենք զինվորին ու պատրաստ ենք նրան տալ լավագույնը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Հոգևոր-մշակութային


29/01/2021