ՏՂԵՐՔԻՍ ԼԱՎ ԿՆԱՅԵՍ…
Հունվարի 4-ին լրացավ Սամվելի 18-ը: Ինչպես Սամվել պապն ասաց. «Թոռս դարձավ տղամարդ, ասել է թե՝ զինվորացու»: Ծննդյան օրը պապական հարկի տակ հավաքվել էին հարազատները: Միայն սեղանի գլխաթոռն էր ազատ. Սամվելի հոր՝ Կարենի տեղն էր: Հյուրասենյակում, վառարանի ձախակողմյան անկյունում, հուշանկյուն կա՝ փոքրիկ պահարանով՝ վրան զինվորական դաշտային համազգեստ, գլխարկ, հեռախոս, ժամացույց, ակնոց ու տարբեր լուսանկարներ, որոնցից երկուսը գրավում են ուշադրությունդ. դրանցում Կարենն է իր հզոր զենքով՝գնդացրով:
Սամվելը տխուր էր։ Եվ դրա պատճառը գիտեինք հավաքվածներս: Ավագ եղբոր կողքին նստած էին եղբայրները՝ տասնհինգամյա Գնելն ու տասներեքամյա Էրիկը: Մի պահ բոլորն ընկել էին հիշողությունների գիրկը, ամեն մեկը՝ յուրովի: Եվ հաստատ բոլորի հիշողության առանցքում Կարենն էր: Ճնշող լռությունը մեկեն ցրվեց, երբ Կարենի հորեղբոր տղան և մանկության ընկերը՝ Արթուրը մի երկու դրվագ պատմեցին իրենց մանկական չարաճճիություններից, պատանեկան անհոգ կյանքից:
-Երբ Կարենը գործից գալիս էր, տղաները մի աննկարագրելի ոգևորությամբ շրջապատում էին հորը՝ ամեն մեկը իր «բաժինքը» ստանալու մեծ ակնալիքով: Նա իր որդիների համար և ծնող էր, և ընկեր ու խորհրդատու: Եվ նրանք կիսվում էին հոր հետ, մեկը մյուսին հերթ չտալով խանդավառված, աննկարագրելի ոգևորությամբ պատմում, թե այդ օրն ով ինչ է արել: Նրանց մեջ շատ լուրջ, անբեկանելի պայմանավորվածություն կար՝ տղաները երբեք և ոչ մի պարագայում չպետք է սուտ խոսեին, անգամ եթե ըստ իրենց, դա նույնիսկ մի անկարևոր հարց լինի,- հիշում է Կարենի կինը՝ Աշխենը, որն, ի դեպ, հորեղբորս աղջիկն է:- Լավ-վատ ապրում էինք: Խաղաղ, համերաշխ: Քսան տարվա մեջ Կարենը իմ և երեխաների վրա, ինչ չարություն էլ արած լինեին, անգամ ձայնը չի բարձրացրել: Տղաներս պաշտում էին իրենց հորը։
…Երբ Գրիգոր հորեղբորս տանը մի առիթով հավաքվել էինք, Կարենից հետաքրքրվեցի, թե շա՞տ է դժվար երեք տղա մեծացնելը. «Ախպերս, մարդիկ երազում են գոնե մեկ տղա ունենալ, մենք երեքն ունենք: Էս երջանկության մոտ ում շունն է դժվարությունը: Տղերքս Հայրենիքի զինվոր են: Աշխենն ուզում էր աղջիկ էլ ունենայինք, որ իրեն սրտակից ընկեր լիներ. դե, աղջիկը ամեն դեպքում մորը լավ է հասկանում, ասացի՝ Աշ ջան, ձեռ քաշի, մեզնից միայն տղերք են ծնվում»,- ծիծաղելով պատասխանեց Կարենը, հետն էլ, թե՝ կամուսնացնենք, նրանց կանայք էլ կլինեն մեր աղջիկները՝ մեկի տեղը՝ երեքը:
…Երբ սկսվում է պատերազմը, զինկոմիսարիատից գյուղապետարան ծանուցագիր է գալիս: Առաջինն այդ մասին իմանում է կինը: Քանի որ Կարենն այդ օրը ուշ է տուն գալիս, Աշխենը ոչինչ չի ասում: Լույսը բացվի, նոր կասեմ՝ որոշում է ինքն իրեն: Մի պահ նույնիսկ մտքով անցում է մի երկու օր լռել, տեսնել, թե իրադարձություններն ինչ ընթացք են ստանում…
-Առավոտյան նախաճաշեցինք, ու Կարենը դուրս եկավ գյուղամեջ,- պատմում է Աշխենը։- Մի ժամ էլ չէր անցել, շնչակտուր ներս մտավ ու ասաց.
-Աշխեն, պատերազմ է սկսվել: Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա: Գիտե՞ս, ես Ասկերանում եմ ծառայել…
-Հետո ի՞նչ,- հարցրի անելիքը չիմացողի մտահոգությամբ:
-Հետո էն, որ պիտի գնամ Արցախ: Չեմ կարող չգնալ։
Եվ Աշխենը հասկանալով, որ ծանուցագիրը թաքցնելը այլևս իմաստ չունի, ասում է, որ ինչ-որ թուղթ են երեկ երեկոյան գյուղապետարանից բերել ու ծանուցագիրը տալիս է ամուսնուն:
– Ըհը, ծանուցագիրն է,- ասում է Կարենը և ծանուցագրով շտապում զինկոմիսարիատ:
Երեկոյան գալիս է ու կնոջը խնդրում, որ շորերը պատրաստի. առավոտ շուտ մեկնելու է։
– Ին՞չպես թե, բա մենք ի՞նչ ենք անելու,- զարմացած ու կարկամած հարցնում է Աշխենը:
– Ըսենց թիկնազոր ունեցողն էլ մտահոգվելու բան կունենա՞,- ասաց ու ամեն մեկիս մեկական համբույր պարգևելով դուրս եկավ: Ընդունված կարգ կա, չէ, որ ճանապարհ գնացողի հետևից ջուր են շաղ տալիս: Այնպես շփոթված էի, որ չհասցրի անգամ մի բաժակ ջուր շաղ տալ հետևից…,- ֊հուզախառն ձայնով պատմում է Աշխենը:
Սեպտեմբերի 29-ին Կարենն արդեն Արցախում էր, Հադրութի շրջանում: Մեկ ամիս հետո մեկ օրով եկել էր տուն, կնոջն ու երեխաներին տեսել ու նորից մեկնել ռազմաճակատ՝ այս անգամ Մարտունու ուղղությամբ:
– Երբ ներս մտավ, արդեն մութ էր: Մի պահ չճանաչեցինք: Շատ էր փոխվել, թրաշն էլ՝ ոնց որ մի խիտ անտառ երեսին: Այդ օրը լուսացրինք կարոտներս առնելով: Հետո որդիների հետ առանձնացավ: Թե ինչ խոսեցին այդ երկու ժամը, այդպես էլ չիմացա: Ինձ ասաց հետևյալը. «Աշխեն ջան, թաքցնելու բան չունեմ: Պատերազմ է… Դու ինձ պետք է հասկանաս ու տղերքիս լավ նայես: Տղերքիս էլ ասել եմ, որ իմ բացակայության ժամանակ դու համ մամա ես, համ էլ պապա»: …Լույսը դեռ չբացված, գնաց: Այդ գնալն էր, որ գնաց,- պատմում է Աշխեն քույրս ու անձայն հեկեկում…
Կարենը զոհվել է վիրավոր զինվորին փրկելիս: Թշնամու դիպուկահարը թիկունքից է «բռնացրել» Կարենին:
– Փառք Աստծո, այդ զինվորը՝ Կարապետ Հարությունյանը, ողջ է,- դեմքին հազիվ նշմարվող ժպիտով ասում է Աշխենը։
Արմավիրի մարզի Տանձուտ համայնքից այս պատերազմի ժամանակ անմահացան երեքը՝ տանկիստ Աղասի Միքայելյանը, կամավորականներ Անդրանիկ Շահնազարյանն ու Կարեն Գրիգորյանը:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Ճակատագրեր