ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ
ԱՄՆ-ը այլևս տեղեկատվություն չի տրամադրի Ռուսաստանին Եվրոպայում սովորական սպառազինության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Որոշումն ընդունվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը վերակնքելու շուրջ անհաջող բանակցություններից հետո:
Սակայն որոշ փորձագետների կարծիքով ամերիկյան կողմի այս որոշումը ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում: ԱՄՆ-ը կշարունակի Եվրոպայում իր սովորական սպառազինության վերաբերյալ տեղեկությունները փոխանցել Ռուսաստանի դաշնակից համարվող պետություններին, վերջիններս էլ այդ տվյալները կփոխանցեն Ռուսաստանին:
2007թ. Ռուսաստանը արգելափակել է ԵՍԶՈՒ մասին պայմանագրի կատարումը, սակայն ԱՄՆ-ը և պայմանագրի մյուս կողմերը ստանձնած պարտավորությունների համաձայն շարունակում էին տվյալներ հաղորդել ռուսական կողմին:
Իրենց դիրքորոշումը ռուսները բացատրեցին նրանով, որ 1990թ. պայմանագիրը ստորագրելուց հետո ռազմական-ռազմավարական իրադրությունը Եվրոպայում փոխվել է: Վարշավյան պայմանագրի կազմակերպություննայլևս գոյություն չունի, իսկ ՆԱՏՕ-ն բավական ընդլայնվել է դեպի արևելք` ընդգրկելով Վարշավյան պայմանագրի կազմակերպության նախկին անդամների և նույնիսկ ԽՍՀՄ մաս կազմող Մերձբալթյան պետություններին:
Բացի այդ, ռուսական կողմը դժգոհել է, որ պայմանագիրը սահմանափակում է ՌԴ զինված ուժերի տեղաշարժերի հնարավորությունը սեփական երկրի տարածքում: Նրանց դժգոհությունն է հարուցել նաև այն, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն վավերացրել պայմանագրի ադապտացված տարբերակը, իսկ ամերիկացիները ցանկանում են Եվրոպայում ծավալել հակահրթիռային պաշտպանության համակարգ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական