ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել ՊԱՀՀ-ի գործառույթները, ուսումնական և հեռանկարային ծրագրերը:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է համալսարանում վերապատրաստվող սպաների հետ, մասնագիտական գիտելիքներից զատ կարևորել տարածաշրջանային անվտանգային հարցերին քաջատեղյակ, վերլուծական ունակություններով օժտված սպայակազմի դերակատարումը անվտանգային բնույթի ճգնաժամերի լուծմանն ուղղված որոշումների կայացման գործում:
Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը եղել է նաև ՊԱՀՀ-ի տարածքում գործող մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատավայրում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել մինչ օրս իրականացված աշխատանքներն ու ընթացիկ գործունեությունը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է հանձնաժողովի կողմից իրականացվող՝ անհայտ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հստակեցմանն ու գերության մեջ հայտնվածների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է նաև հանձնաժողովի կազմում գործող «Թեժ գծի» աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, հետաքրքրվել դիմումատուների կողմից առավել հաճախ բարձրաձայնվող հարցերով և խնդիրներով: