Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ». ՆԱԻՐԻ ԱՄԻՐՅԱՆ



«ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ». ՆԱԻՐԻ ԱՄԻՐՅԱՆՍերժանտ Նաիրի Ամիրյանը մեր հանրությանը հայտնի ու հարազատ դարձավ պատերազմի ամենաթեժ օրերին՝ «Զինուժի»՝ առաջնագծում նկարահանած տեսանյութերից մեկով: Պատերազմի երկրորդ օրն էր. արկերի, հարվածային ԱԹՍ-ների անդադար պայթյուններ, թշնամու հատուկջոկատայինների ներթափանցման փորձեր, որ ուժերի գերլարումով հետ էին մղում մեր սպաներն ու զինվորները… Նրանցից մեկն էլ Նաիրին էր, որը բառացիորեն մի քանի կադրում խտացրեց բոլորիս համար թանկ ու սիրելի, հերոսական զինվորի կերպարը: Մարտական գործողությունների ընթացքում արված կադրերում նրա կլանված աշխատանքը, գլխին մի քիչ ծուռ նստած սաղավարտը, որի տակից երևում էին հրետանու անդադար կրակից մրոտված դեմքն ու արտահայտիչ աչքերը, պարզ ժպիտը… Արկերի մրից սևացած ձեռքերը, անընդհատ գոռալով ճշտումներ անելուց խզված ձայնը… «Անունդ Նաիրի է, չէ՞»: «Նաիրի է, այո՛»: «Ի՞նչ կուզենաս հաղորդել ծնողներիդ»: Լրագրող Ներսես Իվանյանը մարտական գործողությունների ընթացքում փորձում է զինվորից փոքրիկ հարցազրույց վերցնել: Վերջինս պատրաստվում է պատասխանել, բայց նույն պահին էլ հրաման է ստանում ու արագ վազում դեպի իր հրանոթը՝ կրակի ուղղությունը ճշգրտելու. «208, հա՜»,- ասում է խզված ձայնով: Հաջորդ հարաբերական դադարի պահին արդեն իր անմիջական ու պայծառ ժպիտով կանգնած է տեսախցիկի առջև, պատասխանում է լրագրողի հարցին. «Ծնողներիս ուզում եմ ասել, որ չանհանգստանան. անպայման ետ եմ գալու…»:

Այսքանը: Պատերազմի ճակատագրական այս շրջանի մասին շատ սրտառուչ ու ընդգրկուն մի վկայություն է սա…

«ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ». ՆԱԻՐԻ ԱՄԻՐՅԱՆՀրանոթի հաշվարկի հրամանատար, սերժանտ Նաիրի Ամիրյանը կատարեց ծնողներին տված խոստումը՝ մարտական գործողությունների ամենաթեժ ու վտանգավոր տեղանքներում պատվով իրականացրեց իր խնդիրն ու այժմ ողջ-առողջ շարունակում է իր ժամկետային զինծառայությունը ԶՈՒ հրետանային զորամասերից մեկում:

-Ճիշտն ասած՝ քնած էի, երբ պատերազմն սկսվեց,- պատմում է զինվորը:- Մեր քնի ժամն էր, իսկ մեր հերթափոխ հաշվարկը հրանոթների մոտ էր: Հանկարծ լսեցինք մարտկոցի ավագ սպա Մնացական Ավետիսյանի ձայնը. «Վերկա՛ց: Հանդերձավորվե՛ք ու տեղերո՛ւմ»: Երբ գետնատնակից դուրս եկա, տարօրինակ ձայներ էին լսվում, որ նախկինում չէինք լսել: Հետագայում արդեն այդ ձայները առօրյայի մի մասն էին դառնալու, լավ էինք ճանաչելու դրանք՝ արկերի պայթյունն ու «Կամիկաձեի» տհաճ դզզոցը: Մեր կրակային դիրքը մեկ սար այն կողմ էր: Սարից իջա հրանոթիս մոտ, ու սկսեցին կրակել: Մեզ հրահանգեցին հնարավորինս արագ լիցքավորել հրանոթն ու կրակել: Րոպեներ անց ես ու իմ հաշվարկի վարորդը՝ Խաչատրյան Հենրիկը, կայծակնային արագությամբ սկսեցինք մեկը մյուսի ետևից լիցքավորել հրանոթն ու կրակել: Հաշվարկիս տղաները՝ նշանառու Բարսեղյան Դավիթը, հաշվարկի համար Սահակյան Հրանտն ու Խաչատրյան Հենրիկը իրար ետևից բերում էին արկերը. զգում էի, որ արդեն ֆիզիկապես ի վիճակի չեն, բայց անընդհատ բերում էին… Մի պահ արդեն ոչ թե ձեռքերով, այլ «ուղեղով» էին բերում, կամային ճիգերով: Երբ հիշում եմ, թե կարճ ժամանակահատվածում որքան շատ էինք կրակում, հասկանում եմ, որ հիմա ֆիզիկապես չէինք կարողանա նման արագություն զարգացնել,- ժպտում է զինվորը:

Հրետանու հիմնական խնդիրն այն է, որ մեր հետևակայինների պաշտպանությունն իրականացնենք: Առաջին մի քանի կրակոցներն արել ենք արագ՝ չգիտակցելով իրավիճակը, ավելի շուտ՝ ադրենալինի ազդեցության տակ, իսկ մի քանի կրակոցից հետո արդեն հասկացանք ու հարմարվեցինք. պատերազմ է: Գիտակցում էինք, որ ամեն մի արկի հետ մեր շատ ու շատ զինվորների կյանքն ենք փրկում, մեր հայրենիքի մի մասնիկն ենք պաշտպանում, ուստի անում էինք անհնարինը:

«ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ». ՆԱԻՐԻ ԱՄԻՐՅԱՆԱնձնակազմիս տղաներով հպարտանում եմ: Մեր վարորդի՝ Հենրիկի հետ կապված մի դեպք պատմեմ: Պատերազմի օրերին շատ է եղել, որ մեր կյանքը փրկի: Հրաշալի վարորդ է: Մի օր խնդիրը կատարելու համար 20-25 հոգով պետք է մի տեղանքից մյուսը փոխադրվեինք, ու ճանապարհին անսպասելիորեն մեքենայի արգելակման համակարգը խափանվեց: Սարերով, ձորերով երկար ու վտանգավոր ճանապարհը մեր Հենրիկը կարողացավ առանց արգելակման անցնել ու մեզ ողջ-առողջ տեղ հասցրեց: Հիմա շատերը կարող է չպատկերացնեն, թե դա ինչ է նշանակում, ինչ արգելքներ է հաղթահարել: Միայն մի բան կասեմ, որ դա իսկական հերոսություն էր: Նրան կյանքով ենք պարտական:

…Շատ էին կրակում, «Կամիկաձեներն» անընդհատ պտտվում էին մեր գլխավերևում՝ իրենց անդուր ու տհաճ ձայնով: Առաջին օրվա երկրորդ կեսից արդեն ձայնի ուժգնությունից իմանում էինք՝ որքան հեռավորության վրա է, երբ է մոտենում, երբ է պայթելու: Արկերի ձայնն էլ արդեն սովորական էր դարձել: Երբ լսում էինք մեր հաշվարկի անունը, ակամա վեր էինք թռչում տեղից, նետվում խնդիրը կատարելու: Զգում էինք, թե որքան բան էր կախված մեր օպերատիվությունից:

Պատերազմի երրորդ օրն էր: Հնարավոր էր արդեն մի քիչ հանգստանալ: Պառկեցի թաքստոցում, որ մի քիչ քնեմ ու հանկարծ զգացի, որ ականջներիս մեջ հստակ լսում եմ Մնացական Ավետիսյանի ձայնը՝ «Նշանաթիվ այսքան, մակարդակ՝ այսինչ»: Ակամա տեղիցս վեր թռա, որ կատարեմ հրամանը: Նստեցի, ականջ դրեցի: Շատ արագ հասկացա, որ միայն թվում էր, բայց, միևնույն է, դուրս եկա թաքստոցից ինքս ինձ ստուգելու: Լռություն: Հետո արդեն այդ ձայնն այնքան էր սովորական դարձել, որ անընդհատ ականջներիս մեջ հնչում էր: Մի օր, երբ այդպես պառկած փորձում էի քնել ու Ավետիսյանի ձայնն էի լսում, ինձ ստիպեցի քնել այդ ձայնի ներքո, էլ հնար չկար, հանգստանալ էր պետք:

Մենք կրակային կետից չենք տեսնում թիրախը: Դիտակետից հաղորդված կոորդինատներով նշանառում ու կրակում ենք: Հիշում եմ, երբ մեր մարտկոցի հրամանատարին կապ էին տալիս և բարի լուր հաղորդում, որ խոցել ենք հակառակորդի տեխնիկան, ու նա էլ մեզ էր հաղորդում, ո՜նց էինք ոգևորվում: Մեր եռանդը քառապատկվում էր:

«ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ». ՆԱԻՐԻ ԱՄԻՐՅԱՆՄի օր Թաղավարդ գյուղի մոտ կուտակված հակառակորդի ուղղությամբ իմ հաշվարկով ուղիղ նշանառությամբ մարտական խնդիր էինք կատարում: Ավետիսյան Մնացականի ու մեր կապի պետի՝ Արթուր Սարգսյանի հետ էինք: Մեզ երկու կողմից ուղղորդում էին. մի կողմից մեր հրետանու պետն էր կոորդինատներ տալիս, մյուս կողմից՝ մեր զինվորներից մեկի հայրը, որը Թաղավարդ գյուղի բնակիչ էր ու այդ պահին գյուղի պաշտպանական մարտերում էր ներգրավված: Մենք մի քանի կմ հեռավորության վրա՝ դաշտում էինք բացազատված: Հաջորդ օրը մեր հաշվարկներից մյուսը՝ Ավետիսյանի ղեկավարությամբ, նույն տեղում շարունակեց գործողությունը: Շնորհիվ ճշգրիտ նշանառության՝ մեզ այդ երկու օրում հաջողվեց գյուղի մի զգալի մասից դուրս քշել թշնամուն: Մինչև պատերազմի ավարտն էլ գյուղի այդ հատվածն անառիկ էր…

Անձնակազմի բոլոր տղաների ձայնը մարտի դաշտում կտրվել էր: Հրամանատարական կազմը հաղորդում ու ճշտում էր տվյալները: Անընդհատ ստուգում էինք տվյալները: Ամեն կրակը կատարելուց առաջ վերադասը մեզ թիվ էր հաղորդում, ու մենք պետք է այդ թիվը կրկնեինք, որ հաստատեինք՝ ճիշտ ենք լսել. որոշ հեռավորությունից գոռալով էինք կրկնում թվերը: Պատկերացրեք՝ առաջին օրը մոտ հարյուր արկ էինք լիցքավորել ու կրակել: Այնքան էինք գոռացել, որ բոլորիս ձայնը կտրվել էր:

…Պատերազմի ընթացքում անձնակազմիդ հետ ճակատագրով ես կապվում. անցնում ես կյանքի ու մահվան սահմանագծով: Մարտկոցի անձնակազմով մի ընտանիք եք դառնում: Պատերազմը, կարծես, հավասարության նշան է դնում անձնակազմի անդամների միջև: Պատերազմի ժամանակ սպա-զինվոր փոխհարաբերությունների բնույթը շատ ուրույն է,- նկատում է Նաիրին,- կարելի է ասել՝ ընկերական, հարազատ է դառնում միջավայրը: Մեր դիվիզիոնի շտաբի պետը՝ մայոր Կարո Հարոյանը, մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Մնացական Ավետիսյանը մեզ համար հարազատի պես էին ու մեր ստորաբաժանումում ստեղծել էին այդ լավ մթնոլորտը: Բոլորս հստակ գիտակցում էինք, թե ինչ նպատակի համար ենք կռվում, և այդ նպատակն էր բոլորիս համախմբում: Ոչ միայն մեզ՝ զինվորականներիս, այլև ամբողջ ազգին էր համախմբել:

Մնացական Ավետիսյանը մեզ հաճախ էր հավաքում ու ոգևորում, ասում էր. «Տղե՛րք, լավ է լինելու ամեն ինչ»: Ու նրան հնարավոր չէր չհավատալ: Ինձ համար նա հրամանատարի կատարելատիպ է: Եթե կրկին պատերազմի վտանգ լինի, կուզենայի էլի հենց նրա հրամանատարությամբ, նրա կողքին կռվել:

…Ցավոտ կորուստներ ունեցանք: Ամենացավալին մեր հրանոթներից մեկի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելն էր… Նա հայտնի լուսանկարի զինվորն է: Ալբերտը շատ համեստ, խելացի տղա էր: Միաժամանակ, նա գիտեր՝ որ պահին իրեն ինչպես ճիշտ պահի, և միշտ ինքն իր սկզբունքներին հավատարիմ էր։ Ցավոք, նրա հետ շատ չեմ շփվել, բայց հասցրել եմ նրա մեջ տեսնել այն ամենը, ինչը պատմեցի ու սիրել նրա տեսակը: Այդպիսի մարդիկ շատ քիչ են…

Մեզնից մոտ 50 մետրի վրա Ալբերտը խնդիր էր կատարում, երբ դեպքը եղավ: Անմիջապես վազեցինք այդ ուղղությամբ: Գտանք՝ արդեն զոհված… Երևի մի տասը րոպե ոչինչ չէի զգում, չէի հասկանում: Առանձնացա, մտածեցի կյանքի ու մահվան մասին, մեր արած գործի մասին… Իսկ հետո զգացի, որ նրանք՝ մեր զոհված ընկերները, չնայած ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց հոգով մեր կողքին են: Հասկացա, թե որքան կարևոր է մեր գործը. եթե մենք չանենք, ո՞վ է անելու: Հետո նրանք՝ մեր զոհված ընկերներն էին մեզ ուժ տալիս…

Ավետիսյան Մնացականը մի օր հավաքեց բոլորիս, ասաց. «Միշտ հրանոթի պարանը քաշելիս ձեր զոհված ընկերներից մեկի անունը հիշեք: Զարկը նրա՛ն նվիրեք»: Ալբերտի դեպքից հետո ամեն անգամ պարանը քաշելիս նրա անունն էի տալիս. «Ալբերտի համար», ասում էի ու մտովի նրա վրեժը լուծում…

Նաիրիի հորեղբոր՝ Վազգեն Ամիրյանի մասին, որպես մեր բանակի լավագույն հրետանավորներից մեկի, նախկինում առիթ եմ ունեցել գրելու: Պատերազմի ժամանակ Վազգենը նույնպես տարբեր ուղղություններով իր «Գրադով» է կռվել: Այն օրերին ընդամենը մի քանի վայրկյանով էին կարողանում կապի դուրս գալ իրար հետ, մի քանի բառ փոխանակել, համոզվել, որ երկուսն էլ ողջ են…

Նաիրին լավ է հիշում, թե ինչպես պատերազմից հետո՝ ծառայության մեկնելուց մեկ տարի անց, կարճատև արձակուրդ է եկել հայրենի Աշտարակ, մտել իր տունը, գրկել է հուզված մորը… Ամեն ինչ այնքան անիրական էր թվում, որ ուզում էր շոշափել պատերը, տան իրերը, որ համոզվի, թե իրոք այսքանից հետո տանն է, ու դա երազ չէ…

-Չե՞ս մտածում, թե քո բաժին կռիվն արդեն կռվել ես,- հարցնում եմ զինվորն։ Առանց երկար-բարակ մտածելու պատասխանում է.

-Չկա՛ քո բաժին կռիվ հասկացություն: Եթե դու ապրում ես քո երկրում, ուրեմն՝ ամեն պահի պետք է պատրաստ լինես այն պաշտպանելու: Եթե պետք լինի, մենք էլի կռվելու ենք Ալբերտի, նրա պես տղաների մասին մտածելով, մեր կորցրած տարածքների մասին մտածելով, որոնք պետք է փորձենք ետ բերել: Պետք է ուժեղանանք ոչ միայն ռազմի դաշտում, կռիվ տալով, այլև ցանկացած ոլորտում, որի հետ մեր հետագա կյանքը կկապենք:

Նաիրին ծրագրավորող է: Զինծառայության ընթացքում իր գիտելիքներով միշտ փորձել է օգտակար լինել բանակին: Այժմ էլ պատերազմի դաշտում ստացած իր գիտելիքներն է կիսում ծառայակիցների հետ:

-Չնայած մեծ հաշվով պարտվել ենք պատերազմում, բայց հիասթափություն չկա,- ասում է Նաիրին։- Մենք մեր խնդիրը կատարել ենք լիարժեք: Ու եթե կարիք լինի, մեր մարտկոցով էլի կռիվ կտանք մարտի դաշտում, կպաշտպանենք մեր երկրի սահմանները:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆԻ,

ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/03/2021