ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Ազգային անվտանգության համակարգի կարևոր և անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է նաև էկոլոգիական անվտանգությունը՝ մարդու կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածությունը, առաջին հերթին՝ մաքուր, առողջ, կյանքի համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:
Էկոլոգիական անվտանգության համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում զինված ուժերի էկոլոգիական անվտանգության ապահովման խնդիրը, որի ուսումնասիրությամբ զբաղվում է ռազմական էկոլոգիան: Ընդհանուր էկոլոգիայի այս բնագավառը ուսումնասիրում է զինված պայքարը, պայքարի ոչ ռազմական ձևերն ու միջոցները, ռազմական օբյեկտները, զինված ուժերն ամբողջությամբ և շրջակա միջավայրը: Ռազմական էկոլոգիայի հետազոտման առարկան զինված ուժերի գործունեության և շրջակա միջավայրի փոխազդեցությունն է:
ՀՀ ԶՈՒ գործունեությունն իր մեջ ներառում է՝
- զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեություն,
- զորահավաքային ծավալում,
- մարտական գործողությունների վարում:
Զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեությունն իր մեջ ներառում է ուսումնամարտական պատրաստությունը, ռազմատեխնիկական և տնտեսական-կենցաղային գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ նյութերով և ֆիզիկական տարբեր ճառագայթներով (ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն ռադիոալիքներ և այլն) շրջակա միջավայրն աղտոտող մշտական և իրական էկոլոգիական վտանգ:
Զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեության ընթացքում պետք է պահպանվի անձնակազմի, քաղաքացիական ծառայողների, բնակչության առողջության ու կյանքի պաշտպանության առաջնահերթության սկզբունքը: Դրա իրագործումը հնարավոր է իրականացնել շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու, սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) կանոնակարգված պահանջների, ՍՌՏ էկոլոգիական անվտանգության նորմերի և պահանջների պահպանման հսկողության, շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքների վերացման միջոցով:
Ռազմական օբյեկտում շրջակա միջավայրը աղտոտող հնարավոր աղբյուրները բավականին շատ են: Դրանցից են «կազմակերպված» աղբյուրները, որ ունեն հատուկ սարքավորումներ աղտոտող նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար (ռեակտիվ շարժիչի ծայրափողակը, ծխատար խողովակը, կոյուղու ելքը, օդափոխիչի խողովակագլխանցքը և այլն): Հատուկ սարքավորումներ չունեցող աղտոտող աղբյուրները կոչվում են «չկազմակերպված»: Դրանք են՝ շինհրապարակները, հրաձգարանները, երկաթգծի կայարանները, դաշտային խողովակաշարերը և այլն: Ըստ ռազմական օբյեկտի գործունեության ռեժիմի` աղտոտման աղբյուրները լինում են անընդհատ գործող (էլեկտրակայաններ, մաքրող կառույցներ), պարբերաբար գործող (տրանսպորտային միջոցներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, հրետանի) և մեկանգամյա (հրթիռներ, ականառումբեր): Բոլոր ռազմական օբյեկտների համար ընդհանուր և առավել բնորոշ են կենցաղային աղտոտման աղբյուրները՝ կաթսայատները, սննդի կետերը, բուժհաստատությունները, բաղնիքները, լվացքատները, ընդհանուր նշանակության տրանսպորտային միջոցները, տեխսպասարկման կետերը, վառելիքաքսուքային միջոցների պահեստները, կենցաղային թափոնների հավաքատեղիները և այլն: Ռազմական օբյեկտների աղտոտման մյուս բոլոր աղբյուրները համարվում են հատուկ աղբյուրներ, որոնք բնորոշ են միայն զինված ուժերի գործունեությանը (ռադիոտեխնիկական միջոցներ, ՍՌՏ համակարգեր, ռազմամթերք և այլն): Ցամաքային զորքերի գործունեության հետ կապված շրջակա միջավայրի աղտոտվածության ամենամեծ բաժինը կազմում են վառելիքի, վառելիքաքսուքային նյութերի և դրանց այրման արդյունքները։ Շրջակա միջավայրի ֆիզիկական աղտոտումը տեղի է ունենում ձայնորսիչ, իոնացնող, էլեկտրաստատիկ, ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր ճառագայթումներով, որոնք ի հայտ են գալիս մարտական գործունեության՝ զենքի փորձարկման, մարտական վարժանքների, սպառազինության ոչնչացման և օգտահանման ժամանակ:
Ռազմական օբյեկտների շինարարության և շահագործման ընթացքում իրականացվում են շրջակա միջավայրի կանխամտածված տարբեր փոփոխություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ռազմական օբյեկտների, անձնակազմի և բնակչության վրա: Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էկոլոգիական գործոնների ազդեցության հետևանքով մեկ երրորդով կարող է նվազել զենքի մարտական կիրառման արդյունավետությունը: Ցամաքային զորքերը, այդ թվում՝ տեխնիկապես հագեցած, կարող են ենթարկվել էկոլոգիական անբարենպաստ այնպիսի գործոնների ներգործությանը, ինչպիսիք են՝ մթնոլորտի էլեկտրաֆիզիկական ցուցանիշների փոփոխությունները, միջավայրի կոռոզիոն ակտիվության և մառախուղի առաջացման հաճախականության մեծացումը, հողերի աղակալումն ու ճահճացումը, ջրավազանների ափերի փլուզումները և այլն:
Ցամաքային զորքերին բնորոշ էկոլոգիական խնդիրներից են.
♦ Մշտական տեղակայման վայրերում ՍՌՏ-ի շահագործման և պահպանման էկոլոգիական անվտանգության ապահովումը: Դրան կարելի է հասնել ՍՌՏ-ի կայանատեղիները, տեխսպասարկման կետերը և վերանորոգող ձեռնարկությունները` ՍՌՏ-ի լրակազմի և նմուշների էկոլոգիական անվտանգությանը վերաբերող ընդհանուր տեխնիկական պահանջներին համապատասխան կահավորելու միջոցով։
♦ Տեխսպասարկման կետերը և վերանորոգող ձեռնարկությունները պետք է ունենան օդափոխության և շարժիչների աշխատած գազերը հեռացնող համակարգեր, մատակարարվող օդի մաքրման համար զտիչներ: Շարժիչները և տաքացնող սարքերը գազը հեռացնող համակարգերին պետք է միանան ճկուն խողովակների միջոցով։
♦ Հսկիչ-տեխնիկական կետում պետք է լինի գազանալիզատոր՝ ներքին այրման շարժիչների աշխատած գազերում ածխածնի օքսիդի պարունակությունը որոշելու համար։
♦ Զրահատանկային և ավտոտրակտորային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման կետերը ջրավազաններից և ջրամբարներից պետք է գտնվեն առնվազն 200 մետր հեռավորության վրա։
♦ Տեխնիկայի մաքրման և լվացման կետերը պետք է հագեցած լինեն ջրամատակարարման կրկնակի համակարգերով՝ գրունտային ջրերի աղտոտումը բացառելու համար։
♦ Դաշտային զուգարանները, աղբանոցները արգելվում է տեղադրել ջրավազաններին և ջրամբարներին մոտ, զառիվայր տեղանքում: Տարածքը լքելուց առաջ զուգարանների մեջ պետք լցվի քլորակիր, գրունտ և ծածկվի ճիմով։
♦ Արգելվում է թրթուրավոր և անվավոր տեխնիկան մաքրել և լվանալ ջրավազանների, ջրամբարների մոտ, անտառածածկ տարածքներում և դաշտերում: Դրա համար խորհուրդ է տրվում օգտագործել համապատասխան հարթակները և պինդ ծածկույթով ճամփեզրերը: Տեխնիկան լվանալուց և մաքրելուց հետո մնացած թափոնները (փալասներ, թղթեր և այլն) անհրաժեշտ է հավաքել և այրել սահմանված կարգով:
Ներկայացվածը ցամաքային զորքերին բնորոշ խնդիրների միայն մի փոքր մասն է: Առանձին խումբ են կազմում օդուժի էկոլոգիական անվտանգության ապահովման խնդիրները:
Ավիացիոն վառելիքի և դրա այրման արդյունքներով շրջակա միջավայրի աղտոտումն ունի որոշակի առանձնահատկություններ: Ավիացիոն կերոսինը մեծ քանակությամբ ցիկլիկ և արոմատիկ միացություններ պարունակելու հետևանքով շատ թունավոր է: Ավիացիոն կերոսինով շրջակա միջավայրը աղտոտվում է թռչող սարքերը լիցքավորելու և վառելիքային համակարգերը սպասարկելու, թռիչքի ընթացքում վթարային իրավիճակների հետևանքով չօգտագործված վառելիքը դատարկելու ժամանակ, ինչպես նաև փոխադրման և պահպանման ընթացքում կորուստների հետևանքով:
Ավիացիոն գազատուրբինային շարժիչները, երբ գործնականում հնարավոր չէ ապահովել այրման նպաստավոր պայմաններ, թռիչքի և վայրէջքի ժամանակ աշխատում են բարձր ծխարձակմամբ: Այդ պատճառով ավիացիոն վառելիքի այրման արդյունքները առավել անբարենպաստ ներգործություն ունեն օդանավակայանների տարածքների և դրանց շրջակայքի վրա:
Ավիացիոն տեխնիկայի օգտագործումը ուղեկցվում է բարձր ինտենսիվությամբ ձայնային և ռադիոալիքներով: Օդանավակայանի և շրջակա տարածքում անընդհատ բարձր աղմուկի առկայությունը բացասաբար է անդրադառնում անձնակազմի, քաղաքացիական ծառայողների և բնակչության վրա: Դրա հետ կապված ավիացիոն տեխնիկային և օդանավակայաններին ներկայացվում են հետևյալ էկոլոգիական պահանջները.
♦ ինքնաթիռների (ուղղաթիռների) թռիչքի և վայրէջքի ցածր բարձրության թռիչքուղիները չպետք է անցնեն բնակավայրերի վրայով,
♦ շարժիչների փորձարկման հարթակները պետք է տեղակայված լինեն այնպես, որ փորձարկման ընթացքում ինքնաթիռի քիթն ուղղված լինի դեպի բնակելի կառույցը,
♦ պետք է կիրառվեն աղմուկը կլանող ստացիոնար և շարժական միջոցներ,
♦ ձայնային ալիքների շարժման ուղղությամբ պետք է ստեղծվեն աղմուկից պաշտպանող ծառերի երկշարք կամ եռաշարք պատնեշներ՝ թփուտների համակցությամբ,
♦ բուժհաստատություններում, դպրոցներում, մանկապարտեզներում և հասարակական այլ կառույցներում պետք է կիրառել ձայնամեկուսիչ նյութեր։
ՀՀ ԶՈՒ գործունեության մեկ այլ տեսակ է զորահավաքային ծավալումը, որը բնութագրվում է կազմավորվող զորամասերի, զորամիավորումների, զորահավաքային, մարտական ներդաշնակման, կենտրոնացման շրջանների, օպերատիվ նախորոշման շրջանների առաջխաղացման երթուղիների շրջակա միջավայրի վրա ինտենսիվ բացասական ազդեցությամբ: Շրջակա միջավայրի վրա բացասական ներգործություն կարող է ունենալ անտառների ոչ պլանային հատումը, բնահողի մաքրումը զինվորական գործունեության կարիքների համար:
Մարտական գործողությունները անխուսափելիորեն ուղեկցվում են բնության և բնակավայրերի ավերմամբ, շրջակա միջավայրի քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ նյութերով և ֆիզիկական ճառագայթներով աղտոտմամբ: Մարտական գործողությունների վարման թատերաբեմում առաջնահերթությունը տրվում է մարտական խնդրի կատարմանը, իսկ շրջակա միջավայրի պահպանության հարցերը մղվում են երկրորդ պլան:
Բազմաթիվ օրինակներ կան, երբ մարտական գործողություններին զուգահեռ իրականացվում է կանխամտածված կամ նպատակաուղղված ներգործություն շրջակա միջավայրի վրա: Օրինակ՝ ամերիկյան զորքերի՝ 1964-1970 թթ. կիրառած մեծ քանակությամբ դեֆոլիանտների (բույսերի տերևաթափը առաջացնող նյութեր) և հերբիցիդների կիրառման հետևանքով ոչնչացվել է Վիետնամի բուսական տարածքների մոտավորապես 50%-ը:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նախնական տվյալներով Արցախի Հանրապետության տարածքում ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառային տարածք: Թշնամու բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև ՀՀ տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև՝ բնության հատուկ պահպանվող տարածքներ: Ադրբեջանի որդեգրած հակաբնապահպանական գործողությունների հետևանքով հրդեհվել են Տավուշի մարզի «Արծվաբերդ» անտառային տնտեսության շուրջ 170 հեկտար և Գորիսի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածքներ: Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի անտառագոտիներին, «Շիկահող» պետական արգելոցի 65 հեկտար տարածքին: Այս պահին առկա տվյալներով՝ ՀՀ և ԱՀ տարածքներում ընդհանուր առմամբ վնասվել է 2000 հեկտարը գերազանցող անտառածածկ և բուսածածկ տարածք: Ռազմական գործողությունների ընթացքում թշնամին կիրառել է նաև ֆոսֆոր պարունակող ռումբեր, որոնց շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դեռևս լիովին ուսումնասիրված չէ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղային մարտական գործողություններից հետո շրջակա միջավայրը աղտոտվում է նավթամթերքով և դրա այրման արդյունքներով, ինչպես նաև տարբեր ձեռնարկությունների խոցման հետևանքով վտանգավոր քիմիական նյութերով։ Դրա հետ կապված այդ տարածքներում մերձգետնյա օդը պարունակում է այնպիսի վտանգավոր քիմիական նյութեր, ինչպիսիք են՝ բենզապիրենը, դիօքսինը, ծծմբի, ածխածնի, ազոտի օքսիդները, ինչպես նաև ծանր մետաղներ՝ վանադիում, ցինկ, կապար, կադմիում և այլն: Այդպիսի տարածքներում առանց անհատական պաշտպանական միջոցների երկար ժամանակով տեղակայվելը լուրջ վնասներ կարող է հասցնել անձնակազմի առողջությանը:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ԶՈՒ էկոլոգիական ավտանգության ապահովման հիմնախնդիրներն են`
- ԶՈՒ էկոլոգիական անվտանգության ապահովման տեսական հիմքերի ձևավորումը,
- զորքերի (ուժերի) էկոլոգիական անվտանգության ապահովման, էկոլոգիական վնասակար գործոններից պաշտպանվելու, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման բնագավառներում նորմատիվային, իրավական և մեթոդական հիմքերի մշակումը,
- ԶՈՒ էկոլոգիական անվտանգության ապահովումն ու շրջակա միջավայրի պահպանությունը, զորքերի (ուժերի) գործունեության ընթացքում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու շրջակա միջավայրի պահպանությունը,
- զորքերի (ուժերի) մարտունակության վրա մարտական գործողությունների էկոլոգիական հետևանքների ազդեցությունը նվազեցնելու մեթոդների և միջոցների մշակումը,
- ԶՈՒ էկոլոգիական անվտանգության ապահովման համար արդյունավետ միջոցների, ռազմական նշանակության նոր տեխնոլոգիաների և մեթոդների մշակումը,
- զորքերի (ուժերի) մարտունակության վրա էկոլոգիական վտանգավոր գործոնների ազդեցության հետազոտումը, նրանցից պաշտպանվելու մեթոդների և միջոցների մշակումը,
- ԶՈՒ օբյեկտներում տեխնածին վթարների և բնական աղետների էկոլոգիական հետևանքների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,
- ԶՈՒ անձնակազմի էկոլոգիական ուսուցանումը և դաստիարակումը, էկոլոգիական մշակույթի ձևավորումը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ավագ սպա,
կապիտան
Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական