Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՐԴԱՎԱՆՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ԲԵՐԴԱՎԱՆՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԸԳՐԻՇԸ

Գրիշա Ազատյանը ծնվել ու հասակ է առել Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: 2019 թ. հուլիսի 10-ին զորակոչվել է: Նախ ծառայել է ուսումնական զորամասում, իսկ ուսումնական փուլի ավարտից հետո, ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում, ծառայության է անցել սահմանամերձ զորամասերից մեկում՝ զբաղեցնելով մարտական դիրքի ականանետային հաշվարկի հրամանատարի պաշտոնը:

-Որդուս ծառայության 2 ամիսը դեռ չէր բոլորել, երբ նրա և 5 ծառայակից ընկերների լուսանկարները՝ որպես լավագույն մարզիկներ, փակցվեցին զորամասի պատվո տախտակին: Շատ ոգևորված էր ծառայությամբ և սիրով ու նվիրումով էր ծառայում,- պատմում է հայրը՝ Գագիկը:

-Գրիշը աչքի էր ընկնում աշխատասիրությամբ և ուսման հանդեպ բացառիկ սիրով: Մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելը մեզ համար իսկական գլխացավանք էր, իսկ նրա համար ոնց որ մի կում ջուր խմել լիներ, և նա միշտ օգնում էր դասարանցիներին այդ հարցում։ Երբեմն փորձում էինք դասերից փախչել, Գրիշը հորդորում էր չգնալ նման քայլի, անիմաստ բաներով չզբաղվել… Եվ մենք լսում էինք մեր ընկերոջը,- հիշում է մանկության ընկերն ու համադասարանցին՝ Էրիկ Նավասարդյանը:

-Գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքների գլխավոր կազմակերպիչն էր մեր Գրիշը: Եթե որևէ մեկիս հողամասում գործ էր լինում, Գրիշն էլի առաջինն էր։ Ծառայության մեկնելուց առաջ Գրիշն ասաց. «Մեր պապերը մեզ ավանդել են այս սուրբ հողն ու ջուրը, եւ մեր պարտքն է այն պահպանել ու պաշտպանել ամեն գնով: Գնանք պաշտպանենք մեր սուրբ հողը»: Երբ զանգում էր, առաջին հարցը, որ տալիս էր, գյուղի մասին էր, գյուղի անցուդարձով էր հետաքրքրվում, նույնիսկ վերջին մարտերի ժամանակ: Այսպիսին էր Գրիշը,- ընկերոջ խոսքն է շարունակում մանկության մյուս ընկերը՝ Ռևազյան Սամվելը:

-Սեպտեմբերի 27-ին, երբ լսվեցին կրակոցներ, մտածեցինք, թե սովորական կրակոցներն են: Սակայն, երբ դրանք գնալով ավելի ուժգնացան, մենք սկզբում որոշեցինք պատսպարվել, հետո որոշել մեր անելիքը: Գրիշը կարծես կարդաց մեր միտքը և ասաց. «2016 թվականին, երբ գնդակոծում էին մեր գյուղը, համագյուղացիներով մեկ մարդու նման ոտքի ելանք: Հիմա էլ այստեղ պետք է մի մարդու նման կռվենք թշնամու դեմ»,- հիշում են համածառայակից ընկերները՝ վանաձորցի Ջոն Մուրադյանն ու վարդենիսցի Կոլյա Ղուկասյանը:

-Սեպտեմբերի 30-ին, կեսօրին մոտ, զանգահարում է մորը և հետաքրքրվում, թե արդյոք գյուղի ուղղությամբ թշնամին չի՞ կրակում: Եվ երբ մայրը պատասխանում է, որ ամեն ինչ խաղաղ է, մի՛ անհանգստացիր, նա էլ իր հերթին մորն է հանգստացնում. «Մա՛մ ջան, էստեղ էլ ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք»,- հիշում է հայրը:

…Վերջերս մերօրյա հերոսը դարձավ 20 տարեկան:

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջարկով գյուղի մշակույթի տունը կազմակերպեց հիշատակի միջոցառում՝ նվիրված մերօրյա հերոսին: Միջոցառումը սկսվեց հերոսի շիրիմին այցելությամբ, որտեղ էլ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, ծաղիկների խոնարհում և խնկարկում:

– Հազարների ու հարյուր հազարների մեջ նրանք եզակի են ու սերունդների, մարդկանց ներշնչումի մեջ են մնալու: Գրիշան և իր ընկերները՝ Արմանն ու Մհերը, այդ պատվի ու արժանապատվության մեծագույն կրողն են: Մեր խոնարհումը մերօրյա հերոսների ընտանիքներին,- միջոցառման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

– Բերդավանցին ի ծնե ռազմիկ է, զինվոր: Ես հպարտ եմ, որ եղել եմ Գրիշա Ազատյանի ուսուցիչը, ես հպարտությամբ եմ կրում մեր հերոս աշակերտների ուսուցիչը լինելու պատիվը, քանզի նրանք մեզ համար, Հայրենիքի համար զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Նրանք այդպես վարվեցին, որպեսզի մյուսներն ապրեն:

Մեր բոլոր հերոս զինվորները հավերժ ապրելու են, քանի որ հավերժ ապրելու է մեր ժողովուրդը: Հավերժ փառք մեր հերոսներին՝ Գրիշային, նրա հետ հերոսացած դասընկերներին՝ Արման Աթաբեկյանին ու Մհեր Զոհրաբյանին, որոնք բարձր պահեցին հայ զինվորի պատիվը, մեր գյուղի՝ Բերդավանի պատիվը, բոլորիս պատիվը: Անպարտ է հայ զինվորը և այն ոգին, որ նստած է նրանց մեջ,- մեզ հետ զրույցում ասաց հերոսի ուսուցիչը ` Ժորա Նիազյանը:

 

ԲԵՐԴԱՎԱՆՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԸՄՀԵՐԸ

Մհեր Զուրաբյանը ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 30-ին։ Հաճախել է Բերդավանի միջնակարգ դպրոցը։ Սկզբում ծառայել է ուսումնական զորամասերից մեկում, իսկ ուսումնական փուլն ավարտելուց հետո տեղափոխվել է սահմանամերձ զորամաս։ Ի դեպ, Մհերը թեքվանդո մարզաձևից սև գոտի է ունեցել։

-Անչափ հպարտ եմ, որ մերօրյա  հերոսներից մեկի՝ Մհեր Զուրաբյանի հայրն եմ: Շատ եմ ցանկանում, որ որդուս  զինակից ընկերները առողջ և ուժեղ լինեն և մեր հերոսների կիսատ թողած գործը արժանապատվորեն հասցնեն հաղթանակած հանգրվանի,- ասում է Մհերի հայրը՝ Վլադիմիրը:

Էրիկ Նավասարդյան, մանկության ընկերը.

-Մհերի հետ սովորել ենք նույն դպրոցի զուգահեռ դասարաններում և եղել ենք մտերիմ ընկերներ։ Նույնիսկ կարող եմ ասել, որ այդ ընկերությունը նախանձելի էր։ Մհերը Երևանում խոհարարական դասընթացների էր հաճախում և ամեն անգամ գյուղ գալիս անպայման նոր ճաշատեսակ էր պատրաստում տանը, իսկ մենք համտեսում ու գնահատում էինք։ Բառերով շատ դժվար է նկարագրել իր մարդկային տեսակը…

Մեր գյուղում ավանդույթ կա, որը նաև դարձել էր մեր ընկերների ավանդույթը. Վարդավառի տոնին մի քանի օրով գնում էինք սարերը՝ նշելու և հանգստանալու։ 6-7 ընկերներով գնում էինք ու կտրվում աշխարհից, հեռախոսից ու ինտերնետից։ Սարերում են մեր ընկերության ամենալավ հիշողություները։ Գիշերները, երբ նստում էինք խարույկի շուրջ ու սկսում խոսել, թվում էր՝ նորովի ենք իրար բացահայտում, խոսում էինք ամեն ինչից՝ երազանքներից, նպատակներից։ Մհերի, Արմանի և Գրիշայի ֆիզիկական բացակայությունն ընդհատեց մեր ընկերության ամբողջականությունը։ Նրա նման ընկերասեր ու մարդկային արժեքներ կրող մարդիկ շատ են պետք այս աշխարհին… Մեզ մնում է միայն ամբողջ կյանքում բարձր պահել մեր զոհված ընկերների հիշատակն ու պատիվը։

Սերգեյ Ղուշչյան, մանկության ընկերը.

-Մհերի հայրենասիրության ու ընկերասիրության ապացույցն իր այս քայլն էր՝ մինչև վերջին վայրկյանը մնալ դիրքում, ապահովել ընկերների նահանջը…

Մհերը շատ ուժեղ մարդ էր թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես: Նրա ծառայակից ընկերները՝ Ենոյան Նարեկը, Եսայան Ռաֆայելը, Խաչատրյան Հունանը և Տոնապետյան Նվերը (վերջինս եղել է անմիջապես Մհերի մոտ), պատմում են, որ պատերազմի ժամանակ եղել է դիրքերում և զինակից ընկերների հետ կենաց մահու կռիվ է տվել նենգ թշնամու դեմ։ Զինակից ընկերներով քաջաբար պաշտպանել են իրենց վստահված դիրքը: Եվ երբ հրաման են ստացել՝ հետ գրավել թշնամուն անցած դիրքը և ամեն գնով պահել այն, որպեսզի թշնամին չկարողանա մտնել Մատաղիս, Արթուր Աղասյանի հրամանատարությամբ գրավելով դիրքը՝ այն պահել են 5 ժամ: Զոհվել է նաև քաջ հրամանատար Արթուր Աղասյանը։ Մհեր Զուրաբյանը ժամեր շարունակ կրակել է՝ ապահովելով զինակից ընկերների և վիրավորների տարհանումը, անտեսելով ընկերների կոչերը՝ հեռանալ իրենց հետ։ Զինակից ընկերների նահանջը ապահովելու ժամանակ էլ՝ հոկտեմբերի 2-ին, Թալիշի դիրքում հերոսաբար զոհվել է ընկերս՝ Մհեր Զուրաբյանը։

Հերոս հայորդու մարմինը հայկական կողմին է հանձնվել նոյեմբերի 21-ին՝ «Կարմիր խաչի» միջոցով։

 

ԲԵՐԴԱՎԱՆՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԸԱՐՄԱՆԸ

Արման Աթաբեկյանը ծնվել է 2001 թ. օգոստոսի 28-ին: 2019 թ. զորակոչվել է և ծառայության անցել սահմանամերձ զորամասերից մեկում: Պատերազմի օրերին ոտքից վիրավորվել է, սակայն ընտանիքի անդամներին վստահեցրել է, որ լուրջ ոչինչ չկա։ Բժիշկներին ցույց է տվել, որ կարողանում է քայլել ու խնդրել է, որ իրեն կրկին ուղարկեն առաջնագիծ:

-Ընկերներս կռվում են, ես չեմ կարող նրանց մենակ թողնել, հանգիստ պառկել հոսպիտալում,- բժշկին է դիմել Արմանը։

Մատաղիսի մարտական դիրքը պաշտպանելու ժամանակ էլ հերոսաբար զոհվում է նաեւ Արմանը…

Սանասար Աթաբեկյան, հայրը.

-Արմանս անչափ բարի, համեստ, ազնիվ, արդարամիտ տղա էր։ Սիրում էր կյանքը, մարդկանց…։ Բոլորը սիրում էին Արմանիս։ Եվ այսօր բոլորը մեծ ցավ են ապրում Հայրենիքի համար զոհված որդուս համար…

Նաիրա Գաբոյան, մայրը.

-Աչքի էր ընկնում կոկիկությամբ, համեստությամբ և ընկերասիրությամբ։ Արմանս անգամ ոտքից վիրավոր չփորձեց խուսափել ծառայությունից, այլ ընդհակառակը՝ ցանկություն հայտնեց մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Հայրենիքը, լինելու ընկերների կողքին:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք հետևյալ գրառումը. «Արման Աթաբեկյանը շարունակում է ապրել յուրաքանչյուրիս սրտում։ Պարտական ենք քեզ, խոնարհվում ենք քո առաջ…»:

Իսկ Բերդավան գյուղի դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչ էլ պատահի, մենք ապրելու ենք մեր հողի վրա…Արման ջան, ապրելու ենք քո, Մհերի, Գրիշայի անձնազոհության շնորհիվ:

Համեստ, աշխատասեր, լռակյաց ու ընկերասեր Արման ջան, դու միացար այն հերոսներին, ովքեր անձնուրաց կռիվ մղեցին ու զոհվեցին հանուն Հայրենիքի, հանուն մեզ։ Դու անմահացար, դու հերոսացար, մեր հերոս տղա…»։

Ժորա Նիազյան, ուսուցիչը.

-Մի դեպք եմ ուզում պատմել Արմանի կյանքից: Տղաների ծառայության անցնելու ժամանակ Արմանին տեղափոխում են ուրիշ ստորաբաժանում: Նա վերադաս հրամանատարությանը խնդրում է, որ իրեն տեղափոխեն ընկերների ստորաբաժանում: Հրամանատարությունը չի մերժում նրա խնդրանքը, և նրան տեղափոխում են այն վաշտը, որտեղ Մհերն ու Գրիշան են ծառայում: Անբաժան էին կյանքում, անբաժան էին պատերազմի ժամանակ, անբաժան են և այսօր…

Պատմում է քույրը՝ Ժաննան.

-Երազում էր ծառայել Թալիշում, Մատաղիսում, և այդպես էլ եղավ։ Ամեն ինչ լավ էր, Արմանը գոհ էր։ Հունվարի 25-ին զինվորական երդման արարողությունն էր։ Մենք գնացինք Արցախ։ Լավ հուշեր մնացին։

…Սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 28-ին զանգեց. անհանգստանում էր մեզ համար, քանի որ մենք էլ ենք սահմանին մոտ ապրում։ Իմանալով, որ ամեն ինչ կարգին է, հանգստացավ։ Երբ հայրս հարցրեց, թե իրավիճակը ոնց է, Արմանը պատասխանեց. «Պա՛պ, դու ոնց գիտես»։

Մատաղիսում և Թալիշում էին ծառայում նաև իր դասընկերները՝ Մհերն ու Գրիշան, որոնք մի քանի օր առաջ զոհվել էին։ «Ես լուծելու եմ ընկերներիս վրեժը»,- ասել է եղբայրս: Ես համոզված եմ՝ եղբայրս լուծեց թե՛ դասընկերների և թե՛ զինակից ընկերների վրեժը, և ինչ-որ մեկն էլ իմ եղբորս վրեժը լուծեց: Ասում են՝ տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի, երեխա ունենա: Իմ եղբայրը հասցրեց միայն ծառ տնկել… Արմանը իր Հայրենիքը վեր դասեց ամեն ինչից։ Հոկտեմբերի 30-ին դիտեցինք BBC-ի՝ «Պատերազմը մտել է բոլորի ընտանիքը» ֆիլմը, որտեղ և տեսանք եղբորս՝ իր զինակից ընկերների հետ։ Հիմա նրանք մեր գյուղի «Եռաբլուրում» են, միասին, կողք կողքի, անբաժան…

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


25/03/2021