ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՍԱՐՈՆ
Սարոն դեռ պատանի էր, երբ առաջին անգամ նրան հանդիպեցի իրենց գյուղում՝ Շրվականում։ Հոչանց գետի աջափնյա լանջերին է Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի գյուղական համայնքի կազմում գտնվող Շրվականը, որտեղ Սիսիանի Աղիտու գյուղից 1999 թ. բնակություն հաստատեց Միքայել Թունյանի ընտանիքը՝ նորածին առաջնեկ Սարո որդու հետ։
Սարոն ընդամենը իրենից մեկ տարի փոքր Հարություն եղբոր հետ հասակ առավ այստեղ, իսկ փոքր եղբայրը՝ Սարգիսը, դեռ 10 տարեկան է ու մեծանալու է հերոս եղբայրների ոգով։ 1993 թ. ազատագրվեց պատմական Քաշաթաղ գավառի Հոչանց և Աղավնո գետերի ավազանը, որտեղ դարեր շարունակ հայն էր ապրել։ Ազատագրումից շատ չանցած՝ կայացավ այս տարածքի վերահայացումը՝ ՀՀ տարբեր վայրերից, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից բռնի տեղահանված ընտանիքներով։
Վերահայացած հայրենիքում այլ ոգով էին հասակ առնում երեխաները, կրթություն առնում։ Մեծ դպրոց էր նաև հայրենի բնաշխարհը՝ անտառապատ սար ու ձորեր, հորդառատ գետեր, շառաչուն ջրվեժներ։ Եվ նույն բնաշխարհում շատ էին հայկական պատմամշակութային հուշարձանները, որոնց մի մասը նորովի հայտնաբերել էին այստեղ հասակ առած երեխաները։
Շրվականը հանրակրթական դպրոց չուներ, ուստի երեխաները ուսում էին ստանում 7 կմ հեռու գտնվող Լեռնահովիտում։ Մեքենայով էին դպրոց հաճախում Շրվական և Սպիտակաջուր գյուղերի աշակերտներն ու ուսուցիչները։ Դժվար էր ճանապարհը, իսկ ձմռանը՝ հաճախ անանցանելի։ Սակայն դասերը միշտ ընթանում էին։ Երբեմն էլ ձիով կամ ոտքով էին աշակերտները դպրոց հասնում։ Իսկ դպրոցն էլ հին էր ու ոչ հարմարավետ։ Սարոն դեռ աշակերտ էր, երբ սկսեցին հիմնանորոգել Լեռնահովիտում գործող համայնքային դպրոցը։ Ընկերների հետ շատ էր օգնում շինարարներին, մեծ էր երեխաների ցանկությունը՝ սովորել բարեկարգ դպրոցում։ Ու մեծ խանդավառությամբ դպրոցականները, նաև Սարոն ու Հարութը, մասնակցեցին դպրոցի բացման տոնական միջոցառմանը։
Դպրոցն ավարտելուց հետո եկավ տղերքի՝ Հայրենիքին ծառայելու ժամանակը:
Երկու տարի առաջ Սարոյի Հարություն եղբայրը հոր՝ Միքայելի հետ Բերձորում էր՝ շրջանային զինկոմիսարիատում։ Ինձ համար միշտ էլ հաճելի էր՝ լուսաբանել տղերքի զորակոչը, զրուցել նրանց հետ, իմանալ ծնողների ու հարազատների վերաբերմունքը բանակային ծառայության նկատմամբ. բոլորի համար մեծ հպարտություն էր հայրենիքի զինվորի ծնող, եղբայր ու քույր դառնալը։ Հարությունի մասին գրել էի. «Շրջանի հյուսիսարևելյան ամենահեռավոր Լեռնահովիտի գյուղական համայնքի Շրվական գյուղից է Հարություն Թունյանը: Եկել է հոր՝ Միքայելի, համայնքի ղեկավարի, ընկերոջ ուղեկցությամբ: Ավագ եղբայր Սարոն արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում: Հարությունը ցանկություն է հայտնել ծառայելու եղբոր հետ: Տրամադրությունը բարձր է»։
Սարոն վեց ամիս դիպուկահարի ուսումնական դասընթացներ էր անցել զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել էր և ծառայության անցել «Մարտունի-2» զորամասում։ Լավ ծառայության համար արժանացել էր «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալական նամակներով, ստացել սերժանտի կոչում։ Ահա եղբոր հետ նույն զորամասում ծառայելու մեկնեց նաև Հարությունը։
2020 թ. սկզբին զորացրվեց Սարոն, տուն եկավ և դարձյալ իր հայրենի բնաշխարհում էր՝ թիկունք հորը՝ շենացնելու հայրենի տունը։ Սակայն երկար չտևեց խաղաղ կյանքն Արցախում… 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ երեկոյան, Բերձորից՝ շրջանային զինկոմիսարիատից առաջին պահեստազորայիններն ու կամավորականները մեկնեցին։ Շուտով առաջնագծում կռվող եղբորը՝ Հարութին հասավ Սարոն՝ հորեղբոր որդու՝ Նարեկի հետ։ Ու արդեն որպես փորձառու դիպուկահար, իր գործն էր կատարում։ Հորեղբայրը՝ Մասիսը, հիշում է. «Մեկ-մեկ հեռախոսով կապվում էի տղերքի հետ, Սարոն ասում էր՝ կգամ, կպատմեմ՝ ինչքան թուրք եմ սատկացրել»։ Մոտ 1 ամիս քաջաբար կռվում էր Սարոն ու պաշտպանում հայրենիքը։ Իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին, առավել թեժ մարտերի էր մասնակցել և լիովին կատարելով առաջադրանքը՝ ինքն իրեն նվեր էր արել… Հոկտեմբերի 26-ը ճակատագրական եղավ քաջի համար, շատ մոտիկ պայթեց թշնամու նռնականետից արձակած արկը ու… զոհվեց Սարոն։ Նույն օրը ծանր վիրավորվեց նաև եղբայրը՝ Հարությունը։ Այդ օրերին եղբայրներն իրար չեն հանդիպել, չնայած կռվել են նույն ճակատներում: Ծանր վիրավորում ստացած Հարությունը բուժվեց։ Այժմ Սիսիանի տարածաշրջանի Աղիտու գյուղում է։ Մոտ օրերս գալու է Երևան՝ բուժման նպատակով։ Զրույցի ընթացքում ցավով նշեց, որ մարտադաշտում չհանդիպեց հերոս եղբորը, չնայած նույն տարածքում էին։
Այսօր դատարկվել են Սարոյի ու Հարությունի Շրվականը, մոտակա անտառներն ու ձորերը, թուրքին մնացին նրանց մանկության հայրենիքն ու ձորապռնկի տունը՝ փոքրիկ ջրավազանով…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #12 (1383) 31.03.2021 - 6.04.2021, Ճակատագրեր