ՇՈՒՇԻ
Դու ճերմակ շուշան ես եղել,
Խավարի հորդաները խուժած՝
Քեզ բերել են կսկիծ ու ավեր…
Գահավեժ սրտերի սոսկումից
Ապշահար՝ քո կիրճն է դողացել…
Բայց վսեմ մարմինդ ծվատած
Ոչ մի հողմ քո ոգին չի կոտրել…
…Շողերիդ նետերով զինավառ՝
Սուրացին զավակները Լույսի,
Արթնացավ առասպելը Հայկյան
Նոր Բելին հաղթելու մասին…
Բյուր ձեռքեր պոկեցին քեզ հրից,
Սրտերի մեջ իրենց քեզ առան,
Որպէս սուրբ շողակն փրկեցին,
Պարզեցին Արեւի դիմաց…
Ճաճանչի՛ր, շողշողա՛, նշուլի՛ր,
Արձակի՜ր շառավիղ ու շառայլ,
Դու խորհուրդ ու նշան, իմ Շուշի,
Մեր Ոգու քանդակած երազ…
Լուսաբաղձ մեր երթի ուղեկից,
Ուղեցո՛ւյց եղիր մեզ, ապավե՛ն,
Եվ հսկի՛ր մեր Ուխտի բարձունքից
Մեր ընթացքը՝ միշտ դեպի Վեր…
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
Խորագիր՝ #12 (1383) 31.03.2021 - 6.04.2021, Հոգևոր-մշակութային