Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՉՔԵՐ ՈՒՆԻ



Պատերազմի առաջին օրից էր արցախցի լուսանկարիչ, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Ղահրամանյանն աշխարհին ներկայացնում ստեղծված իրավիճակը, հակառակորդի ավերած շենքերը։ Նրա լուսանկարներից անպակաս են քաջարի զինվորները, կամավորագրված հայորդիներն ու Արցախի խաղաղ բնակչությունը։

-Երբ ինձ ասում են` շատ լավ լուսանկարներ ես արել, ասում եմ` երանի այդ լուսանկարները երջանկության մասին լինեին, խաղաղ կյանքի մասին,- անկեղծանում է Դավիթը։ -Իմ ներաշխարհում շատ բան էր փոխվել, լինում էին դեպքեր, երբ քայլում էի դատարկ քաղաքով եւ ինչ շենքի նայում էի, թվում էր, թե ավերված է… Դա սարսափելի էր…

Առաջին օրը, երբ սկսվեց ամեն ինչ, առավոտյան առանց վարանելու իրերս հավաքեցի եւ գնացի կամավորագրվելու, սակայն, այնպես ստացվեց, որ այս անգամ իմ կռիվը լուսանկարչական ապարատի միջոցով պետք է լիներ։

Ապրիլի սկզբին Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ Դավիթ Ղահրամանյանի «Պատերազմի աչքերը» ցուցահանդեսի բացումը։

Լուսանկարիչը ցուցադրության էր ներկայացրել 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ արված լուսանկարները։

Ընդհանուր առմամբ ներկայացվել էին շուրջ 100 լուսանկարներ՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել էին թեժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաև թիկունքը՝ ավերված քաղաքներ, ծննդատուն, հիվանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ:

-Այս լուսանկարներից յուրաքանչյուրը պատմություն է՝ մեր ապրած ու չապրած օրերի, մեր կորուստների, ցավի, սպասումի եւ միաժամանակ՝ ապրելու վճռականության մասին: Այս լուսանկարները մեծ ասելիք ունեն մեզ ու աշխարհին,- հանդիսության ժամանակ նշեց Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն, երիտասարդ գրող Հերմինե Ավագյանը:

Մեզ հետ զրույցում Դավիթն ասաց, որ արտերկրում լուսանկարները ցուցադրելու նպատակ ունի. առայժմ ֆինանսական միջոցներ չկան։ Լուսանկարները վաճառելու առաջարկներ են եղել, մերժել է։ Պատճառն այն է, որ լուսանկարների թեման պատերազմն է, ոչ թե խաղաղությունը…

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները` ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Բանակ և հասարակություն


15/04/2021