Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ



Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային անվտանգության աջակցման գործողություններին մասնակցելու նպատակով Հայաստանի զինված ուժերի զորախումբը՝ 81 զինծառայող, նոյեմբերի 21-ին գործուղվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղից էլ դեկտեմբերի 16-ին վեցամսյա ժամկետով կգործուղվի Աֆղանստանի Մազարի Շարիֆ ռազմակայան:

«Զորախումբը Գերմանիայում անցնելու է մեկամսյա մշտական տեղակայման վարժանքներ, ծանոթանալու է առաքելության թատերաբեմի պայմաններին: Առաջին շաբաթը հատկացվելու է հանդերձավորմանը, կապի եւ տրանսպորտային միջոցներին ծանոթացմանը, այնուհետեւ անցնելու ենք վարժանքներ, որոնք կամփոփվեն երկօրյա զորավարժություններով: Զինծառայողները կստանան համապատասխան որակավորում, եւ զորախումբը կմեկնի Մազարի Շարիֆ ռազմակայան: Բացառում եմ, որ զինծառայողներից որեւէ մեկը չստանա որակավորման սերտիֆիկատ, քանի որ մեր զինծառայողները մարտունակ են եւ պատրաստ` կատարելու ցանկացած առաջադրանք»,-ասաց զորախմբի հրամանատար փոխգնդապետ Ա.Տոնոյանը:

Մազարի Շարիֆ ռազմակայանում հայ խաղաղապահները իրենց պարտականությունները կկատարեն գերմանական ղեկավարության ներքո: Հայկական համակազմը պատասխանատու է լինելու զինավանի եւ հսկիչ անցագրային կետի անվտանգության ապահովման համար. «Ավելանալու է նաեւ «սկաների» ծառայությունը, ինչը ենթադրում է վերահսկողություն զինավան մուտք գործող մեքենաների նկատմամբ, որպեսզի կանխվի պայթուցիկ նյութերի, ալկոհոլի, թմրանյութերի, ինքնաշեն պայթուցիկ սարքերի եւ նմանատիպ արգելված միջոցների մուտքը զինավան: Հաշվի առնելով Աֆղանստանում հայ զինծառայողների մատուցած ծառայությունների եւ առաջադրված խնդիրների կատարման պրոֆեսիոնալ մակարդակը` գերմանական կողմը այդ սարքի կիրառումը վստահել է հայ խաղաղապահներին»,-ասաց փոխգնդապետ Տոնոյանը եւ ավելացրեց, որ զորախմբում ընդգրկված են վերադաս հրամանատարության անցկացրած ամփոփչ քննությունների, դաշտային ելքերի եւ մասնագիտական հավաքների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները. «Նրանք երկու ամիս իրականացվելիք առաքելության ծրագրին մոտ մարտական պատրաստություն են անցել՝ անձի խուզարկում, մեքենայի զննում, դիտորդի պարտականությունների ուսումնասիրում. պատշաճ նախապատրաստված են»:

Ա. Տոնոյանը երկրորդ անգամ է մեկնում Աֆղանստան, ասում է՝ խաղապահի առաքելություն կատարելիս պետք է միշտ առաջնորդվել կոնկրետ իրավիճակով, ոչ թե զգացմունքներով: Զգացմունքները, թերեւս, արտահայտվում են միայն ծնողներին, հարազատներին հրաժեշտ տալու պահին. «Ինձ տանը կսպասեն կինս, որդիս եւ դուստրս: Սպայի կին լինելը պատվաբեր, բայց դժվար առաքելություն է»,-ասում է փորձառու զինվորականը:

Աֆղանստան մեկնող զորախմբի առաջին դասակի առաջին ջոկի սանիտար-հրաձիգ կրտսեր սերժանտ Գոռ Կարապետյանին էլ տանը կսպասեն ծնողները, որոնք էլ հորդորել են նրան ուշադիր լինել. «Առաջին անգամ եմ մեկնում խաղաղապահ առաքելության, թեեւ արդեն չորս տարի է, ինչ ծառայում եմ: Ինձ տրվող առաջադրանքները կկատարեմ մեծ պատվախնդրությամբ: Մեր հաջողությունը պայմանավորում եմ մեկնող անձնակազմի բարոյահոգեբանական եւ մասնագիտական պատրաստությամբ, որը, վստահեցնում եմ, գերազանց մակարդակի է»:

Աֆղանստան մեկնող զորախմբի երկրորդ դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ Գեւորգ Խունոյանն էլ մեկ տարուց ավելի ծառայում է զորամասում: Նրա նույնպես առաջին առաքելությունն է. «Ոգեւորված եմ, որ ինձ վստահել են նման պատասխանատու գործ: Ես հասկանում եմ, որ ներկայացնում եմ մեր պետությունը եւ պատասխանատվությունս կրկնապատկվում է: Մեր հրամանատարության փորձը մեզ վստահություն է ներշնչում: Համոզված եմ, որ բազմազգ գործողություններին մեր մասնակցությունը արդյունավետ կլինի, կծանոթանանք նաեւ արեւմտյան երկրների մարտավարությանն ու ռազմական նորամուծություններին»:

Զորախմբի կազմում ընդգրկված են հրաձիգներ, հրաձիգ-վարորդներ, սակրավորներ, հրաձիգ-սանիտարներ, զորախումբն ունի նաեւ բժիշկ՝ բուժծառայության պետ կապիտան Ա. Ղազարյանն է: Նա գերազանց գնահատեց հայ խաղաղապահների առողջական վիճակը. «Զինծառայողները ուժեղացված բժշկական հետազոտություն են անցել ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում: Նրանց զննել են նյարդաբանը, սրտաբանը, թերապեւտը, էնդոկրինոլոգը, մաշկաբանը, վիրաբույժը, խաղապահները հանձնել են արյան ընդհանուր եւ բիոքիմիական անալիզներ, անցել են էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն եւ գործնականում ճանաչվել առողջ»: Զինծառայողները նաեւ պատվաստվել են տվյալ տարածաշրջանում նախապես ճշտված վարակների դեմ, ինչպիսիք են կարմրուկը, հեպատիտ A, հեպատիտ B, կարմրախտը եւ այլն: Ռազմաբազայում կապիտան Ղազարյանը մասնակցելու է տեղակայված հոսպիտալի աշխատանքներին:

…«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարում Գերմանիայի ռազմաօդային ուժերի ռազմափոխադրական ինքնաթիռը: Հրամանատարությունը խաղաղապահներին հաջողություն է բարեմաղթում եւ ճանապարհում` հավատով, որ խաղաղապահների ծառայությունը անփորձանք կանցնի:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ազգային բանակ


30/11/2011