ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ…
…Ապրում էին Ստեփանակերտում, սովորում նույն դպրոցի զուգահեռ դասարաններում, ամեն օր հանդիպում, բայց մտերմացան միայն հասուն տարիքում. մտերմացան ու զգացին՝ այլևս չեն բաժանվելու ….
-Հեշտ եղավ մեր մտերմությունը, միանգամից զգացի՝ Արտյոմի հետ եմ կյանքս կապելու,- պատմում է Անին,- ի վերուստ գիտեի՝ այդ մարդուն մերժել չեմ կարող. կարծես՝ Աստծո կամոք էր ամեն ինչ:
Արտյոմ Արեգի Ավագյանը կարմիր դիպլոմով ավարտել էր Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը և ուսումը շարունակում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի մագիստրատուրայի իրավագիտության բաժնում: Անի Վիրաբյանը ԱրՊՀ ուսանողուհի էր: 2019 թ. ապրիլին կայացավ նրանց նշանադրությունը, որոշվեց հարսանիքի օրը՝ 2020 թ. հուլիսի 26-ին: Սակայն ճակատագիրը նրանց համար այլ բան էր նախապատրաստել, և կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց Անիի ու Արտյոմի հարսանիքը: Արտյոմն աշխատում էր «Արցախէներգո» ընկերությունում, զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով:
Նորից հիշողությունների գիրկն է ընկնում Անին.
-Պատերազմի նախորդ օրը երեկոյան մեր տանն էր, տորթ հյուրասիրեցի, չնայած շատակեր չէր, բայց երկրորդ կտորն ուզեց։ Տուն գնալուց նրա ճկույթին դրեցի մեր նշանի մատանին ու խնդրեցի փոխանցել իր մայրիկին. պետք է ուղարկեր ոսկերչի մոտ՝ մաքրելու և փայլեցնելու։ Երկար հիացած նայում էր մատանուն…. Ճանապարհեցի ու երկար կանգնած նայում էի հեռացող մեքենայի հետևից, սիրտս կտոր-կտոր էր լինում՝ նշանադրությունից հետո առաջին անգամ մատանին հանել էի մատիցս: Շատ չանցած՝ զանգահարեցի, որ զրուցենք, բայց ասաց՝ հոգնած է, առավոտյան շատ անելիք ունի ու խնդրեց առավոտյան զրուցենք: Սակայն առավոտյան Արցախի Հանրապետությունն արթնացավ տագնապով, վախով ու ցավով…. Բացվող առավոտը 2020 թ. սեպտեմբերի 27-ն էր, Արցախի երկնքից արևի շողերի փոխարեն թշնամին կրակ ու արճիճ էր թափում…. Պատերազմ էր… Պատերազմ, որը սպառնում էր մեր տարածքային ամբողջականությանը, մեր երեխաների անհոգ մանկությանը և ի վերջո՝ մեր գոյությանը… Պատերազմ, որ ահել-ջահելի ստիպեց րոպե առաջ լինել առաջնագծում, կանգնել զինվորի կողքին: Պահեստազորայինների ու կամավորների հետ ընդամենը ժամեր անց Արտյոմն արդեն առաջնագծում էր:
-Առավոտյան շուտ եկավ մեր տուն և հայրիկիս մեքենայով հասցրեց աշխատանքի, իսկ այնտեղից շտապեց կամավորագրվելու։ Իհարկե, շատ տխրեցի, բայց գիտակցում էի՝ պատերազմ է, և որպես արժանապատիվ հայորդի՝ իր պարտքն է կատարում: Գիտակցում էի, որ յուրաքանչյուր երիտասարդի պարտքն է՝ դառնալ հայրենիքի զինվոր։ Մենք խաչեր էինք փոխանակել, խնդրեցի՝ իմ նվիրած խաչը հետը վերցնի,- պատմում է Անին ու տխուր ժպտում։
Սկզբում տարել էին Ասկերան, այնուհետեւ՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ։ 27-ի երեկոյան կարճ զրուցել էին։
-Բարձր էր տրամադրությունը, ուրախ, որ զենք է ստացել, հայրենիքի համար է կռվում։ Գրեթե ամեն օր կապ էինք հաստատում. զանգում էր տարբեր հեռախոսահամարներով, զրուցում էինք ընդամենը կես րոպե։ Հոկտեմբերի 2-ին բարձր տրամադրություն ուներ, ասաց՝ գալու եմ, որ… ամուսնանանք։ Մյուս օրը երազումս եկավ և ուրախ-ուրախ ասաց՝ Անի, ես մեռնում եմ… Քիչ անց զանգահարեց, արթնացա 8-ն անց 8-ին։ Ներկայացրեց իրավիճակը, ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Եվ դա եղավ վերջին զանգը,- պատմում է Անին:
Նույն օրը թշնամին սկսում է հրետակոծել այն դիրքերը, որտեղ Արտյոմն էր: Արկերից մեկն ընկել էր նրան շատ մոտ… Միայն հոկտեմբերի 5-ին էին կարողացել գտնել Արտյոմի մարմինը… Բերել էին Երևան: Անին այդ օրերին Երևանում էր:
-Սա էլ, կարծում եմ, պատահական չէր,- ասում է Անին,- եկավ, որ վերջին անգամ հանդիպենք:
Հաջորդ օրը հետ էին տարել Արտյոմին և հոկտեմբերի 7-ին հուղարկավորել Ստեփանակերտի ընտանեկան գերեզմանոցում:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Ճակատագրեր