Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՁՆՎԵՑ ՊԱՐԳԵՎԸ



ՀԱՆՁՆՎԵՑ ՊԱՐԳԵՎԸԲերձորցի Ժորան զոհվել է Արցախյան վերջին պատերազմում…

2019 թ. հուլիսի 15-ին, երբ օրեր  առաջ էր լրացել նրա 19-ամյակը և նոր էր ավարտել Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը,  Քաշաթաղի զինկոմիսարիատից զորակոչվեց Հայոց բանակ և ծառայում էր ՊԲ  արևելյան զորամասերից մեկում։ Բարեխիղճ և կարգապահ ծառայության համար 1 տարի անց արդեն սերժանտի կոչում էր ստացել և մարտական հենակետի պատասխանատուն էր։ 20-ամյա սերժանտը պատերազմն սկսվելուց օր առաջ էր իջել դիրքերից իր ջոկի տղաների հետ։ Ու շտապեց դարձյալ դիրքեր՝ պաշտպանելու հայրենի հողը։

Դպրոցական տարիներին առավել աչքի էր ընկնում մարզական խաղերում, հատկապես լավ ֆուտբոլ էր խաղում, և նրանց թիմը, շնորհիվ Ժորայի լավ խաղի, հաճախ էր հաղթող դառնում։ Նրան շատ էին սիրում դասընկերներն ու ուսուցիչները…

Զորամասում նույնպես իր տեղում էր Ժորան։ Ծառայության ընթացքում մշտապես  կապի մեջ  էր դասընկերների հետ։ Նրանք հիշում են, որ զանգում ու հավատով լեցուն ասում էր. «Կտեսնեք՝ ամբողջը հետ ենք բերելու»։ Խոսքը 2016 թ. կորցրած որոշ տարածքների մասին էր։ 25-26 օր շարունակ մարտադաշտում էր քաջորդին ու երբեք չլքեց իր դիրքը։ Կռվում էր իր ջոկով, պաշտպանում հայրենի սահմանը։ Սակայն Արցախյան վերջին պատերազմը մեզանից շատ թանկ կյանքեր խլեց, հազարավոր քաջորդիներ մարտիրոսվեցին, և նրանց շարքը 2020 թ. հոկտեմբերի 23-ին համալրեց բոլորի սիրելի Ժորան՝ Ժորա Սարգսի Սարգսյանը…

ՀԱՆՁՆՎԵՑ ՊԱՐԳԵՎԸՀայոց ամենասրբավայր «Եռաբլուրում» է այժմ՝ իր մարտական ընկերների շարքում … Հայոց Եռագույնն է ծածանվում նրա շիրմաքարի կողքին։ Մայիսի 19-ին  հերոսի շիրմին էին այցելել ծնողները, հարազատները, Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, բարեկամները, ընկերները։ Իհարկե, ամեն օր են նման այցերը, ամեն օր է նրա շիրիմը պատվում թարմ վարդերով, ծաղիկներով, ամեն օր է կատարվում խնկարկում։ Այս անգամ կար այլ առիթ. Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ժորան հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։ Հերոսի շիրմաքարի մոտ Արցախի նախագահի պարգևը հորը հանձնեց Արցախի ՊԲ ներկայացուցիչ, մայոր Վասիլի Մալենկովը։ Արցախի բանակի մայորը լավ էր ճանաչում Ժորային և մեծ գովեստով խոսեց քաջարի մարտիկի մասին ու ցավով  ասաց, թե լավ կլիներ, որ պարգևն ինքը՝ հերոսն ստանար, բայց պատերազմ էր… Պատմեց հերոսի մասին, նշեց, որ նա եղել է Հայրենիքի իսկական զինվոր ու պաշտպան։ Հուզմունքով ընդունեց որդու պարգևը հայրը, համբուրեց մեդալը՝ ընկնելով հիշողությունների գիրկը… Նորից եղավ խնկարկում, ծաղիկների խոնարհում և… հուզմունք։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Ճակատագրեր


03/06/2021