Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ…



ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ...-Նա ծնվեց որպես Աստծո պարգև: Երկու եղբայրներն արդեն շատ մեծ էին, ես էլ առողջական լուրջ խնդիրներ ունեի, մեկ էլ, պարզվեց, որ Դավիթս ինքնուրույն որոշել է աշխարհ գալ՝ ուղղելով իր ծնողների սխալը…

Գուցե, իրոք, կա նախախնամություն: Գուցե Դավիթը աշխարհ էր եկել իր կյանքի 22 տարիները վայելելու համար: Այդքանն էր նրա բաժինը: Կամ գուցե նրա առաքելությունը մի սիրուն ու հերոսական կյանքի պատմություն նվիրելն էր աշխարհին: Ես նայում եմ զոհված զինվորի մորը ու չեմ կարողանում արտաբերել այն, ինչ մտածում եմ: Որովհետև տիկին Լուսյան ասում է.

-Ինչքան էլ պատմեմ, չեք պատկերացնի, թե ինչպիսին էր տղաս: Ոտքից գլուխ առաքինություն էր: Դպրոցում դասվարը հենց առաջին օրը Դավիթիս կնքեց Մեծ պապե անունով…

-Մեծ մամեի հանգո՞վ…,- ես ուրախանում եմ, որ մինչև 2020-ի սեպտեմբերին հասնելը դեռ ժամանակ կա, ու կարող ենք լիաթոք շունչ քաշել, նույնիսկ կատակել:

-Ուսուցչուհին ասում էր՝ Դավիթը պապիկի պես լուրջ է, հավասարակշռված, կազմակերպված ու իմաստուն:

-Փոքր երեխան ի՞նչ իմաստուն,- ասում եմ ես: Իբր՝ զոհված զինվորի մասին չենք խոսում, իբր՝ ներս հոսող արցունք չկա, իբր՝ կարողացել ենք հաշտվել կատարվածի հետ ու ապրում ենք սովորականի պես:

-Ապշելու բան է…Դավիթս չկա, ու մենք խոսում ենք նրա մասին:

Ես չլսելու եմ տալիս ու ասում եմ.

-Ինչո՞ւ էր ուսուցչուհին իմաստուն ասում Դավիթին:

-Ախր, Դուք չեք տեսել, թե Դավիթս ինչպես էր խոսում դեռ մանկական տարիքից: Ուսուցչուհին ասում էր՝ որտեղի՞ց է պեղել այդ բառապաշարը, ո՞ւմից է լսել այդ գեղեցիկ հայերենը:

-Ո՞ւմից էր լսել:

-Ես էլ չգիտեմ: Գուցե հեռուստացույցից, գուցե գրքերից…գուցե այդ բառերը հոգում էին ծնվել:

Դավիթս զարմանալի բնավորություն ուներ: Տեսեք՝ տան փոքրն էր, բոլորս սիրում ու փայփայում էինք նրան, կարող էր խաղալ հասակակիցների հետ, բայց գալիս էր հողամաս ու մեզ օգնում էր բոլոր գործերում. քաղհան էր անում, ծառ ու սածիլ էր տնկում: Երբ բանակից վերադարձավ, ծիրանի այգի հիմնեց: Դավիթս շատ էր սիրում ծառ տնկել:

-Էլ ի՞նչ էր սիրում:

-Սիրում էր լսել իր նախնիները պատմությունը: Հայրս ինձ էր պատմել, ես էլ Դավիթիս էի պատմում, թե ինչպես են թուրքերը կոտորել պապիս ամբողջ ընտանիքը Խնուսում, ու ինչպես է պապս ընկել Գյումրիի մանկատուն: Լսում էր, իր դասվարի ասած՝ մեծ պապեի նման՝ լուռ, խոհուն:

Ուզում էր զինվորական դառնալ, շատ էր ուզում։ Դավիթս թիկնեղ էր, ամուր մկաններ ուներ, քիք-բոքսինգի էր գնում, մրցանակային տեղեր էր շահում։ Նա շատ լավ զինվորական կդառնար, բայց ես չհամաձայնեցի: Բոլորս էլ գիտենք, թե որքան վտանգավոր է զինվորականի մասնագիտությունը, որքան դժվար է: Միշտ սահմանին, տունուտեղից կտրված, ընտանիքից հեռու: Ուզում էի՝ կողքիս լիներ: Ընդդիմացա:

Երբ բանակից վերադարձավ, ավելի հաճախ էր հիշում իր երազանքը: Ասում էր՝ դու ես մեղավոր, որ ես զինվորական չդարձա: Ծառայության ժամանակ ավելի էր սիրել զինվորական գործը: Որովհետև տղայիս բնավորությունը իսկական զինվորականի բնավորություն էր՝ խիզախ, կազմակերպված, կարգապահ, ընկերասեր, ճշմարտախոս:

-Փաստորեն, սիրել է ծառայությունը:

Իմ հոգում այնպիսի զգացողություն է, ասես՝ իմ հարազատին է սիրել՝ մեկին, որ ես էլ եմ սիրում: Ու կրկնում եմ:

-Բանակը դուր է եկել Դավիթին:

-Այնպիսի սիրով էր ծառայում,- ասում է տիկին Լուսյան, ու ես հասկանում եմ, որ նա էլ է սիրում բանակը: Ես պարզ տեսնում եմ այդ սերը:

-Երդման արարողության ժամանակ, երբ զինվորները շարվել էին, բայց դեռ միջոցառումը չէր սկսվել, հրամանատարը ասաց՝ կարող եք շարքի մեջ գտնել ձեր որդիներին և ողջագուրվել: Միանման հագնված, միանման սափրած գլուխներով տասնյակ տղաների մեջ ես անմիջապես գտա Դավիթիս:

-Որովհետև նա ամենասիրունն էր,- ասում եմ ես: Տիկին Լուսյան գոհունակ ժպտում է:

-Զինվորական համազգեստը ոչ մեկին այդպես չի սազել, ինչպես Դավիթիս: Մոտեցա, գրկեցի, տեղից չշարժվեց: Ինչ դիրքով որ կանգնած էր, քարացած մնաց:

-Ախր, չի կարելի շարքում շարժվել,- ես ծիծաղում եմ,- մեր հանդեսի նախկին խմբագիրը մի անգամ ինձ դիտողություն արեց շարքի մեջ պատին հենվելու համար ու ասաց՝ շարքը սուրբ տեղ է:

Տիկին Լուսյան էլ է ծիծաղում:

-Դե, ես ինչ իմանայի, որ շարքը սուրբ տեղ է: Շփոթված կանգնել էի: Դավիթս այնքան էր սիրում իր զինվորական համազգեստը, որ արձակուրդի ժամանակ էլ էր հագնում, քաղաքացիական շորերը թողնում, զինվորական համազգեստով էր դուրս գալիս տնից, հանդիպում ընկերների հետ, նկարվում:

-Նման բան չէի լսել:

-Երբ զորացրվեց, զինվորական համազգեստը խնամքով ծալեց ու պահեց:

-Ինչի՞ն էր պետք:

-Տղաս այդ համազգեստով գնաց պատերազմ…

Ես տասնյակ, հարյուրավոր հանդիպումներ, զրույցներ եմ ունեցել զոհված զինվորների ծնողների հետ, բայց երբ հասնում ենք վերջին… գրիչն սկսում է ցնցվել մատներիս մեջ:

-Դավիթը պատմո՞ւմ էր բանակից,- ես ակամա ժամանակ եմ ձգում:

-Շատ էր սիրում իր հրամանատարին՝ գնդապետ Կարեն Գրիգորյանին: Տղաս ամենավտանգավոր դիրքն է պահել ծառայության ժամանակ, թշնամուց մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ: Երբ առաջին անգամ պիտի դիրքեր բարձրանար, հարցրի՝ Դավի՛թ ջան, չե՞ս վախենում: Ասաց՝ ես Մոնթեի պահած հողն եմ պահում, էլ ի՞նչ վախ: Մոնթեն իր կուռքն էր:

Տղաս բանակից վերադարձավ «Արիության» մեդալով:

-Ի՞նչ սխրանք էր գործել:

-Տղաներից մեկը մարտական հերթապահության ժամանակ սխալմամբ գնացել է դեպի թշնամու դիրքերը: Դավիթս դիտակետից նկատել է, որ ծառայակից ընկերը ընդհուպ մոտեցել է թշնամուն և ուր որ է պիտի արժանանա հակառակորդի գնդակին: Նա վտանգելով կյանքը՝ արագ հասել է ընկերջը ու բառացիորեն թշնամու քթի տակից հետ բերել նրան:

-Եթե թշնամին նկատեր, երկուսն էլ չէին փրկվի:

Ես ուզում եմ ավարտել զրույցը: Կզանգեմ Դավիթի հրամանատարին, նրանից կիմանամ զինվորի կյանքի վերջին 28 օրերի՝ պատերազմի մասին, մտածում եմ: Բայց տիկին Լուսյան ասում է.

-Պատերազմի լուրը լսելուն պես Դավիթը հանեց զինվորական համազգեստը, հագավ ու սկսեց իրեն զննել հայելում: Տղայիս դեմքին երանության ժպիտ կար: Ես առաջին անգամ զղջացի, որ չեմ թողել նրան զինվորական դառնալ:

Գոնե թողնեի, որ «Ես եմ» ծրագրով ծառայեր: Գոնե մի քիչ երկար ծառայեր, ինչպես ինքն էր ուզում: Արգելեցի:

-Իսկ ինչո՞ւ չարգելեցիք կռիվ գնալ:

Լեզվիցս թռավ. այս մի քանի ժամվա ընթացքում Դավիթն այնքան հարազատ էր դարձել ինձ:

-Կներեք,- ասում եմ կիսաձայն:

-Արգելել եմ, աղերսել եմ, բայց… գնաց:

-Ո՞րն էր Դավիթի զենքը:

-Ասում էր՝ ես պեկաիստ եմ: Երևի հզոր զենք է, որովհետև մեծ հպարտությամբ էր ասում:

-Հա, ուժեղ զենք է:

-Երբ զանգում էր պատերազմի ժամանակ, ռումբերի սուլոցը այնքան մոտից էր լսվում: Ասում էի՝ Դավի՛թ ջան, էդ ռումբերը կողքի՞դ են պայթում, ասում էր՝ դրանք ռումբերի ձայներ չեն, ուրիշ աղմուկ է: Ասում էր՝ հեռուստացույց մի՛ նայեք, ոչ մեկին մի՛ հավատացեք, ամեն ինչ լավ է:

-Ընդամենը 22 տարեկան,- ես բարձրաձայն մտորում եմ:

-Մի քանի օրից Դավիթիս 23-ամյակն է՝ հունիսի 21-ին:

Ես փակում եմ նոթատետրս, որովհետև տիկին Լյուսյայի ձայնը կերկերում է:

-Հրամանատարն ասում էր՝ նույնիսկ պատերազմի դաշտում Դավիթի զենքը փոշոտ չտեսանք: Հենց կրակը դադարում էր, զենքը մաքրում, փայլեցնում էր:

…Մարդ էլ անշունչ զենքը այդքան կսիրի՞:

-Անշունչ չէ, իր մարտական ընկերն է, զինակիցը: Իր ընտանիքի, իր հայրենիքի, իր տղամարդկային արժանապատվության, իր ազգի պաշտպանը:

Հոգուս մեջ կուտակված հույզերը հանկարծ դուրս են ժայթքում:

-Զենքը մեր պատիվն է, մեր ապրելու իրավունքը:

Տիկին Լուսյան զարմացած նայում է ինձ ու լսում իմ հանկարծահաս պաթոսը: Ես զգում եմ, որ ինչ-որ տաք ալիք անցնում է սրտիս միջով, ողողում դեմքս:

-Զենքը պիտի մաքուր լինի,- ես ճիգով վերագտնում եմ ինձ ու խաղաղվում:

-Մեր տղաները 48 հոգով շրջափակման մեջ են ընկել Ֆիզուլիում: Դավիթս էլ՝ հետները: Կարծեմ՝ 12 հոգի են փրկվել: Մեծ մասը՝ վիրավոր:

Դավիթս զոհվել է անօդաչուի հարվածից, բայց վրան ավտոմատից արձակված գնդակների հետքեր են եղել: Այսինքն՝ ընդհուպ մոտեցել են թուրքերին: Ոնց եք ասում՝ մոտիկ մարտ է եղել:

-Մերձամարտ,- ասում եմ բնազդաբար:

-Որդիս վերադարձավ 55 օր հետո: Հիմա մեր Ակնալիճ գյուղի պանթեոնում է՝ Արցախյան առաջին պատերազմի 11 ու վերջին պատերազմի 12 զոհերի կողքին:

Ես պիտի ինչ-որ բան ասեմ հրաժեշտից առաջ: Փառք հերոսներին, կամ բարով մնաք: Որ հանկարծ չասեմ՝ ոնց եք դիմանում այս ցավին…

-Գիտեք, Դավիթս շատ լավ երգում էր: Հայրենասիրական երգեր էր երգում տանը, մտերիմների միջավայրում: Ամենից շատ «Պատիվ ունեմ» երգն էր սիրում՝ Դավիթ Ամալյանի կատարմամբ: Նա երազել էր սպա դառնալ, իսկ այդ երգը հենց սպաների մասին է:

Տիկին Լուսյան մեղմ դնդնում է որդու երգը.

-Կյանքս կտամ հայրենիքիս,

Հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ…

Զենքս՝ որդուս, իսկ սերս

Մայրերին կտամ…

Հպարտ հայացք, բարի ժպիտ,

Վերջին խոսքեր՝ Պատիվ ունեմ…

Բիբլիական Մասիսի պես,

Դուք միշտ տոկուն, հայո՛ց սպաներ,

Պատիվ ունեմ…

Ինձ թվում է՝ շուրջս ինչ-որ լույս է վառվում: Շուրջս, հոգուս մեջ, հեռվում…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Ճակատագրեր


17/06/2021