ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԵՎ… ՆՈՐ ՍԿԻԶԲ
«Հայրենապաշտպան դաստիարակություն. ահա մեր փրկության խարիսխը»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Ամեն հայի պարտքն է հիշել, մեծարել հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջորդիներին:
Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանի շրջանավարտները, նախքան վերջին զանգի միջոցառման մեկնարկը, այցելեցին «Եռաբլուր»՝ խոնարհվելու և շնորհակալություն հայտնելու հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս եղբայրներին:
«Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մի քանի օրում դարձան մեր պատմության առասպելածին զավակները, նրանք իրենց կիսատ երազանքներով և մկրտված կյանքի վերջով նոր կյանքի սկիզբ ավետեցին: Նրանք վառ օրինակ են, որ նորից հերոսներ ծնվում են ՀԱՅ ՄՈՐԻՑ։ Քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր քաջերի ձեռքին։ Մարդի՛կ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում, հիշեցե՛ք նրանց: Այդ նրանք էին ձեր կյանքը փրկում, այն էլ ի՜նչ գնով: Հիշեցե՛ք նրանց». ահա այս խոսքերով իրենց վերջին զանգը սկսեցին հարազատ կրթօջախում:
Եվ քառօրյա, եւ 44-օրյա պատերազմում կրթօջախում ուսանած բազմաթիվ սաներ մարտերում հերոսացան եւ անմահացան:
«Նրանց կիսատ մնացած երազանքները, իղձերը մենք ենք իրականացնելու. կշենացնենք, կծաղկեցնենք, կհզորացնենք Հայաստանը»,- խոստացան շրջանավարտները:
ԱԼՎԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #26 (1397) 07.07.2021 - 13.07.2021, Բանակ և հասարակություն