Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԵԺԸ



ՎՐԵԺԸՇաքիի ջրվեժի մոտ զրուցում էինք հերոսի հոր՝ Սեյրան Պողոսյանի հետ։

-Մանկության տարիներին Վրեժը շատ էր գալիս այստեղ և ունկնդրում Որոտանի «զրույցը»,- ասաց հայրը, որի հրավերով էինք Սիսիանում։ Հուլիսի 1-ին Վրեժը կդառնար 29 տարեկան, սակայն վերջին պատերազմը 2020 թ. աշնանը հազարավոր հայորդիների կյանք խլեց… Նրանցից մեկն էլ Վրեժն էր։

Վրեժ Սեյրանի Պողոսյանը ծնվել է 1992 թ. հուլիսի 1-ին Սիսիանի շրջանի Ույծ գյուղում։ Եվ հենց այս գյուղի միջնակարգ դպրոցում հերոսի ծննդյան օրվա առթիվ կայացավ հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Մինչ այդ, հերոսի հարազատները, բարեկամները, դպրոցական ու մարտական ընկերները, պաշտոնատար անձինք այցելեցին Սիսիանի զինվորական պանթեոն, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել Արցախյան ազատամարտի և հետագա տարիներին հայոց հողը պաշտպանելիս զոհված բազում սիսիանցիներ։ Այստեղ է հուղարկավորված նաև Վրեժը մորաքրոջ որդու և մարտական ընկերոջ՝ Հայոց բանակի կապիտան Արայիկ Սաֆյանի շիրիմների հարևանությամբ։ Միասին են զոհվել 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ Ջրականում, որտեղ էին պատերազմի առաջին օրվանից…

Զինվորական պանթեոնում պատվո պահակ էին կանգնած Վրեժի զորամասի զինվորները…

Ույծի միջնակարգ դպրոցում հերոսի ընկերների նախաձեռնությամբ, կրթօջախի տնօրեն Վլադիմիր Ղազարյանի աջակցությամբ, բարերարների միջոցներով մի դասարան հիմնովին հիմնանորոգվել է և այսուհետ կրելու է Վրեժ Պողոսյանի անունը։

Մինչ դասարանի մուտքի կարմիր ժապավենի կտրելը, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Հնչեց ՀՀ օրհներգը, կայացավ լռության րոպե…Այնուհետև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարո Հակոբյանը իր խոսքում հետևյալն ասաց.

-Անվանակոչությունը փոքր-ինչ սփոփանք է հերոսի ծնողների, հարազատների համար։ 2020-ը մեզնից խլեց մի ամբողջ պայծառ սերունդ, և այսօր այդ անմահները ժպտալու են Փառքի անկյուններում, նորածինների մաքուր աչքերում։ Պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք դիմակայել մեծ ցավին… Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում հերոսներին ու նրանց ծնողներին։

Ներկաների առջև իրենց ելույթներով՝ ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով ու ոգեկոչման խոսքերով հանդես եկան դպրոցի աշակերտները։ Նրանք ներկայացրին նաև հերոսի կենսագրությունը։

ՎՐԵԺԸ…2000 թ. Սեյրան Պողոսյանի ընտանիքը տեղափոխվել և բնակություն էր հաստատել Քաշաթաղի Սարատակ գյուղում։ 2009 թ. ավարտելով գյուղի դպրոցը՝ ապագա զինվորականն ընդունվել է Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական և ֆիզիկական պատրաստության ֆակուլտետ։ 2010 թ. զորակոչվել է բանակ և 2 տարի ծառայել Ջրականի զորամասում, զորացրվել ավագ սերժանտի կոչումով։ 2012 թ. զորացրվելուց հետո աշխատել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, ստացել ենթասպայի կոչում։ Որոշ ժամանակ ծառայել է ոստիկանությունում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ որպես դասակի հրամանատար։ Բայց հայրենի եզերքը կանչում էր, և վերադարձավ։ Իշխանաձորի միջնակարգ դպրոցում ռազմագիտության ուսուցիչ էր։

2019 թ. պայմանագրով կրկին ծառայության է անցել Սյունիքի մարզի Նորավանի զորամասում։ Ծառայությանը զուգահեռ վեցամսյա կրթություն է ստացել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ստացել լեյտենանտի կոչում։ Մասնակցել է 2016 թ. Ապրիլյան պատերազմին, արժանացել «Մարտական ծառայություն» մեդալի։ Զորամասում դիպուկահար էր, իր մասնագիտությանը տիրապետում էր գերազանց։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին շտապեց Ջրական…

Ծառայակից ընկերները հիշում են Վրեժի մարտակոչը՝ «Մեր մեջ հետ գնացող չպիտի լինի, ով հետ գնա՝ ամո՛թ…»։ Հոկտեմբերի 10-ին թշնամու ականանետի հարվածից է զոհվել Վրեժը։

…Իր խոսքում եղբոր հիշատակը վառ պահելու համար շնորհակալություն հայտնեց Վրեժի քույրը՝ Արևիկը։ Այնուհետև նա և կրտսեր եղբայրը՝ Մոնթեն, կտրեցին հերոսի անվան դասասենյակի մուտքի ժապավենը։ Դասասենյակի մուտքի մոտ ցուցանակն է, կողքին առանձնացվել է նաև «Անմահները հրամայում են» խորագրով Փառքի անկյուն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված բոլոր սիսիանցի հերոսներին: Իսկ դասասենյակում հերոսի լուսանկարն է, նրա մասին պատմող իրեր, փաստաթղթեր… Այստեղ էլ պատվո պահակ էին նույն զորամասի զինվորները՝ Կնյազ Խլղաթյանը Վեդիից, Հակոբ Երիցյանը Արթիկից և Նարեկ Սարգսյանը Ապարանից։ Նրանց հրամանատարները. կապիտաններ Արտյոմ Ավետիսյանն ու Գևորգ Մարտիրոսյանը, նշեցին, որ խաղաղ ժամանակ էլ Վրեժը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր մեծ նվիրումով, կարգապահությամբ, օրինակելի վարքով։ Ներկաների մեջ էին նաև Վրեժի դասընկերները՝ Աշոտ Առաքելյանը, Հարութ Թադևոսյանը և Արտուշ Կարապետյանը, որոնց ջանքերով էր վերանորոգվել անվանակոչված դասարանը։

-Աշխատել ենք մեծ սիրով. հոգու պարտք էր,- ասացին տղերքը։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #26 (1397) 07.07.2021 - 13.07.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


08/07/2021