ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
08.07.2021, «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե» ռուսաստանյան շաբաթաթերթ։ Անկախ ռազմական փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՐԱՄՉԻԽԻՆ.
Ընդհանուր առմամբ, Սև ծովում իրավիճակը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների արտացոլումն է։ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ իրական ռազմական դիմակայության, բայց ճնշում է գործադրում Մոսկվայի վրա։ Բրյուսելը և Վաշինգտոնը մղում են Կիևին և Թբիլիսիին դիմակայության ընդդեմ Մոսկվայի։ Այդ կերպ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար լարվածություն է ստեղծում առանց իր ուժերի և միջոցների էական գործադրման։ Կորուստները դրվում են Ուկրաինայի և Վրաստանի վրա, օգուտը ստանում է Արևմուտքը։ Ընդ որում, ստեղծվում է տպավորություն, թե Կիևի նկատմամբ հովանավորությունը Վաշինգտոնն աստիճանաբար փոխանցում է Լոնդոնին։ Այդ մասին են վկայում բրիտանական օգնությամբ Ուկրաինայի ՌԾՈՒ-ի թարմացման ծրագրերը, ինչպես նաև բրիտանական «Դեֆենդեր» էսկադրային ականակրի՝ վերջերս Սևաստոպոլի մոտով անցնելը։
ԱՄՆ-ԵՎՐՈՊԱ
08.07.2021, «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե» ռուսաստանյան շաբաթաթերթ։ Քաղաքագետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ԳՈՒՆԴԱՐՈՎԱ.
Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը սկսել է հակահրթիռային «Aegis Ashore» համալիրներ տեղադրել Լեհաստանի հյուսիսում՝ Ռեձիկովոյում, որտեղ կառուցվում է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր բազա (Եվրոպայում երկրորդը), որը նախատեսված է բալիստիկ հրթիռների հայտնաբերման, ուղեկցման և կալանման համար։ Աշխատանքները կավարտվեն 2022 թ.։ Վաշինգտոնում բազմիցս հայտարարել են, որ Լեհաստանում ՀՀՊ բազան ծառայելու է Արևմտյան Եվրոպայի պաշտպանությանը, մասնավորապես՝ իրանական հրթիռներից։ Սակայն, եթե նայենք քարտեզին, ապա պարզ կդառնա, որ Լեհաստանից ակնհայտորեն ավելի հարմար է կրակել Կալինինգրադի մարզի, քան Իրանի ուղղությամբ։ 2016 թ. Ռումինիայում, Դևեսելուի շրջանում սկսել էր գործել ՀՀՊ վերգետնյա բազավորման Եվրոպայում առաջին ամերիկյան բազան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարում էր, որ. «Եվրաատլանտյան տարածաշրջանից դուրս ՆԱՏՕ-ի անդամների դեմ ուղղված սպառնալիքն իրական է», բայց Ռումինիայում տեղադրված սպառազինությունն «ուղղված չէ Ռուսաստանի դեմ»։ Սակայն ցանկացած ողջախոհ մարդ կնկատի, որ Ռումինիայից երկու քայլ է մինչև Ղրիմ և Կուբան։ Ռուսաստանցի զինվորականները Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համալիրների ծավալումն արդարացիորեն գնահատում են որպես ԱՄՆ-ի միջուկային ներուժի բաղկացուցիչ։ Մասնագետների կարծիքով՝ Ռումինիայում և Լեհաստանում գտնվող ՀՀՊ բազաներում կարող են տեղակայվել համապիտանի արձակման կայանքներ, որոնցից կարող են արձակվել ոչ միայն հակահրթիռներ, այլև միջին հեռահարության թևավոր հրթիռներ։ Այդ առթիվ ռուսական կողմն արդեն հայտարարել է, որ ստիպված է ձեռնարկել պատասխան միջոցներ։
12.07.2021, «Ռեպորտյոր» ռուսաստանյան փորձագիտական կայք։ Ռուս գրող և քաղաքական գործիչ ՆԻԿՈԼԱՅ ՍՏԱՐԻԿՈՎ.
Այժմ Ռումինիան կարող է կլանել Մոլդովան, իսկ երբ վերջինս կորցնի իր ինքնիշխանությունը, Ռումինիան պատերազմ կսանձազերծի Մերձդնեստրի դեմ, որովհետև այնտեղ ապրող գագաուզներն ու ռուսալեզու բնակչությունը ոչ մի դեպքում չեն ցանկանա լինել ռումինացի։ Արդեն այսօր Մոլդովայի նախագահ Սանդուն, որը պատերազմի առիթ է փնտրում, պնդում է, որ Մերձդնեստրից ռուս խաղաղապահները հեռանան։ Կարող է կրկնվել իրավիճակը, որում հայտնվել էին ռուս խաղաղապահները 2008 թ. Հարավային Օսիայում։
ԱՖՂԱՆՍՏԱՆ-ՄԻՋԻՆ ԱՍԻԱ
13.07.2021, «Կրասնայա վեսնա» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ Ռազմավարական գնահատումների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ ԻԳՈՐ ՊԱՆԿՐԱՏԵՆԿՈ.
Աֆղանստանից ամերիկացիների հեռանալու գլխավոր խնդիրը և վտանգը փախստականներն են։ Ըստ էության, տարածաշրջանում ստանում ենք վառոդի տակառ։ Փախստականներին ուզբեկական և տաջիկական հասարակություններ ինտեգրելը չի ստացվում։ Որպես արդյունք՝ առաջանում են անկլավներ, որտեղ ծաղկում են աղքատությունը, քրեական բարքերը և ծայրահեղականությունը։
13.07.2021, «Կրասնայա վեսնա» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ Աֆղանստանում մարդասիրական հարցերի գծով ՄԱԿ-ի համադասող ՌԱՄԻԶ ԱԼԱՔԲԱՐՈՎ.
Հակամարտության ներկայիս ինտենսիվության պայմաններում 6 ամսում ներքին տեղահանվածների թիվն Աֆղանստանում կհասնի 1 միլիոնի։ Մարդկանց մեծ խմբերի տեղաշարժը պայմանավորված է Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև ռազմական գործողություններով և շարունակվող երաշտով։
15.07.2021, «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե» ռուսաստանյան շաբաթաթերթ։ Ռազմական պատմաբան ՍԵՐԳԵՅ ԿՈԶԼՈՎ.
Եթե «Թալիբանը» իշխանության գա Աֆղանստանում, ապա բոլոր նրանք, ովքեր համագործակցում էին «օկուպանտների» հետ, ստիպված են լինելու փախչել։ Ո՞ւր։ Որոշ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, հայտարարում են, որ պատրաստ են ընդունելու փախստականներին, բայց ոչ բոլորին։ Իսկ ո՞ւր են գնալու մյուսները։ Բացառված չէ, որ Միջին Ասիա։ Եվ այստեղ, ի հեճուկս որոշ փորձագետների կանխատեսումների, պետք է վախենալ ոչ թե իսլամիզմի արտահանումից, այլ՝ աֆղանական հասարակության ամենակրթված, ակտիվ, հավակնոտ և ամերիկամետ խավից, որը Ուզբեկստանում, Ղազախստանում և Տաջիկստանում կարող է դառնալ ազատականության, ժողովրդավարության և արևմտյան աշխարհի մյուս «արժեքների» տարածող։ Այդ ռեսուրսային բազայի վրա ամերիկացիները կարող են ստեղծել կառույցներ, որոնք կնպաստեն այնտեղ «գունավոր հեղափոխությունների»։ Այդ խավը նաև հրաշալի գործակալական բազա է ամերիկյան հետախուզական ընկերակցության համար։ Իհարկե, բացառված չէ, որ այդ ալիքի վրա տարածաշրջանում կհայտնվեն նաև իսլամիստներ։ Բայց, մեծ հաշվով, հենց նրանց համար թալիբներն Աֆղանստանում սպառնալիք չեն ստեղծի. «շունը շանը չի կծում»։ Ուստի, իսլամիստների արտահոսքն Աֆղանստանից չպետք է շատ մեծ լինի։
ՎՐԱՍՏԱՆ
10.07.2021, «Եվրասիա դեյլի» ռուսաստանյան լրատվական գործակալություն։ Քաղաքական մեկնաբան ԻՐԱԿԼԻ ՉԽԵԻՁԵ (Թբիլիսի).
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը իշխանությունից հեռացնելը և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությամբ փոխարինելը Թբիլիսիի արևմտյան «գործընկերների» գլխավոր ռազմավարական գիծն է 2012 թ. ի վեր։ Ռուսաստանը, ահա՛ գլխավոր և անփոփոխ թիրախը, հանուն որի կատարվում են մշտական սադրանքներ, հանուն որի այս անգամ օգտագործվեց սեռական փոքրամասնությունների ԼԳԲՏ հանրույթը։ Նրանց համար պրոբլեմն այն է, որ. «Վրացական երազանքը» երբեք չի սկսի ինքնասպանական ագրեսիա ընդդեմ Ռուսաստանի, ուստիև, որպես Վրաստանի իշխող կուսակցություն, պետք չէ ամերիկացիներին և նրանց հսկողության տակ գտնվող Եվրամիությանը։ Ամերիկացիները հաջողեցին Ուկրաինայի դեպքում։ Այդ երկրում միմյանց հաջորդող մարիոնետային վարչակարգերը, ուղղորդվելով Արևմուտքից, լրջորեն պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի դեմ։ Վրաստանին վերապահված է Ռուսաստանի դեմ ճակատ բացել հարավում։ Սահակաշվիլին դա արդեն արեց 2008 թ. օգոստոսին։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Վրաստանն այս շախմատի տախտակի վրա զոհաբերվող զինվորիկներ են։
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Ռազմաքաղաքական