Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱՅԻ ԱՆՊԱՐՏ ԶԵՆՔԵՐԸ



ԱՊԱԳԱՅԻ ԱՆՊԱՐՏ ԶԵՆՔԵՐԸ-Գոռը արտասովոր տղա էր,- ասում է Դավիթը։ Ու ես մտածում եմ, որ  Հայրենիքի ազատության համար կռված բոլոր տղաների մասին էլ նույնն են ասում: Իսկ գուցե նրանք իրոք արտասովոր էին: Որքան էլ չեմ ուզում հավատալ, որքան էլ ծանր է համակերպվելը, բայց գուցե պատերազմն ընտրում է ամենալավերին:

-Գոռը մյուսներից տարբերվում էր ծնված օրվանից, դպրոցում, բանակում՝ միշտ,- Դավիթը ցույց է տալիս Գոռի նկարները: Հագին լայն, զինվորական նախշերով հագուստ է, մազերը երկար են ու ցից-ցից վեր սանրած:

-Արտաքինը որ հաստատ արտասովոր է,- ասում եմ,-  ավելի շատ նման է գերժամանակակից ռոք երգչի:

Դավիթը թերթում է ալբոմը, ու  որքան էլ ցանկանում եմ՝ Գոռին չեմ պատկերացնում զինվորական համազգեստով,  մեկը մյուսին հաջորդող նկարները ոչ մի կերպ  չեն  համատեղվում հայրենիքի պաշտպանի, հայրենասեր քաջորդու, ռազմիկի մասին իմ պատկերացումներին:

-Էլ ինչո՞վ էր արտասովոր Գոռը,- հարցնում եմ Դավիթին: Նա Գոռի ավագ եղբայրն է, 7 տարով մեծ է Գոռից: Այսինքն՝ ծնված օրվանից տեսել է նրան: Մտածում եմ, որ Դավիթը կպատմի Գոռի հայրենասիրության մասին, կասի, թե որտեղից է սկիզբ առել ազգային բանակի օրինակելի զինվորի, կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդու խիզախությունը: Իսկ Դավիթն ասում է.

-Փոքր ժամանակ փարթամ ոսկեգույն, գանգուր մազեր ուներ: Առաջին հայացքից ուղղակի մտնում էր սրտիդ մեջ: Սովոր էր, որ բոլորը  սիրեն իրեն, ու ինքն էլ հարազատի սիրով ու ջերմությամբ էր պատասխանում ծանոթ-անծանոթին: Նրա ամենակարևոր, ամենասիրելի գործը մարդկանց օգնելն էր: Մարդկանց  հոգսը իր վրա վերցնելը Գոռի մասնագիտությունն էր: Հավատացեք՝  չեմ չափազանցնում: Գոռը միշտ ուրախ էր,  որովհետև նրա  ուրախության ակունքը ուրիշների հաջողություններն էին, ուրիշների փարատված ցավը, ուրիշների լուծված խնդիրները, ուրիշների ժպիտը…Ինքն իր համար երջանկություն էր սարքում ուրիշների հաջողություններից: Ու իր հոգատարության, իր օգնության դիմաց  պատասխանի չէր սպասում, նրա  վարձը մարդկանց ուրախությունն էր:

-Այդպիսի ուրախությունը  քչերին է հասու:

-Գոռի  մեջ մի կաթիլ  հաշվենկատություն չկար: Լույսի պես պարզ էր, ազնիվ, միամիտ: Հիշեցի, թե ինչպես էր խնամում մեր հիվանդ տատիկին, հետո՝ պապիկին, ի՜նչ սիրով ու հոգատարությամբ:

…Գոռը բացառիկ ընդունակ էր: Հա՛մ աշխատասեր էր, հա՛մ ընդունակ: Բացարձակ գերազանցիկ էր: Օլիմպիադաների էր մասնակցում: Մեծ առաջադիմություն ուներ հատկապես օտար լեզուներից: Ասես, գիտելիքի ծարավ ուներ, աշխարհը ամբողջությամբ ճանաչելու անհագ ցանկություն…Ուզում էր ամեն ինչ իմանալ: Երաժշտություն, ֆիլմեր, պատմություն… նրա հետաքրքրությունները սահման չունեին:

13 տարեկանում տարվեց անվաչմուշկներով: Մտքի հնարավորությունները չափելուց հետո սկսեց իր ֆիզիկական ուժերը բացահայտել: Մարդիկ, անցորդները հիացած նայում էին նրան, երբ Օպերայի հրապարակում կատարում էր ամենաբարդ հնարքները: Հետո նույն ջերմեռանդությամբ տարվեց համակարգչով, կարդում էր ու կարդում: Նա աշխարհի ամենալավ ծրագրավորողը կդառնար… Գոռի  խնդրանքով մենք համակարգչային ծրագրավորմանը վերաբերող մասնագիտական գրականություն էինք ուղարկել բանակ:

-Ինչպե՞ս էր տրամադրված բանակի հանդեպ, ինչպե՞ս զորակոչվեց: Նրա հայրենասիրությունը ինչ-որ կերպ դրսևորվե՞լ էր նախքան պատերազմը:

-Ես ծառայել եմ Արցախում, առաջնագիծ եմ պահել: Երբ պատմում էի մարտական հերթապահությունից, բանակային առօրյայից, Գոռը լսում էր առանց որևէ հույզի, առանց խանդավառության: Չեմ կարող ասել, թե ոգևորված էր զինվորանալու հեռանկարով, պարզապես հայրենիքի պաշտպանությունը Գոռի համար պարտականություն էր, որը պետք էր կատարել՝ ինչպես մնացած բոլոր պարտականությունները: Ես այդպես եմ կարծում: Գոռը գործի  մարդ էր, նրա հույզերի, ձգտումների  մասին նրա գործերն էին պատմում, ոչ թե լեզուն:  Գուցե նա մեծ երազանքներով ու նպատակներով էր գնում բանակ, ի՞նչ իմանամ: Մի բան ակնհայտ է, որ Գոռը  կատարյալ զինվոր դարձավ, որին սիրում էին և՛ հրամանատարները, և՛ զինակից ընկերները: Նա զինվորի իր պարտականությունները անթերի էր կատարում:

-Մտածում եմ՝ մի քիչ դժվար կլիներ գերժամանակակից զգեստները փոխարինել զինվորական համազգեստով, արտառոց սանրվածքի փոխարեն սափրած գլուխ ունենալ: Զրկվել ազատությունից, ապրել հրամանով…

-Իսկ ես մտածում եմ, որ տղամարդու ոգին, առնականությունը, պատվախնդրությունը հոգու մեկ այլ անկյունում են, ու ներքին ազատությունը նպաստում է այդ առաքինություններին, ոչ թե խանգարում: Այդուամենայնիվ, Ձեր ասածի մեջ ճշմարտության հատիկ կա: Տեսեք՝ մենք ասում ենք՝ հարազատ հող, հարազատ ժողովուրդ, Գոռի համար մոլորակը իր տունն էր, աշխարհը հարազատ էր նրան, ու ասում էր, որ զորացրվելուց հետո դուրս է գալու Հայաստանից: …Գոռը միանգամից փոխվեց, երբ սկսեց մարտական հերթապահություն կատարել: Երբ տեսավ Հայրենիքի վտանգված սահմանը: Երբ զենքը ձեռքին կանգնեց դիրքում, թշնամու գնդակի դիմաց: Ես կարծում եմ՝ հենց էդ ժամանակ Գոռի համար Հայրենիքը զատվեց աշխարհից:

-Ասում եք՝ Գոռը փոխվեց: Ինչպե՞ս էր դրսևորվում այդ փոփոխությունը:

-Անընդհատ դիրքերից էր խոսում, սահմանից, զինակից ընկերներից: Ամեն անգամ օրերն էր հաշվում, թե երբ է դիրք բարձրանալու: Իրենց կատարած ինժեներական աշխատանքների մասին այնպիսի ներշնչանքով ու խանդավառությամբ էր պատմում, ասես, իր երազած տունն էր կառուցում: Մնացած բոլոր նախասիրությունները, նպատակներն ու երազանքները մղվել էին հետին պլան, դիրքը դարձել էր աշխարհի կենտրոնը: Գոռը «Բանակի գերազանցիկ» էր, «Քաջարի մարտիկ» ու հպարտանում էր իր ձեռքբերումներով:…Հետո եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ը:

Ես ու Գոռը տարբեր ճակատներում էինք:

-Դուք նույնպե՞ս մասնակցել եք վերջին պատերազմին:

-Այո՛, ես 48 օր մնացել եմ Արցախում: Երբ Գոռն  իմացավ,  որ Արցախում եմ, շատ հուզվեց: Ասաց՝ գնա՛ տուն, մաման, պապան մեղք են, ես քո տեղն էլ կկռվեմ: Ասում էր՝ Դավի՛թ, սրանց պիտի հետ շպրտենք, պիտի մաքրենք մեր հողը թշնամուց: Նա, ով մեկ տարի առաջ կարող էր  ապրել աշխարհի ցանկացած երկրում, պատրաստ էր ամեն ինչ զոհել իր  հայրենիքի ազատության համար: Միշտ ասում էր՝ մի՛ անհանգստացի, ամեն ինչ լավ է, բայց մի անգամ չդիմացավ.  չես պատկերացնի՝ ինչ մղձավանջի միջով եմ անցել, ասաց,  հանդիպենք, կպատմեմ: Չհանդիպեցինք… Նրա վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր:

-Ի՞նչ էր կատարվել հոկտեմբերի 12-ին, կարողացա՞ք իմանալ:

-Գումարտակի հրամանատարը պատմեց: Ադրբեջանցիները սկսում են գնդակոծել  Մատաղիսի թիվ 536 բարձունքը պաշտպանողներին օգնության շտապող 60 հոգանոց խմբին: Հրամանատարը հրամայում է իջնել մեքենաներից ու ցրվել փոքր խմբերով: Գոռի հետ իր չորս ընկերն են եղել ու գումարտակի հրամանատարը: Անօդաչուի ռումբն ընկել է ուղիղ խմբի վրա: Բոլորը զոհվել են, բացի գումարտակի հրամանատարից, որը մի քիչ հեռու է եղել խմբից ու վիրավորվել է:

-Դուք երկու եղբայր եք, երկուսդ էլ մասնակցել եք վերջին պատերազմին: Ձեր՝ Սիմոնյանների ընտանիքը այս պատերազմին տվել է ամեն ինչ: Մեր խորին ակնածանքն ու խոնարհումը Ձեզ, Ձեր ծնողներին:

-Եթե Դուք ճանաչեիք Գոռին, կհասկանայիք, որ իմ ցավը անձնական լինելուց զատ, ուրիշ ակունք էլ ունի: Եթե Գոռն  ապրեր, բարություն, հոգատարություն, սեր, գեղեցկություն էր բաժանելու մարդկանց մինչև իր կյանքի վերջին օրը: Բայց ես հավատում եմ, որ տիեզերքում ամեն ինչ հավասարակշռված է, ոչինչ չի կորչում, ու մեր ահռելի կորուստները մեր ապագա պայքարի անպարտ զենքերն են դառնալու, դառնալու են ուժ, ոգի, իմաստություն, քաջություն գալիք սերունդների սրտում: Թշնամին բազմապատկեց «Եռաբլուրը»՝ չհասկանալով, որ հենց այնտեղ է ամբարվում մեր ուժը, մեր հերոսականությունը, մեր ցասումը…Պատմական արդարությունը վերականգնելու մեր կամքն ու վճռականությունը: Ես միշտ «Եռաբլուրից» վերադառնում եմ՝ հոգուս, մարմնիս մեջ զգալով այդ ահռելի ուժը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


22/07/2021