ԱՐՎԱԿԱՆՑԻ ՀՐԱՉՅԱՆ
Հուլիսի 8-ին «Եռաբլուրում» հերթական համազարկով հուղարկավորվեց Հրաչյա Գալուստի Մարտիրոսյանի աճյունը…
Քաշաթաղի շրջանը 1993 թ. վերջերից շենանում էր, հայանում, դեպի իրեն էր ձգում շատ նվիրյալների: Այդ նվիրյալներից էին նաև Գալուստ և Գոհար Մարտիրոսյանները, որոնք երկու դուստրերի ու որդու հետ 1997 թ. Արթիկից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջան և բնակություն հաստատեցին պատմական անցյալ ունեցող Արվական գյուղում. բնակավայրը հիշատակվում է դեռևս 13-րդ դարում՝ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում։
Նրանց որդին՝ Հրաչյան, ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 22-ին։ 1985-1995 թթ. ընդունվել ու ավարտել է Արթիկի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1997-99 թթ. ծառայել է հայոց բանակում՝ Մատաղիսում։ Պատվոգրերով զորացրվել է և կյանքը շարունակել արդեն նոր հայրենիքում՝ Արվականում։ Այստեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ հարևան Մշենի գյուղի բնակչուհի Աստղիկ Նազարյանի հետ։ Ամուսնացել են 2007 թ. հոկտեմբերին, ունեն երեք զավակ՝ Հովհաննեսը, Գրիգորը և փոքրիկ Գոհարը։ Շուրջ 11 տարի տարածքի անտառապահն էր Հրաչյան…
Անցած տարի այս օրերին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանի հետ այցելեցինք Մշենի գյուղ, որտեղ գործում էր հիմնական դպրոց, և տնօրենն էլ Հրաչյայի կինն էր՝ Աստղիկը։ Դպրոցի շենքը ոչ բարվոք վիճակում էր և հիմնանորոգման կարիք ուներ։ Այստեղ էր նաև Հրաչյան, որը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու դպրոցի նորոգման աշխատանքներին, միայն թե հատկացվի շինանյութ։ Շինանյութը հատկացվեց, սկսվեցին նորոգման աշխատանքները, սակայն… սկսվեց Ապրիլյանը։ Ապրիլի 2-ին առաջնագիծ մեկնողներից մեկն էլ Հրաչյան էր, որը մինչև մայիսի վերջը մասնակցեց մարտական գործողություններին և տուն դարձավ պատվոգրերով ու «Մարտական ծառայություն» մեդալով։ Նշեմ, որ 2016 թ. Ապրիլյան մարտական գործողություններին Քաշաթաղից մասնակցել են 1200-ից ավելի կամավորներ և 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ։
…2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դարձյալ շատ քաշաթաղցիների ոտքի հանեց, ու հարյուրավոր պահեստազորայինների կազմում պատերազմի առաջին օրը մարտադաշտ մեկնեց նաև Հրաչյան։ Մարտնչում էր Ջրականի հատվածում։ Կինը՝ Աստղիկը, ցավով է տեղեկացնում, որ վերջին զանգը ամուսնու հետ եղել է օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին։ Երկար ժամանակ համարվում էր անհայտ կորած, կար հույս, թե ողջ է, գերեվարված։ Երկար ամիսների սպասումներն իզուր էին. հազարավոր հայորդիների նման Հրաչյան էլ էր բռնել հավերժի ճամփան…Նույն պատերազմի պատճառով թշնամուն մնաց նաև Արվականը, որտեղ ծնվել էին Հրաչյայի զավակները։ Կիսատ մնաց Մշենիի դպրոցի շենքի նորոգումը, անտեր մնացին հայրենի անտառներն ու Հոչանց գետը, Կատոսավանքն ու մոտակա խաչքարերը… Նույն Արվական գյուղից էր ծնունդով նույնպես արթիկցի Համլետ Հովհաննիսյանը։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից կապիտան Համլետ Հովհաննիսյանի մարտկոցը գործել է անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ Նոյեմբերի 9-ին Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքին անմահության ճամփան է բռնել նաև Համլետը…
Փոքրիկ Արվական գյուղը վերջին պատերազմին ուղարկեց 10 հայորդու, որոնցից երկուսը՝ Հրաչյան և Համլետը, իրենց կյանքը նվիրեցին Հայոց հողին…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #28 (1399) 21.07.2021 - 27.07.2021, Ճակատագրեր