ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ 7 ՏԱՐՈՎ ԲԱՆՏ Է ՆՍՏԵԼ
Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը սեքսուալ բնույթի հանցագործությունների, այդ թվում բռնաբարության համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նրա վերջին բողոքարկումը մերժվել է, որից հետո անգամ Կացավը ևս մեկ անգամ հայտարարել է` պետությունը դատապարտում է անմեղ մարդու:
Պատժաժամկետի սկիզբը Մոշե Կացավը կանցկացնի ինքնասպանների համար նախատեսված խցում, որտեղից սովորական բանտախուց կտեղափոխվի միայն բանտային պայմաններին վարժվելուց հետո:
Այս գործի քննությունն սկսվել է 2006թ., երբ այն ժամանակ դեռեւս նախագահ Կացավը ոստիկանություն էր դիմել` բողոքելով իր նախկին ենթակայից շանտաժի ենթարկվելու փաստի առթիվ: Բողոքը ուսումնասիրելիս ոստիկանությունը հանգել է այն համոզման, որ այդ կինը շանտաժի դիմելու պատճառներ է ունեցել, այն է` սեռական ոտնձգությունների է ենթարկվել նախագահի կողմից:
Նախագահի հասցեին նմանատիպ մեղադրանքներ են հնչեցրել մի քանի կանայք ևս: Քննությունը որևէ կոնկրետ ապացույց չի կարողացել ձեռք բերել, մեղադրանքները կազմվել են տուժողների ցուցմունքների հիման վրա: Սակայն նախկինում իրար չճանաչող բոլոր կանայք` տարբեր ժամանակ Կացավի ենթակաները միանման են նկարագրել վերջինիս կատարած ոտնձգությունները, ինչն էլ դատարանի կարծիքով հաստատել է նրանց ցուցմունքների ճշմարտացիությունը:
Կացավը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր հետ հաշվեհարդար են տեսնում քաղաքական հակառակորդները: Այնինչ 2007թ. հասարակության ճնշման ներքո նա ստիպված է եղել հրաժարական տալ:
Խորագիր՝ Նորություններ