Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Խփվել է ուղղաթիռ

 

1992 թ. մարտի 3-ին, ժամը 18-ի մոտ, Քարվաճառի շրջանի տարածքում Ադրբեջանի ազգային բանակի տարբերանշաններով «Մի-8» ուղղաթիռը գրոհել եւ խոշոր տրամաչափի գնդացրով գնդակոծել է «Մի-26» բանակային ուղղաթիռը, որը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանից Հայաստան էր տեղափոխում ավելի քան 50 վիրավորների ու փախստականների, հիմնականում կանանց ու երեխաների:

«Մի-26»-ին ուղեկցող ուղղաթիռի պատասխան գործողություններով հարձակումը հետ է մղվել: Սակայն որոշ ժամանակ անց «Մի-26»-ը հրթիռակոծվել է եւ, կորցնելով կառավարումը, հարկադիր վայրէջք կատարել Քարվաճառի շրջանի Սեիդլյար ադրբեջանական գյուղի շրջակայքում: Գնդակոծման եւ վթարային վայրէջքի հետեւանքով վիրավորվել է 48 մարդ, այդ թվում` անձնակազմի 5 անդամները: Երկու օդաչուների վիճակը շատ ծանր է: 6  մարդ զոհվել է տեղում, եւս 10-ը մեկ օրվա ընթացքում մահացել են Երեւանի հիվանդանոցներում:

Նույն օրը, ողբերգական միջադեպից մի քանի ժամ առաջ, Քարվաճառի տարածքում գրանցվել է եւս մեկ օդային հարձակում. ադրբեջանական ուղղաթիռը գրոհել է Շահումյան-Երեւան երթուղով թռչող «Մի-8» ուղղաթիռը:

Անցյալ տարվա նոյեմբերի 20-ից հետո Ադրբեջանի կողմից հաճախացել են հարձակումները պաշարված Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական օգնություն տանող եւ վիրավորներին ու հիվանդներին Հայաստան տարհանող ուղղաթիռների վրա: Միայն փետրվար ամսվա ընթացքում առնվազն 4 հարձակում է եղել. փետրվարի 11-ին ուղղաթիռը երկրից գնդակոծելու հետեւանքով վիրավորվել է մի քանի ուղեւոր, այդ թվում` մի կին: Փետրվարի 13-ին գնդակոծվել են Ստեփանակերտ ալյուր տեղափոխող 2 ուղղաթիռները, վերջապես, փետրվարի 29-ին, Ստեփանակերտին մոտենալիս ադրբեջանական «Մի-24» երկու ուղղաթիռների կողմից հարձակման է ենթարկվել դեղորայք տեղափոխող ուղղաթիռը, որն ստիպված վերադարձել է Երեւան:

(«Ռուսսկայա միսլ», 13.03.1992)

 

Կոտորած Ղազանչիում

 

Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գրոհել են Կիչան գյուղը: Հարձակումը հետ է մղվել: Ամեն օր հրետակոծվում է Կարմիրավան գյուղը:

Մարտի 4-ին, ժամը 20-ի մոտ, Մարտակերտի շրջանի Սրխավենդ ադրբեջանական գյուղից վերսկսվել է Կիչանի գրոհը: Գյուղի մերձակայքում մարտը շարունակվել է ամբողջ գիշեր:

Մարտի 5-ի առավոտվանից հարձակման է ենթարկվել Ղազանչի գյուղը: Ադրբեջանական 8 գյուղերով շրջապատված Ղազանչիի դեմ նետվել են տանկեր ու զրահափոխադրիչներ: Ցերեկվա կռիվների ընթացքում սպանվել են 11 եւ վիրավորվել 13 բնակիչներ եւ ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ: Մարտի 5-ի երեկոյան եւ մարտի 5-ի լույս 6-ի գիշերը Ղազանչիի վրա հարձակումը լայնամասշտաբ բնույթ է կրել. ադրբեջանական կողմից գրոհին միացել են մոտ 1000 զինվորներ, 25 միավոր զրահատեխնիկա, ներառյալ «Տ-72» ծանր տանկեր:

Մարտի 5-ի երեկոյան հայկական կողմի կորուստը կազմել է մոտ 50 մարդ: Սպանվածների թվում կան կանայք ու երեխաներ: Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ներխուժել են գյուղ` հրանետներով այրելով տները: Ականատեսները, որոնց հաջողվել է դուրս գալ շրջապատված գյուղից եւ հասնել Կիչան, պատմել են, որ տասնյակ մարդիկ, այդ թվում կանայք ու երեխաներ, սպանվել են իրենց տներում: Գյուղի 230 բնակիչներից փրկվել են հատուկենտ մարդիկ:

Նույն ժամանակ ադրբեջանական բանակի հարյուրավոր զինվորների եւ 11 միավոր զրահատեխնիկայի հարձակումը Կիչան գյուղի վրա հետ է մղվել: Գիշերը Աղդամի շրջանից հրետակոծման է ենթարկվել Մարտակերտ շրջկենտրոնը: Քաղաքի բնակիչների թվում կան սպանվածներ ու վիրավորներ: Փլվել եւ այրվել է մոտ 10 տուն:

ԼՂՀ ԳԽ մարտի 7-ի տվյալներով՝ այս ամսին զոհվել եւ անհայտ կորել են արդեն ԼՂՀ 300 բնակիչներ:

(«Ռուսսկայա միսլ», 13.03.1992)

 

Կիրառել են «Գրադ» կայանք

 

Վերջին շաբաթվա ընթացքում Շուշիից ամեն օր գնդակոծվում է հայկական Քարինտակ գյուղը: Այդ ընթացքում սպանվել ու վիրավորվել են 20-ից ավելի տեղի բնակիչներ, փլվել են բազմաթիվ բնակելի եւ տնտեսական շինություններ:

Մարտի 7-ին եւ 8-ին հրետակոծվել եւ հրթիռակոծվել են Շահումյան շրջկենտրոնը (մոտ 5000 բնակիչ) եւ հայկական Ղարաչինար գյուղը: Ադրբեջանական բանակի եւ օմօնի կրակային դիրքերը Շահումյանի շրջանի ադրբեջանական երկու գյուղերում են:

Չի դադարում Մարտունի շրջկենտրոնի եւ մերձակա հայկական գյուղերի գնդակոծումը: Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ադրբեջանական բանակի դիրքերից 100 մմ-անոց հրանոթներով եւ ՀՄՄ-ներով գնդակոծվել են Մարտունին եւ Ճարտար գյուղը: Մարտի 6-ին Մարտունին հրետակոծելիս ադրբեջանցիները կիրառել են համազարկային կրակի «Գրադ» կայանք: Բեկորաֆուգասային արկերով մի քանի համազարկ է տրվել: Դրա հետեւանքով հիմնահատակ ավերվել է 10 տուն: Փլատակների տակ է մնացել 5 մարդ: Միաժամանակ Ադրբեջանի Ֆիզուլու շրջանից հրետակոծվել են Մարտունու շրջանի երկու գյուղեր: Մարտի 7-ին, ժամը 16-ի մոտ, ադրբեջանական գյուղերից Մարտունու հրետակոծումը «Գրադ» կայանքներով կրկնվել է:

(«Ռուսսկայա միսլ», 13.03.1992)

 

Ասկերանի պաշտպանությունը

 

Մարտի 6-ին, ժամը 13-ից ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մեծ թվով զրահատեխնիկայի աջակցությամբ Ադրբեջանի Աղդամի շրջանից հարձակում են սկսել Ասկերանի եւ Ստեփանակերտի ուղղությամբ: Ասկերան շրջկենտրոնին (որի բնակչությունը մոտ 3000 է) մոտենալուն զուգահեռ, ադրբեջանցիները գնդակոծել են Ասկերանի շրջանի մի շարք հայկական գյուղեր եւ գրոհել Նախիջեւանիկ գյուղը: Մոտ ժամը 18-ին, զբաղեցնելով Ասկերանի մերձակայքում գտնվող նավթալցակայանը, ադրբեջանական տանկերը գարեջրի գործարանի շրջանում ներխուժել են ավանի ծայրամաս, բայց կասեցվել են հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից: Ադրբեջանցիները նահանջել են ու դիրքավորվել քաղաքի մատույցներում:

Ասկերանի վրա հարձակմանը մասնակցել են ադրբեջանական բանակի մոտ 2000 զինվորներ, «Տ-72» 9 ծանր տանկ եւ 20 զրահափոխադրիչ: Հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, վկայակոչելով տանկերի անձնակազմերի միջեւ խոսակցությունները` հայտարարել է, որ Ասկերանի գրոհին մասնակցել են Ադրբեջանի տարածքում բնակավորված` ԱՊՀ զորքերի 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի զինծառայողները:

Մարտի 6-ի երեկոյան Աղդամից Ասկերանը հրետակոծվել է «Գրադ» կայանքով: Մարտի 7-ին, ժամը 14-ի մոտ, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Աղդամում տեղակայված տանկերի հրանոթներով ու «Գրադ» կայանքներով սկսել են զանգվածաբար գնդակոծել Ասկերանը: 5 ժամվա ընթացքում շրջկենտրոնի վրա 6 համազարկով արձակվել է 35-ական արկ: Ասկերանում փլվել են տասնյակ տներ, ժամեր շարունակ այրվել է գինու գործարանը: Քաղաքացիական բնակչության թվում կան զոհեր: Կարճ դադարներով հրետակոծումը շարունակվել է ամբողջ գիշեր: Մարտի 8-ի ցերեկը Ասկերանի հրետակոծումը վերսկսվել է:

(«Ռուսսկայա միսլ», 13.03.1992)

 

Դեսանտ Ստեփանակերտում

 

Մարտի 2-ի առավոտյան օդադեսանտային դիվիզիայի (տեղակայման վայրը` ք.Գյանջա (Գանձակ) ստորաբաժանումները, առանց ԼՂՀ ղեկավարության հետ համաձայնեցնելու եւ պատճառը հայտարարելու, դեսանտ են իջեցրել Ասկերանի շրջանի հայկական Բալուջա եւ Ավետարանոց գյուղերի մերձակայքում եւ Ստեփանակերտում` 366-րդ գնդի տեղակայման վայրում: Գնդի հրամանատար, փոխգնդապետ Զարվիգորովը փաստացի հեռացվել է պաշտոնից: Միայն դեսանտի իջեցումից հետո հրամանատարությունը, ի դեմս Անդրկովկասի ռազմական օկրուգի առաջին փոխհրամանատար, գեներալ-մայոր Յուրի Գրեկովի, պարզաբանել է, որ ժամանած զինծառայողները պետք է ապահովեն 366-րդ գնդի մարտական տեխնիկայի դուրսբերումը ԼՂՀ-ից:

(«Ռուսսկայա միսլ», 13.03.1992)

 

Շարադրեց Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (1403) 18.08.2021 - 24.08.2021, Ազգային բանակ


19/08/2021