«ՇԱՄՍԻ» ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ԱՅԼԵՎՍ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԸ
Պակիստանի սահմանապահ կորպուսի զինծառայողները մտել են երկրի հյուսիս-արևմուտքում` Բելուջիստանի նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի հենակայան, երբ Իսլամաբադի ու Վաշինգտոնի հարաբերությունների վերջին սրումից հետո Պակիստանի իշխանությունների պահանջով ԱՄՆ վերջին 50 զինծառայողները հեռացան ռազմաբազայից, որը 2001 թվականից ի վեր օգտագործվում էր հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար:
Միաժամանակ Պակիստանի վարչապետ Յուսեֆ Ռազա Գիլանին հայտարարել է, որ իր երկիրը չի վստահում Միացյալ Նահանգներին, և այդ անվստահությունը փոխադարձ է:
Իսկ Պակիստանի զինված ուժերը երկրի արևմտյան սահմանին տեղակայել են հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնց խնդիրն է ոչնչացնել Աֆղանստանից երկրի օդային տարածք ներխուժած ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները:
Վարչապետը չի բացառել Պակիստանի տարածքով Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորախմբի համար բեռների փոխադրման վերականգնումը, սակայն հստակեցրել է, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն մի քանի շաբաթ:
Խորագիր՝ Նորություններ