ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ
Զորամասի հրամանատար փոխգնդապետ Ռ. Բեգլարյանին խնդրեցինք մեզ ուղարկել հեռավոր հենակետերից մեկը։ Փորձառու զինվորականը, որ լավ հասկանում էր, թե ինչքան դժվար ու վտանգավոր է այս եղանակին հեռավոր հենակետ գնալը, մի պահ ընկավ մտածմունքի մեջ, ապա հրամանատարական հեռախոսով կապվեց հենակետերից մեկի պատասխանատուի հետ։
– Շամամյան, ի՞նչ եղանակ է ձեզ մոտ, մեքենա կարո՞ղ է բարձրանալ։
Մի քանի վայրկյան լսելուց հետո դրեց խոսափողն ու դիմեց տեղակալ փոխգնդապետ Ա. Ադամյանին.
– Պարոն փոխգնդապետ, լրագրողներին ուղեկցեք մարտական հենակետ։
«Ուազիկը» դժվարությամբ հաղթահարում էր հերթական ոլորանն ու վերելքը: Տե՛ր Աստված, այս լեռնային փոքրիկ երկրում ինչ դժվարությամբ են ճանապարհներ բացվել։ Տեսնես աշխարհում մեր երկրի նման էլի երկիր կա՞, որի մարտական հենակետերը ծվարած լինեն լեռների անապատում։
Ճանապարհին երկու հարկադիր կանգառ արեցինք՝ ջրով ու ձյունով սառեցնելով մեքենայի կենտրոնական ջեռուցման տաքացնող սարքը։ Հենակետ տանող ճանապարհի վերջին ոլորանն էլ շրջանցեցինք, եւ փոխգնդապետը անջատեց մեքենայի շարժիչը։
– Ձյունը շատ է, մեքենայով անհնար է մոտենալ հենակետին, մնացած երկու հարյուր մետրն էլ ոտքով կբարձրանանք,- ասաց փոխգնդապետ Ադամյանն ու մեզ առաջնորդեց դիրքեր։ Լեռնային քամին մի կողմից, ձյունը մյուս կողմից դժվարացնում էին քայլելը։
– Այստեղ ձնաբուքն ու սառնամանիքը մշտական հյուրեր են։ Եղանակային նման պայմաններում հրահանգ ունենք հերթափոխն իրականացնել նույնիսկ կես ժամը մեկ, որպեսզի զինվորներին զերծ պահենք ցրտահարությունից,- ասաց փոխգնդապետը։
Գետնատնակի մոտ մեզ դիմավորեց հենակետի պատասխանատուն՝ վաշտի հրամանատար կապիտան Հակոբ Շամամյանը, որն էլ փոխգնդապետ Ադամյանին զեկուցեց իրադրությունն ու մեզ առաջնորդեց դիրքեր։ Ամենօրյա իր գործն անողի եւ այն հրաշալի տիրապետողի ջանասիրությամբ երիտասարդ, անխոնջ սպան մեզ մանրամասն ծանոթացրեց տեղանքին, ցույց տվեց հակառակորդի հենակետերը։ Անզեն աչքով էլ երեւում էր, որ մեր ու հակառակորդի միջեւ եղած տարածությունը փոքր է, եւ ցանկացած պահի գնդակը կարող է հասնել անզգույշ զինվորին։
Դիտորդ շարքային Արայիկ Վարդազարյանի համար մարտական հենակետում այս հերթափոխը առաջինն էր։
– Դե, հասկանալի է, առաջին օրը մի քիչ վախ կար մեջս: Ավելի դժվար էր գիշերը։ Սառնամանիքին դիմանալն էլ էր դժվար, բայց դրանք հաղթահարելի են։ Հետո ավելի հեշտ կլինի,- վստահեցրեց Արայիկը։
Ավագ դիտորդ շարքային Նարեկ Սահակյանը մարտական հերթափոխի մեջ նորեկ չէ, ծառայության 16 ամիսներին նա տասնյակ հերթափոխերի է մասնակցել` մշտապես աչքի ընկնելով բարձր կարգապահությամբ, աչալուրջ դիտարկումով, իսկական սահմանապահին բնորոշ գծերով։
– Վաղն ավարտելու եմ հերթափոխս եւ իջնելու եմ զորամաս,- ասաց նա։- Թեպետ առաջին գծում ավելի վտանգավոր է ու դժվար, այնուամենայնիվ ծառայությունն այստեղ ավելի հետաքրքիր է անցնում։ Պարոն մայոր, մեր մասին «Հայ զինվոր» թերթում գրելու՞ եք, մեր լուսանկարները կլինե՞ն այնտեղ։ Ինչ լավ կլինի, որ մեր լուսանկարները տպվեն թերթում, մեր ծնողներն էլ կարդան, ուրախանան,- ոգևորվեց Նարեկը։
Նա իրենց տան փոքրն է։ Նրա երկու եղբայրներն էլ ծառայել են ազգային բանակում եւ պատվով վերադարձել տուն։
Այո՛, շարքայիններ Արթուր Ղազարյանը, Նարեկ Սահակյանը, Արայիկ Վարդազարյանը, կրտսեր սերժանտներ Վահան Խաչատրյանը, Մակիչ Գեւորգյանը, սերժանտ Սրապիոն Հունանյանը եւ նրանց նմաններն են մեր երազած հայրենիքի իրական տերերը, երկրի ու ժողովրդի պահապանն ու պատասխանատուն։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ