Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ» ՋԱԽՋԱԽՎԵՑ



Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում հերթական` մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության ժամանակ մի քանի օր շարունակ եղանակային անբարենպաստ պայմաններում փոխգնդապետ Ա.Ցականյանի հրամանատարությամբ գործող գնդի անձնակազմը, կատարելով պատերազմականին մոտեցված տարբեր մարտական առաջադրանքներ, ցուցաբերեց դաշտային վարժվածության բարձր մակարդակ:

Զորամասի դուրսբերումը ճամբարային ավան, ինչպես նաև մարտական պատրաստականության մյուս միջոցառումները կատարվեցին սահմանված ժամկետում, վարժ ու անթերի: Իրականացվեց մարտի համակողմանի ապահովում և պլանավորում, որից հետո զորքը զբաղեցրեց պաշտպանական դիրքեր:

Անձնակազմը քաջատեղյակ էր ստեղծված իրավիճակին, ըստ որի` հակառակորդն անցել է հարձակման` նպատակ ունենալով ջախջախել մեր ստորաբաժանումները: Առաջավոր դիրքում սկսվեց մարտի վարումը: Տանկերի և հրետանու հուժկու կրակի տակ մեր մոտոհրաձիգներին հաջողվեց զբաղեցրած բնագծերից ետ մղել հակառակորդին, ջախջախել նրա հիմնական ուժերն ու հաստատվել ավելի բարենպաստ դիրքերում:

Զորավարժությանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Դավթյանն ու ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության գնդապետ Սեյրանյանը:

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության նախնական արդյունքները ցույց տվեցին, որ զորամասը կարողանում է իրականացնել ներդաշնակ գործողություններ, հրամանատարները մարտում ստորաբաժանումները ղեկավարում են վարժ և հմուտ, շտաբները կարողանում են ընդունել արագ և ճիշտ որոշումներ:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ազգային բանակ


14/12/2011