Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ՍՐՏՈՎ ՀՍԿԱՆ



ԲԱՐԻ ՍՐՏՈՎ ՀՍԿԱՆԷրիկ Եգանյանը խաղաղապահ բրիգադում էր ծառայում, պայմանագրային զինծառայող էր, երբ հանդիպեցի՝ իր մասին նյութ գրելու նպատակով. նրա սահմանած ռեկորդը գրանցվել էր ՀՀ «Դյուցազնագրքում»՝ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում՝ 20 րոպե 45 վայրկյանում 15 սմ երկարության 559 մեխերը չորս մետր հեռավորությունից նետել էր նշանաթիրախին:

Հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը՝ բարդացնելով վարժությունը՝ եռապատկելով մեխերի թիվը եւ միաժամանակ երկու թիրախ խոցելով: Նույն վարժությունը նախատեսել էր կատարել նաեւ դանակներով եւ կացիններով: Ասաց նաեւ, որ նպատակադրվել է եւս երեք ռեկորդ սահմանել եւ առաջիկա հաղթանակն էլ նվիրելու է հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր հերոս քաջորդիների հիշատակին: Հարցազրույցս 2020 թ. ամռանն էր, երկու ամսից պատերազմը սկսվեց….…Պատերազմը շատերի երազանքները, նպատակները անկատար թողեց, Էրիկինն էլ…

Եգանյանների օջախում հավաքվել են Էրիկի մարտական ընկերները ու պատմում են նրա անսահման խիզախությունից, պատմում են անհուն ջերմությամբ, առանձնակի ակնածանքով, ու ամեն մի պատում է՛լ ավելի է ամբողջացնում, մի նոր երանգ հաղորդում խիզախ հայորդու առինքնող ու լուսավոր կերպարին։

Քանի՜ վտանգավոր առաջադրանք փայլուն կատարեց, քանի՜ մարդկային կյանք փրկեց, թիվ ու հաշիվ չկա…

Էրիկը նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակից էր, կռվել էր ամենաբարդ կետերից մեկում՝ Թալիշում: Խաղաղապահ առաքելությամբ տարբեր երկրներում էր եղել՝ Կոսովո, Աֆղանստան: Ընկերները պատմում են, որ օտար հողում եւս ազատ ժամերին երբեք չէր դադարեցնում մարզումները: Այլազգի խաղաղապահները հետաքրքրությամբ էին հետեւում հայ խաղաղապահի՝ մեխով եւ դանակով անվրեպ նետումներին, հիանում նրա բազկի զորությամբ։

-Էրիկը մեր բանակի նվիրյալ զինվորականներից էր,- հերոս քաջորդուն այսպես է բնութագրում զինակից ընկերը՝ Գեղամ Պետրոսյանը,- պարտաճանաչ էր, նախաձեռնող, դեռ պատերազմից էլ առաջ, ամեն ջանք դնում էր, որ մեր պոստերն առավել ամուր եւ անառիկ լինեին: Ասում էր՝ միշտ պատրաստ պետք է լինենք ամեն զարգացման: Նրա ամեն րոպեն միտված էր թե՛ իր, թե՛ զինվորների մարտական, ֆիզիկական որակները կատարելագործելուն։ Ինքնաշեն հարմարանքներ կսարքեր, որ մինչ օրս էլ գործածվում են բանակում։ Իր նորամուծությունների համար բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից։

-Էրիկի նվիրումը աննկարագրելի էր. ջանք, եռանդ չէր խնայում անձնակազմի հետ աշխատելիս, ստիպում էր հնարավորինս լավ յուրացնել զինվորական գործի ամեն մանրուք,- զինակից ընկերոջ խոսքը լրացնում է Կարեն Թոզմարյանը:

-Էրիկը ֆիզիկապես շատ ուժեղ էր, միաժամանակ՝ բարի, համեստ, հոգատար, իր գիտեցածը համբերատար սովորեցնում էր բոլորին: Վերջին անգամ Կարմիր Շուկայի մոտ հանդիպեցի նրան եւ Ալիկին, բարկացան վրաս՝ ինչի՞ ես հասել այստեղ,- հիշում է մարտական ընկերուհին՝ Գրետա Պանյանը։

ԲԱՐԻ ՍՐՏՈՎ ՀՍԿԱՆԶինակից ընկերներից Ալիկ Մանուկյանը մինչեւ վերջին օրը՝ հոկտեմբերի 21-ը, եղել է Էրիկի կողքին, ու իր մտապատկերում անջնջելի կմնան մարտընկերոջ հետ կապված բոլոր հիշողությունները.

-«Ծերուկը»՝ Էրիկին կատակով այդպես էի դիմում, իր արածների մասին չէր սիրում բարձրաձայնել, պատմել, հեռու էր ինքնագովությունից, բայց իր ամեն արարքը, ամեն վարմունքը հիշատակելու արժանի էր։ Ինքը ե՛ւ լավ մարդ էր՝ սրտացավ, հասնող, խոսքի տեր, ե՛ւ լավ զինվորական էր՝ տոկուն, համառ, համարձակ, թիկունքիդ միշտ կանգնած: Հիշում եմ, կարեւոր ու դժվարին առաջադրանք պետք է կատարեինք։ Շունչս մի տեսակ կտրվում էր, օդը չէր հերիքում: «Լարվածությունից է, հանգիստ եղիր, կանցնի»՝ գոտեպնդեց Էրիկը։ Ճանապարհին հիշեցի, որ փոքրիկ սրբապատկերս մոռացել էի մեքենայի մեջ. լարված, պատասխանատու եւ ծայրահեղ իրավիճակներում ամեն զգացողությունդ սրվում է, թե հավատացյալ ես, էլ ավելի հավատքով ես դառնում: Սրբապատկերի մոռանալս լավ նշան չհամարեցի ու սրտնեղությունս բարձրաձայնեցի: Էրիկը հուսադրեց՝ մի՛ անհանգստացիր, ինձ մոտ երկու սրբապատկեր կա, մեկը կտամ քեզ… Մենք գնում էինք մահվանն ընդառաջ, ու ինքն ինձ տվեց իր պահապան հրեշտակի նկարը, այսինքն՝ հավասարազոր է, որ կյանքն էլ չէր վարանի տալ…

Անընդհատ հիշում ենք իրեն, իր համով-հոտով հումորները, քիչ էր խոսում, բայց էնքան կատակասեր էր… Հերթական առաջադրանքը կատարելիս մեր համազգեստը լավ քրքրվել էր, պատառոտվել, ծվեն-ծվեն եղել։ «Բանակային համազգեստի ճղճղված ոճի առաջին մոդելը մերը կլինի»,- սրամտեց Էրոն: Ասում էի՝ Էրո՛, մի՛ խոսիր, վտանգավոր հատվածում ենք, ու հազիվ էի ծիծաղս զսպում,- պատերազմի դաշտի վառոդաբույր ժպիտներն է վերհիշում Ալիկը:- Մոտ 138 հոգուց բաղկացած անձնակազմ՝ ժամկետայիններ, կամավորականներ, երկու «Կամազով» գիշերով դուրս բերեցինք: Երբ արդեն ապահով վայրում էինք, ամեն մեկս մեր ծննդավայր-բնօրրանից մարդ էինք ման գալիս՝ գուցե մի ծանոթ լիներ: Ալավերդցի տղաներ կային (Էրիկը Ալավերդիից է), հակառակի պես՝ իմ ծննդավայրից մարդ չկար: «Գիտես, չէ՞, մեր տարածքի մարդիկ ավելի հայրենասեր են, քան ձեր տարածքինը»,- Էրիկը հոգուս հետ էր խաղում: Պայմանավորվել էինք՝ պատերազմից հետո այցելել մեկմեկու ծննդավայր, ես արդեն հեռակա գիտեի Ալավերդիի բոլոր տեսարժան, գողտրիկ անկյունները…

-Որդուս նվիրումն անսպառ էր, բարի սիրտ ուներ, կամեցող, սրտաբաց, երբեք ոչ մեկի վատը չէր ուզի,- պատմում է Էրիկի մայրը:- Դեռ փոքր տարիքից մարզվում էր, ուժեղանում, նույնն էլ որդուն էր սովորեցնում, հաճախակի տանում էր հրաձգարան՝ կրակելու… Երբեք բարձր տոնով չէր խոսի, սիրող ամուսին էր, ծնողապաշտ զավակ, ո՜նց էր նվիրված երեխեքին…

Կինը՝ Լիլիթն էլ խոստովանում է՝ ծանոթանալիս իրեն գրավել է Էրիկի սահմաններ չունեցող բարությունը, շիտակությունը։

-Հիշում եմ՝ դեռ մերոնց հետ չէի ծանոթացրել, ու հեռուստացույցով իրեն էին ցուցադրում՝ մարտեր առանց կանոնների էր մասնակցում, ու հայրս ոնց էր լարված հետեւում խաղին ու երկրպագում իրեն։

Հետո, երբ արդեն ամուսնացել էինք, ինձ մեկ-մեկ ծանոթներս կեսկատակ-կեսլուրջ հարցնում էին՝ Լի՛լ, էդքան թափով է, չես վախենում, որ մի օր բարկանա ու խփի։ Միշտ նույն պատասխանն էի տալիս՝ դուք չգիտեք, այդ հսկա մարմնում ինչ բարի սիրտ է թաքնված…Ուշադիր, նվիրված, հարգանքով… Երանի էդքան իդեալական չլիներ…Պատերազմի օրերին երբեմն-երբեմն զանգում էր.

-Լի՛լ ջան, ամեն ինչ լավ կլինի…

-Լի՛լ ջան, գամ՝ մի տղա էլ ունենանք…

-Երեխեքին լավ կնայես, Լի՛լ…

Հոկտեմբերի 21-ին հանձնարարություն էին ստացել, գնում էին առաջադրանքը կատարելու, երբ դիմացից նկատեցին ընդառաջ սլացող մեքենան, թշնամին էր…Միանգամից արգելակեցին, կատաղի փոխհրաձգություն էր…

Էրիկը կռվեց հերոսի նման, կռվեց մինչեւ սրտի վերջին զարկը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


21/10/2021