ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Հրամանատարը` ծնունդով Ֆրեզնոյից
Շաբաթ օրը մարտի դաշտում զոհվեց Լեռնային Ղարաբաղում ռազմաճակատի` ամերիկյան ծագումով հայ հրամանատարը. 36-ամյա Մոնթե Մելքոնյանը իր ջիպով դիրքեր գնալիս հայտնվել է ադրբեջանական ՀՄՄ-ի կրակի տակ։
Լեռնային Ղարաբաղում դիմակայության համարյա 5 տարիների ընթացքում Մելքոնյանը զոհված առաջին բարձրաստիճան զինվորականն է, հայկական սփյուռքից այստեղ մի բուռ կռվողների ներկայացուցիչը:
«Մելքոնյանի մահն անդառնալի կորուստ է մեզ համար,- ասաց Արկադի Ղուկասյանը` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդականը։- Իհարկե, մենք կշարունակենք կռվել առանց նրա, բայց երբեք չենք մոռանա, թե ինչ է նա արել մեր բանակի ստեղծման համար։
Մոնթեն Ղարաբաղում հայերի յուրաքանչյուր խոշոր հաղթանակի հեղինակներից մեկն էր:- Նա համար մեկ հերոսն էր, Ղարաբաղի մեծ հերոսը»։
Նա պնդում էր, որ կկռվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի տարածքի հանդեպ հավակնությունից: Ասում էր, որ ինքն ու կինը ժամանակ չեն ունեցել ապրելու նորմալ ընտանեկան կյանքով։
(«Թայմս», 15.06.1993)
«Հրավիրում ենք ծառայելու»
«Կոչ եմ անում ձեզ դառնալ կադրային սպա»` սա, թերեւս, պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի ու Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների հանդիպման լեյտմոտիվն էր: Ներկայումս բուհերի ռազմական ամբիոններում ուսումնական հավաքի են մասնակցում պահեստի ապագա լեյտենանտները: Դա կլինի «պահեստայինների» առաջին խմբաքանակը, որը Հայաստանին հավատարմության երդում կտա:
Ն.Տեր-Գրիգորյանցի ԵՊՀ գալը պատահական չէր: Տարածաշրջանի պայթյունավտանգ վիճակը ստիպում է Հայաստանին առաջնահերթ ուշադրություն դարձնել սեփական բանակին: «Աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի խաղաղության ու անվտանգության միակ երաշխիքը հզոր բանակն է»,- իր ելույթում նշեց գեներալ-լեյտենանտը: Նա նաեւ մանրամասն պատմեց ՀՀ ԶՈՒ շինարարության փուլերի, այդ գործում դժվարությունների ու հաջողությունների մասին, շեշտեց բանակում կրտսեր հրամկազմի պակասը։
«Նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ռազմաուսումնական հաստատություններն այժմ կադրեր են պատրաստում ազգային բանակների համար, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, նման ուսումնարաններ չկային։ Ուստի, խնդրի միակ եւ հուսալի լուծումն այսօր ռազմական ամբիոնների շրջանավարտների ներգրավումն է մեր կառույցի մեջ»,- ասաց Ն.Տեր-Գրիգորյանցը։
Օրենքի համաձայն՝ բանակում չծառայած պահեստի սպան ցանկացած պահի կարող է 2 տարով զորակոչվել։ Իսկ այն բուհերի շրջանավարտները, որտեղ ռազմական ամբիոն չկա, կզորակոչվեն 1 տարով, ինչից հետո, վերապատրաստվելով, կարող են եւս 2 տարի ծառայել որպես սպա։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի ասածը որոշ չափով մտահոգեց երիտասարդ ֆիզիկոսներին, պատմաբաններին, մաթեմատիկոսներին… Սակայն հազիվ թե կասկածի ենթակա է այն, որ այսօր ծոծրակը քորող տղերքի մեծ մասը ջինսից կուրտկայի փոխարեն լեյտենանտի ուսադիրով համազգեստ է հագնելու: Ավելացող գործազրկությունը, չնչին աշխատավարձը եւ հեռանկարի բացակայությունը յուրաքանչյուրի կյանքում անորոշություն են ներմուծում։ Այդ պայմաններում, Ն.Տեր-Գրիգորյանցի կարծիքով, երիտասարդ մասնագետին սեփական հնարավորությունների հանդեպ սկզբնական փուլում վստահություն կարող են ներշնչել զինվորական համազգեստը եւ, իհարկե, սպայի աշխատավարձը։
(Դմիտրի Պիսարենկո, «Ռեսպուբլիկա Արմենիա», 06.08.1993)
Շատ ուշ հասկացանք
Ես վաղուց էի ձգտում Արցախ, բայց միշտ մտածել եմ, որ հիմա ճանաչողական այցելությունների ժամանակ չէ. ներկայիս էներգետիկական ճգնաժամի պայմաններում ծառայողական ավտոմեքենայով տեղ գնալն անթույլատրելի ճոխություն է, իսկ ուղղաթիռից կամ ավտոբուսից օգտվելու դեպքում կարող եմ զբաղեցնել հայրենիք վերադարձող փախստական ղարաբաղցու տեղը:
Ղարաբաղի բնապահպանության կոմիտեի հետ կապեր եղել են` օգնել ենք, ինչով կարողացել ենք, բայց հեռվից: Վերջապես ի հայտ եկան նոր հանգամանքներ, որոնք թույլ են տալիս պաշտոնապես այցելել, ծանոթանալ կոլեկտիվի հետ, իմանալ նրանց կարիքները, քննարկել համագործակցության հեռանկարը:
Դատելով ըստ ԶԼՄ-ների հաղորդածի, ինչպես նաեւ այս տարվա օգոստոս-սեպտեմբերին ԼՂՀ-ից փախստականներով լցված Զանգեզուրի ճանապարհներին աչքովս տեսածի, ակնկալում էի տեսնել ավերված, ճնշված, դատարկված Ստեփանակերտ, պատրաստվում էի հրետակոծության տակ նկուղում ապրելու: Պարզվեց` այդպես չէ:
Այո՛, Ստեփանակերտն ավերված է, բայց, փառք Աստծո, միայն մասամբ: Եվ ինչն է անսահման ուրախացնում` քաղաքը վերականգնվում է, աշխատում են վերամբարձ կռունկները, կիսավեր շենքերն ակտիվորեն նորոգվում են։ Ամենուրեք, որտեղ փոքր-ինչ ջանք գործադրելով կարելի է վերականգնել կացարանը, արդեն նկուղներից դուրս եկած կամ հարաբերական անդորր հաստատվելուն պես Հայաստանից վերադարձած ընտանիքներ են ապրում։ Քաղաքը կյանքով լի է, մանկական զրնգուն ձայները միախառնվում են ռազմական տեխնիկայի հռնդյունին։ Քաղաքն ապրում է, պայքարում, տոնում վերածննդի հաղթանակը։ Ստեփանակերտն անցել է, հաղթահարել 92-ի կեսի ծանր ճգնաժամը. վերականգնված է ջրագիծը, ճիշտ է, ընդհատումներով` հեռուստատեսությունը։ Ճգնաժամից դուրս են գալիս, վերականգնվում շրջակա գյուղերը. բնակիչների հոսքն ուղղված է հակառակ` դեպի Արցախ։
Դա կարեւոր է հատկապես Շուշիի համար։ Ավերված, մասամբ այրված քաղաք` աննկարագրելի գեղեցիկ սպիտակաքար տաճարով։ Փառք Տիրոջը, տաճարը պահպանվել է` վեր է խոյանում որպես ժամանակները կապող հավերժական խորհրդանիշ։ Համընդհանուր լռության մեջ ուրախալի է տեսնել հատուկենտ անցորդների եւ հատկապես` չավերված տների դարպասների մակագրությունները. «Տունը զբաղված է, կա օրդեր»։ Որոշ մակագրություններ շարունակվում են` «Տերը առաջնագծում է»։
Բավական է փոքր-ինչ ծանոթանալ տեղանքին եւ ապշել կարելի է. ինչպե՞ս դիմացավ Ստեփանակերտը` բաց լինելով Շուշիի, Խոջալուի, մայրաքաղաքն ակնհայտ ռազմավարական նպատակով խիտ օղակի մեջ առած ադրբեջանական գյուղերի բոլոր կրակակետերի համար։ Վերջիններիս ինչպե՞ս չհաջողվեց մոխրակույտի վերածել խռովարար քաղաքը։ Ինչպե՞ս նա ոչ միայն դիմացավ, այլեւ ստիպեց դրանց ընդմիշտ լռել. այս ամենն արդեն պատմության սեփականությունն է։ Հիրավի, արդարության, արդար գործի ուժն իջեցրեց կշեռքի նժարը։
Խոջալուն` դատարկ, ասես «մազերը ցից-ցից եղած» ավերված տների սեւ ակնաբներով: Մասնավոր տներն ու վագոնիկները, որոնց նմանը տեսել եմ աղետի գոտում, թալանվել էին Ադրբեջանով անցնող գնացքներից ու հապճեպ տեղադրվել այստեղ. Ստեփանակերտի համար անպատկերացնելի արագությամբ կառուցվում էր եւս մի մարդասպան-քաղաք: Չօգնեց:
Ասկերանը` մասամբ ավերակների մեջ, բայց կռվող, անկոտրում: Ասես աչքիս առաջ է նրա մոտ ապագան` ամբողջությամբ վերամբարձ կռունկների անտառի մեջ, Ստեփանակերտի նման վերականգնվող: Համոզված եմ` այդպես էլ կլինի, քանի որ տեսել եմ, խոսել նրա հերոսների հետ, որոնք իրենց ժողովրդի ազատության համար պատրաստ են ցանկացած զրկանքի, մահվան: Զրուցել եմ մայրերի, կանանց, քույրերի հետ, որոնք տները թողած` ինքնաշեն դաշտային խոհանոցում սպասարկել են կռվող տղամարդկանց։ Տիկին Եվգինե, Լուսիկ, Վերա… Ի՜նչ երգեր են երգում, ի՜նչ բանաստեղծություններ արտասանում` բոլորը ստեղծվել են այստեղ, այս կրակի մեջ, մարտերում կոփված ոգու ուժով։ Երգերի հեղինակը զոհվել է. է՛լ ավելի ոգեշնչված են կատարում երգերը` այդպիսով ամեն անգամ կյանքի կոչելով նրան։
…Ստեփանակերտ էի թռչում երկու կանանց` տիկին Լենայի ու Նաիրայի` տարբեր միությունների ղեկավարների հետ։ Նրանք վերադարձել էին Մարտակերտի շրջանի առաջնադիրքերից։ Նույն տպավորությունը, նույն ոգեւորությունը. «Աստված իմ, նրանցից յուրաքանչյուրը մի Գեւորգ Չաուշ է»։
Այո՛, մեզ բախտ վիճակվեց ականատեսը լինելու ոգու այն վերելքին, որը տիրում է խրամատներում, արդար գործի այն զգացումին, որը հենարան է անհավասար պայքարում։
Հոգեւոր նման վերելքը մի ժամանակ մեզ առաջնորդում էր միտինգի, երբ վանկարկում էինք` Ա՛ր-ցա՛խ։ Մինչդեռ Արցախի անկախությունը դե-ֆակտո ձեռք է բերվել, մենք հասել ենք դրան։ Մենք պարտավոր ենք առավելագույն ջանք գործադրել` այն դե-յուրե ամրագրելու համար։
Այստեղ` Ղարաբաղում, բոլորը, նույնիսկ երեխաները, հստակ գիտակցում են, թե հանուն ինչի են զրկանք կրում, եւ նվաճված ազատությունը չեն փոխի ոչնչի, ոչ մի, նույնիսկ ոսկյա շղթաների հետ։
Այո՛, մենք շատ զրկանք կրեցինք, մեր տներում հիմա ցուրտ է ու մութ, հացը չի հերիքում, բայց չէ՞ որ մեզ պատերազմ է պարտադրված, շրջափակում, եւ չի լինում առանց տառապանքի, հեշտությամբ նվաճված հաղթանակ։ Իսկ եթե նույնիսկ լինում է, ապա, համենայն դեպս, ոչ մեզ` հայերիս համար։ Մենք այնքան միամիտ էինք, որ կարծում էինք, թե բավական է մեկտեղվել, ազդեցիկ պաստառներ ցույց տալ, բռունցքված ձեռքերը պարզել վեր, միասին վանկարկել, եւ մեր ճշմարտության ուժն ամեն ինչ կվճռի։
Մենք շատ ուշ հասկացանք` մարդու եւ ժողովուրդների իրավունքների մասին կարգախոսները սոսկ հարմար գործիք են այս աշխարհի հզորների քաղաքականության մեջ։ Նույն այն տարածաշրջաններում, որտեղ պետք է այդ «իրավունքները» հավասարակշռել, գործի է դրվում երրորդ, ճիշտ հակառակ` «սահմանների անխախտելիության» հիմնադրույթը, եւ քո ինքնորոշման իրավունքով թեկուզ ճակատդ խփիր դրան։ Իսկ աշխարհում նախկինի պես իշխում է միակ իրավունքը` ուժեղինը։ Չափից ավելի թանկ գնով ձեռք բերված գիտելիք։
Այո՛, մենք պարտավոր ենք անցնել զրկանքների միջով, մենք պարտավոր ենք կոփվել, ղարաբաղցիների նման տոկուն դառնալ։ Պետք է միայն համբերել, չկոտրվել, չմերկացնել Արցախի թիկունքը, տառապանքով նվաճել երկար սպասված այս հաղթանակը։
(Կ.Ս.Դանիելյան, Հայաստանի բնապահպանության նախարար, «Արմյանսկի վեստնիկ», 1993 թ. մայիս)
Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ազգային բանակ