Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵՆ



ՄՈՆԹԵՆՀայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 64 տարեկան:

 

Քիչ չեն այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը: Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առասպել: Հերոս, որի ամեն բառն ու միտքը՝ ասված թե՛ կռվի պահին, թե՛ հազվադեպ հանգստի, դարձան թեւավոր խոսք ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ են անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

Նորագույն հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ, Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, հրապարակախոս, հնագետ Մոնթե Մելքոնյանի մորական պապերը եղել են Կալիֆոռնիայի առաջին հայերը, որոնք գաղթել են Մարզվանից: Հորական կողմը գաղթել Է Խարբերդի Խարաձոր գյուղից 1913-ին: Մանկությունն ու պատանեկությունն անցել են օտար միջավայրում, սովորել է Վայսիլիայի միջնակարգ եւ երկրորդական վարժարաններում: 1969-70 թթ. ընտանիքի հետ ճանապարհորդել է Եվրոպայի եւ Միջին Արեւելքի երկրներում, այցելել է իր պապերի ծննդավայրը:

1973 թ. որպես առաջնակարգ աշակերտ ուղարկել են ճապոնիա` Օսակա քաղաքում սովորելու: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինը: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսուցման չորսամյա ծրագիրն ավարտել է երկուսուկես տարում: Սովորելու տարիներին մի քանի ընկերների հետ ստեղծել է Բերկլիի «Հայ ուսանողական միությունը»:

1978 թ. ավարտել է համալսարանը` պաշտպանելով «Ուրարտուի ժայռափոր դամբարանները» ավարտաճառը: Այնուհետեւ դիմել է Օքսֆորդի համալսարան: Նույն տարվա մարտին մեկնել է Լիբանան` մայրենի լեզուն սովորելու:

1978 թ. աշնանը մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական կռիվներին, այդ պատճառով էլ հրաժարվել է ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում, ուր արդեն ընդունվել էր:

1980 թ. Մոնթե Մելքոնյանը միանում է Հայաստանի Ազատագրական հայ գաղտնի բանակին եւ շուտով դառնում նրա գլխավոր գործիչներից մեկը: Շուրջ երեք տարի գաղտնի ապրում է Արեւմտյան Բեյրութում, հոդվածներ գրում «Հայաստան» պաշտոնաթերթի համար: Ինքնակրթությամբ ձեռք բերած իր ռազմական գիտելիքները կատարելագործում է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի զորակայանում: Հետագայում նա դառնում է ՀԱՀԳԲ-ի զինվորական գլխավոր մարզիչներից մեկը:

1981 թ. Փարիզում ձերբակալվում է կեղծ անձնագիր կրելու եւ Հռոմում թուրք դեսպանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով: Մեկ ամիս հետո ազատ է արձակվում եւ շարունակում է ապրել ընդհատակում:

1985 թ. նոյեմբերին երկրորդ անգամ ձերբակալվում է Փարիզում` կեղծ անձնագիր կրելու, պայթուցիկ նյութեր ունենալու եւ «չարագործների հետ համագործակցելու» մեղադրանքով ու դատապարտվում 6 տարվա ազատազրկման: Մինչեւ 1989 թ. հունվարը մնում է Ֆրենի եւ Փուասիի բանտերում: Բանտարկության տարիներին հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ է գրում Լոնդոնի «Կայծեր», Փարիզի «Հայ պայքար» թերթերի եւ Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրի համար: Այդ հոդվածների մի մասը եւ բանտից գրված կազմակերպչական բնույթի նամակները հրատարակվել են առանձին գրքով: Ազատազրկման տարիներին Մոնթե Մելքոնյանն իր ընկերների հետ աշխատել է ՀԱՀԳԲ-ի եւ նորագույն հայ ազատագրական պայքարի մասին գրքերի վրա, որոնք լույս են տեսել Լոնդոնում` անգլերենով:

ՄՈՆԹԵՆ1989 թ. Մոնթե Մելքոնյանը եւ իր ապագա կինը` Սեդա Գապրանյանը, որի հետ ծանոթացել էր դեռեւս 1978 թ. Լիբանանում, անցնում են Արեւելյան Եվրոպա, որտեղ մնում են երկու տարի: Այդ ընթացքում նրանք հայերեն են թարգմանում Մոնթեի անգլերեն 3 աշխատությունները, որոնք 1994 թ. վերահրատարակում են մեկ գրքով` «Իրականություն» ընդհանուր խորագրով:

1990 թ. Մոնթե Մելքոնյանը գալիս է Հայաստան և մինչեւ 1991 թ. սեպտեմբերը զուգահեռաբար կատարում Է գիտական եւ զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների հետ շուրջ 8 ամիս աշխատում Է «Հայաստանը եւ իր հարեւանները» ծավալուն գիրքը կազմելու վրա, որը չի հասցնում ավարտել:

1991 թ. սկզբին մի խումբ ընկերներով հիմնում են «Հայրենասիրական ջոկատը» եւ մեկնում Հայաստանի սահմանամերձ շրջաններ:

1991 թ. օգոստոսին ամուսնանում է Սեդա Գապրանյանի հետ, իսկ մեկ ամիս անց առաջին անգամ մեկնում է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջան` ֆրանսահայ մի թղթակցի հետ որպես թարգմանիչ: Մնում է այստեղ եւ մասնակցում Էրքեջ, Մանաշիդ եւ Բուզլուխ գյուղերի ազատագրման կռիվներին` աչքի ընկնելով իր ռազմական իմացությամբ: Վերադառնալով Երեւան, հավաքում է «Հայրենասիրական ջոկատի» մարտիկներին եւ միանալով «Կոռնիձոր» ջոկատին, կրկին մեկնում է Շահումյան` Ղարաչինար գյուղ:

1992 թ. փետրվարին տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջան, որն այդ ժամանակ ամենատկար կետերից էր, նշանակվում զորամասի, իսկ մեկ ամիս հետո` պաշտպանական շրջանի հրամանատար: Նրա հրամանատարության օրոք ազատագրվում է բռնագրավված տարածքի 80 տոկոսը:

1993 թ. մարտին Քարվաճառի ազատագրման գործողությանը մասնակցելու համար Մոնթեն մեկնում է Մարտակերտ: Մայիսին վերադառնում է Մարտունի, իսկ հունիսին ղեկավարում է Աղդամի մատույցների կրակակետերի ոչնչացման գործողությունը:

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թ. հունիսի 12-ին Մարզիլի գյուղում, թշնամու դարան մտած ԲՄՊ-2 զրահամեքենայի արձակած հրթիռի բեկորից: Նույն թվականի հունիսի 19-ին Մոնթե Մելքոնյանի մարմինն ամփոփվել է «Եռաբլուրում»:

Խորագիր՝ #45 (1416) 17.11.2021 – 23.11.2021, Պատմության էջերից


18/11/2021