ՄԵՐ ՄԱՐՏԿՈՑՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԼԻԱՐԺԵՔ
Ականանետային մարտկոցի հրամանատար, կապիտան Էմիլ Էլարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Մասնակցել է նաև նոյեմբերի 16-ին Սյունիքի արևելյան սահմանին ընթացած պաշտպանական մարտերին: Ծնունդով Իջևանի սահմանապահ Սարիգյուղից է: Արցախյան ազատամարտին էլ հայրն ու հորեղբայրն են մասնակցել:
-Երբ հերթը ինձ հասավ, ու պետք է մասնագիտություն ընտրեի, որոշեցի զինվորական դառնալ,- պատմում է Էմիլը: -Հայրս ասաց. «Ես դեմ եմ, չեմ ուզում, որ այդ դժվարին գործն ընտրես: Բայց, եթե դու այդպես ես որոշել, չեմ կարող ստիպել հետ կանգնել որոշումիցդ: Արա՛ ինչպես ճիշտ ես գտնում»: Մանկավարժական ինստիտուտ, ԵՊՀ ընդունվելու համար քննություններս հանձնել էի, անվճար ընդունվել, բայց… Ես սահմանին եմ ծնվել: Դեռ երեխա՝ մեր գյուղի տանը միշտ կրակոցների ձայնի տակ եմ քնել. թե՛ արկի պայթյուն եմ լսել, թե՛ ավտոմատի կրակոցներ, թե՛ ավելի խոշոր տրամաչափի զենքի: Ամեն ինչ էլ տեսել ու լսել եմ… Եթե ես զինվորական չդառնայի, մեր գյուղն ո՞վ էր պահելու: Մեր հողն է՝ պահում եմ: Սա է, ոչ մի արտառոց բան չկա որոշմանս մեջ:
2012 թ. Էմիլն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, քառօրյայից հետո ավարտեց, ծառայության անցավ Քարվաճառում:
-Արցախյան ազատամարտից ի վեր մինչ օրս պատերազմը չի ավարտվել,- մտորում է երիտասարդ սպան: Նրա խոսքը հստակ է ու զերծ ամեն տեսակի պաթոսից, ինչպես իր ամենօրյա ծառայությունն է Հայրենիքին:- Այն միայն ժամանակ առ ժամանակ դադար է առնում:
…2020 թ. սեպտեմբերի 25-ին մեր զորամասով տագնապով դիրքեր բարձրացանք: Մինչև այդ միշտ տեսել ենք թշնամու շարժը, իմացել, որ ամեն րոպե կարող է կրկին պատերազմ սկսվել: Իհարկե, մինչև սեպտեմբերի 27-ը չէինք պատկերացրել, որ այդչափ լայնածավալ կլինի ռազմադաշտը: 27-ի առավոտյան լսելով «Կամիկաձեի» ձայնը՝ անձնակազմիս «տագնապ» տվեցի: 7:10 արդեն թշնամական արկերը թափվում էին մեր զորամասի վրա: Հատկապես հիշում եմ, թե ինչպես աչքիս առաջ ռումբը պայթեց հենց զինվորիս կողքին, փոշու ամպ բարձրացավ, ու հաջորդ պահին նա ծխի ամպի միջից դուրս վազեց: Հրաշքի պես բան էր… Հենց առաջին օրը մարտկոցիս հրամանատարը, որը դիտարկում էր իմ կրակը, տեղեկացրեց, որ պլանային նշանակետը խոցել ենք. ոչնչացրել էինք թշնամու կրակային դիրքը: Առաջին հաջողությունն էր, որից շատ ոգևորվեցինք: Հաջորդող օրերին նույն ոգով ու նույն կերպ շարունակել ենք: Մի օր թշնամու զինամթերքով բարձված մեքենաների շարասյանը կրակեցինք, խոցեցինք. ամբողջ գիշեր վառվում էին մեքենաները: Ամեն հաջող խոցումից հետո ավելի ու ավելի մեծ վստահություն էինք զգում, ավելի հմտանում: Հետո արդեն դա էլ սովորական է դառնում, առօրյա գործ: Կռվի ընթացքում ոչ մի թիզ թշնամուն չենք զիջել եւ ուրախ ու հպարտ կանգնած էինք մեր դիրքերում: Բայց երբ նոյեմբերի 9-ի գիշերը ժամը 1-ին լսեցինք հրադադարի մասին, այդ ու դրան հաջորդող բոլոր օրերը մեր կյանքի ամենավատ օրերն էին. ամենացավալին այն է, երբ հեռանում ես պահածդ դիրքից…
…Անցած տարվա նոյեմբերի 27-ից պաշտպանում ենք ՀՀ արևելյան սահմանը: Նույն գիտակցումով էինք եկել. պետք է ամեն պահի պատրաստ լինենք: Սա էլ ռազմավարական նշանակության սահման է մեր երկրի համար: Մեր մասնագիտական գիտելիքներով, վարժվածությամբ, զինատեսակի հետ վարվելու առումով, զինվորական գործին լիարժեք տիրապետում ենք: Իմ անձնակազմի մի մասը 44-օրյա պատերազմի մասնակից է, մի մասն էլ նոր է եկել: Նորեկներին ամեն օր թե՛ հոգեբանորեն, թե՛ մասնագիտորեն պատրաստում էի. այնպես, որ վերջին մարտական գործողություններում բոլորը գործեցին առանց խուճապի, շատ վստահ ու հստակ:
…Նոյեմբերի 16-ին չորսբոլորը սկսեցին պայթել հակառակորդի արկերը: Հոգեբանորեն պատրաստ էինք այս նոր սադրանքին: Այդ ընթացքում մեր մարտկոցի առջև դրված բոլոր խնդիրները կատարել ենք լիարժեք: Մեր խնդիրն էր՝ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում կանխել նրա առաջխաղացումը, խոցել կենդանի ուժն ու կրակային միջոցները, նպաստավոր պայմաններ ստեղծել, աջակցել առաջնագծի և թիկունքից եկող համազորային ստորաբաժանումներին հակագրոհի անցման և դիրքերը վերականգնելու համար, որը և մենք արել ենք մեր հրետանու կրակով:
Հպարտ եմ տղաներովս. իմ զինվորներն իրենց իսկական հայ ռազմիկի պես պահեցին: Հրամանն ստանալով՝ կազմակերպված կատարեցին իրենց գործը. խոցել ենք բոլոր տրված նշանակետերը: Հենց հիմա էլ շատ բարձր է անձնակազմի ոգին: Ոգու հետ կապված ընդհանրապես որևէ խնդիր չունենք: Թե՛ 44-օրյա պատերազմում, թե՛ այս վերջին՝ ժամեր տևած մարտական գործողություններում, շատ տպավորված եմ մեր զինվորներով. 18-20 տարեկան զինվորից ավելի լավ կռվող չկա: Որքան լավ բան ասեք մեր զինվորի մասին, էլի քիչ է: Նրանք լիարժեք տիրապետում են իրենց զենքին, գիտեն կիրառման բոլոր նրբությունները: Հիմա 44-օրյա պատերազմի շատ դրվագներ եմ հիշում, երբ զինվորներս արկերի պայթյունների տակ, անօդաչուները գլխավերևում, անգամ մեր ուղղությամբ թռչող ինքնաթիռի ձայնի ներքո՝ հեռու չէին գնում իրենց հրանոթից: Կրակում էին անդադար: Քարվաճառում մեր հաջողության գրավականը առաջին հերթին սա էր. նրանց ոգին ու մղած համառ ու աննահանջ մարտը: Մեզ վրա հարձակումներ են եղել, եղել է՝ մեր զինտեխնիկան էլ են պայթեցրել: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հրաշքով փրկվել ենք: Իմ կողքով, շատ մոտիկ՝ 5 սանտիմետրի վրա, բեկորը սուրացել, բայց չի վնասել: Շատ այսպիսի դեպքեր են եղել, բայց, փառք Աստծո, բոլորս տեղում ենք, չենք պակասել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա:
Տղաները՝ Էմիլն ու նրա անձնակազմը, մեր մյուս քաջ զինվորականներն այսօր էլ կանգնած են սահմանին՝ գործին գիտակ, մարտական գործողություններում հմուտ: Նրանց ստանձնած գործը ամենանվիրականն է ու ամենապատասխանատուն:
-44-օրյա պատերազմի ընթացքում մեր հայրենակիցների ճակատ ուղարկած մի տաք գլխարկը, մի ձեռնոցը մեզ ջերմացնում, ոգևորում էր: Այսօր կուզեի մեր ազգակիցներին դիմել ու ասել, որ զուտ սենսացիայի համար, առանց աղբյուրները ճշտելու, մարտերի մասին լուրեր չտարածեն, անհիմն դատողություններ չանեն: Կուզեի, որ ավելի զուսպ լինենք ու ամեն մեկս մեր տեղում անենք այն, ինչ մեզնից կախված է մեր երկիրը ապահով ու անառիկ պահելու համար: Յուրաքանչյուրս մեր տեղում շատ անելիք ունենք: Շատ կուզեմ, որ բոլորս մեզ Հայի պես պահենք ու միասնական. միակամ լինենք:
Պատերազմից ամենակարևոր դասը, որ սովորում ես, սա է՝ ամեն պահի՝ հաց ուտելիս, շախմատ խաղալիս, գիշեր թե ցերեկ, պետք է միշտ պատրաստ լինես նվիրվելու Հայրենիքիդ պաշտպանությանը… Իմ ընկերը, ինձ ենթակա սպան ամուսնացել էր այս նոյեմբերի 16-ից ընդամենը մի քանի օր առաջ: Բայց հենց հիմա էլ նա այստեղ է, վերադարձել է, հող է պահում մեզ հետ, մեր կողքին է: Հայը այսպե՛ս է լինում:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆԻ,
ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում