«ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՈՒ ԱՆՁՆՈՒՐԱՑ ԱՇԽԱՏԵՆՔ»
ALC (ադրբեջաներենի կենտրոն) կազմակերպության համահիմնադիր, ադրբեջանագետ Արամ Փոլադյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ադրբեջաներենը ուսումնասիրելու մտադրությունը Արամի մեջ հասունացել է մինչև ծառայությունը: Իր վաղեմի ընկերոջ՝ Աշոտ Մովսիսյանի օգնությամբ սկսել է ուսումնասիրել լեզուն: Զորացրվելուց անմիջապես հետո Աշոտի հետ լծվել են ադրբեջաներենի ուսումնասիրման կենտրոնի հիմնադրման աշխատանքներին: Այսօր կենտրոնն արդեն նշանակալի աշխատանք է իրականացնում:
-Մենք իրապես արբել էինք 1990-ականների մեր հաղթանակով, մինչդեռ մեր թշնամիները 30 տարի շարունակ համառորեն, բառացիորեն ամեն րոպե պատրաստվում էին պատերազմի: Եվ նրանք հստակ գիտակցում էին, որ ամենակարևոր զենքերից մեկը, որ կարող է դառնալ հաղթանակի գրավական, թշնամու լեզուն լավ իմանալն է և նրան ճանաչելը: Ցավոք, մենք դա չգիտակցեցինք և վերահաս վտանգներին անհրաժեշտ լրջությամբ չվերաբերվեցինք: Դա էլ, իհարկե, իր բացասական դերը խաղաց 44-օրյա պատերազմի ընթացքում:
Զինծառայությունս և 44-օրյա պատերազմը ինձ համար խթան եղան, որ րոպե առաջ սկսենք այն գործունեությունը, որին այժմ լծված ենք: Պատերազմը ցույց տվեց, որ մենք ոչ մի րոպե չունենք կորցնելու: Զորացրվելուց անմիջապես հետո, առանց չափազանցության, 24-ժամյա ռեժիմով աշխատել ենք, որ այս կառույցը կայանա: Ուզում եմ շեշտել, որ թշամու լեզուն և առհասարակ թշնամուն ըստ ամենայնի իմանալը յուրաքանչյուր բանակի ամենահզոր զենքերից է:
Պատերազմը երկու կարևոր բաղկացուցիչ ունի՝ ռազմական և տեղեկատվական դաշտ: Վերջինը թիկունքն է, որը պակաս կարևորություն չունի պատերազմի ելքի համար: Այսօր մեզանում շատ մեծ բաց կա ոչ միայն ադրբեջաներենի ուսումնասիրության, այլև Ադրբեջանի ուսումնասիրության առումով: Իմ ուսանողների հետ հանդիպմանը առաջին հարցս է լինում. «Ի՞նչ գիտեք Ադրբեջանի մասին»: Հավատացե՛ք, շատ սահմանափակ տեղեկություններ ունեն: Սկսում ենք զուգահեռաբար և՛ ներկայացնել այս երկիրը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, և՛ լեզուն: Հայագիտական կենտրոնների թիվը Ադրբեջանում շատ է:
Իսկ մեզ մոտ, ցավոք, այս մասշտաբի և գործունեության ընդգրկման առումով առաջին և միակ կենտրոնը հենց ALC-ն է: Մենք անում ենք ուսումնասիրություններ, վերլուծություններ, համագործակցում ենք տարբեր պետական և ոչ պետական կառույցների, նաև մի քանի ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ:
Պատերազմի մասին խոսելիս Արամը հիշում է իր հերոսաբար զոհված ընկերներին. ամեն մեկը յուրահատուկ մի անձնավորություն.
-Իմ մտերիմ ընկերը՝ Մարգարյան Սերժը, Ջրականում է զոհվել: Հրաշալի պատմություն գիտեր: Եթե նրան գիշերը ժամը երեքին արթնացնեիր ու խնդրեիր Հայոց պատմությունից ամենաբարդ դրվագը պատմել, կպատմեր: Մյուս զոհված ընկերոջս՝ Մարգարյան Ալենի հետ դպրոցում եմ սովորել, համատեղ ծրագրեր ենք արել: Էլի շատ խելացի ու հայրենանվեր մի տղա: Քալաշյան Ռուդոլֆը, որ բացառիկ բարի մարդ էր: Նույնը պետք է ասեմ հայրենասիրական երգերի կատարող Գևորգ Հաջյանի մասին: Նա Լիբանանից էր հայրենադարձվել: Պատերազմն սկսվելուն պես՝ հագավ համազգեստն ու կամավոր մեկնեց ճակատ: Իմ երկու զինակից ընկերները՝ Սիփանն ու Նորայրը: Ի՜նչ տղերք էին…
Արամը 2020 թ.-ի հոկտեմբերի ողջ ընթացքում ծանր թոքաբորբ է տարել: Հրամանատարներն ու բժիշկները համոզում էին, որ հոսպիտալ տեղափոխվի: Նոյեմբերի առաջին օրերին, երբ նրան հոսպիտալ տեղափոխեցին, պետին խնդրել էր, որ բուժումները նշանակեն, վերադառնա զորամաս:
-Բայց, երբ նոյեմբերի 9-ին իմացա, որ հրադադար է կնքվել, այ, այդտեղ զգացի, որ իսկապես հիվանդ եմ… Պատերազմից հետո ես հասկացա մի կարևոր բան, որ այլևս ոչ մի վայրկյան չունենք կորցնելու, ընկրկելու տեղ չունենք:
-Ադրբեջանական քարոզչամեքենան հիմա հատկապես ո՞ր ուղղություններով է եռանդուն աշխատում:
-Առաջին հերթին՝ ազգային ինքնության: Օրինակ՝ աշխարհով մեկ իրենց ազգային, էթնիկ ծագման մասին հեքիաթները տարածելու, լեզվի տարբեր գերատեսչություններին կաշառելու համար բառացիորեն միլիարդներ են մսխում: Մի բառի «ադրբեջաներեն» լինելն ապացուցելու համար հսկայական կռիվներ են տալիս: Բառերը հնչյունափոխում, աղճատում են, վերջավորություններն են փոփոխում: Եթե սկսենք խոսել, թե ինչեր են յուրացնում, կամ դեռ ինչ են ծրագրում յուրացնել, օրեր կտևի, ու դեռ էլի չի սպառվի նյութը: Շատ դեպքերում անհաջողության են մատնվում, բայց, ցավոք, Եվրոպայի որոշ երկրներ հաճախ կաշառվում են, ինչի մասին մեծ ու աղմկոտ գործեր կան հարուցված:
-Ի՞նչ ծագում ունի ադրբեջաներենը:
-Ադրբեջաներենն ընդհանրապես ամբողջությամբ կառուցված է փոխառյալ բառերի վրա՝ արաբերենի, թուրքերենի, ռուսերենի, պարսկերենի, հայերենի և անգամ լատիներենի: Իլհամ Ալիևը վերջերս մի հայտարարություն արեց. «Հայերը միշտ պետք է լինեն պարտված»: Այսպիսի փաստ բերեմ. ադրբեջաներենում միակ ոլորտը, որին վերաբերող բառերը մաքուր թյուրքական ծագում ունեն՝ անասնապահությունն է… Մագաղաթի վրա գրված «Մատյան ողբերգության» երկը ստեղծած ժողովրդի մասին այսպիսի բան ասելը առնվազն տգիտություն է:
Գիտե՞ք՝ ինչն է ցավալի. մենք համեմատվում ենք սաֆարովներ հերոսացնող ցեղի հետ… Իրենց քարոզչամեքենայով նրանք փորձում են գողանալ, աղճատել հայկական պատմությունը, այն մեծագույն մշակույթը, որով մենք միշտ ներկայացել ենք աշխարհին: Այսօր 5-6-րդ դասարանի աշակերտն էլ, ցանկության դեպքում, կարող է համացանցով տեղեկանալ, թե ո՞ր ազգի արմատները որտեղի՞ց են գալիս…
-Դուք մշտապես հետևում եք ադրբեջանական ԶԼՄ-ներին: Ի՞նչ քարոզներով են նրանք այսօր սնում իրենց հասարակությանը:
-Հենց երեկ, երբ դիտում էի ադրբեջանական հեռուստաալիքները, հիմնականում պետական ալիքներով, վազող տողով, առանց ընդհատումների այսպիսի գրառում էր պտտվում. «Հայաստանը չուզի՝ մենք կստիպենք»: Դարձյալ երեկ երեկոյան, էլի պետական և ոչ պետական մի քանի ալիքներով ցուցադրվում և ասվում էր. «Պատմական ադրբեջանական հող հանդիսացող Զանգեզուրը այժմ արդեն խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը»: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ գումարներ են ծախսում նման մտքերով իրենց հասարակությանը սնելու համար: …Մենք մի ազգ ենք, որ ծննդյան օր նշելու համար գնում ենք «Եռաբլուր»: Եվ որպեսզի տարիներ անց նորից ծնունդներ նշելու համար «Եռաբլուր» չգնանք, պետք է ուժեղ լինենք: Միակ բանը, որ հիմա մեզ պետք է, բոլորս մեր տեղերում լինելն է, մեր ոլորտներում անձնուրաց աշխատելը: Պետք է հասկանանք, որ ընկրկելու, մի թիզ նահանջելու, ոչ մի վայրկյան ավելի կորցնելու ժամանակ չունենք, երբ վայրագ ցեղախմբերը իրենց մոլագար ցանկություններով եկել, մխրճվել են մեր Հայրենիքի մեջ: Թեև աշխարհը շատ լավ հասկանում է ու գիտի՝ մենք ով ենք, բայց նախ իր շահերն է հետապնդում: Կարձագանքեն միայն այն ժամանակ, երբ մենք ուժեղ կլինենք:
Այս օրերին ես մեր ամբողջ ժողովրդին, մասնավորապես՝ մեր բանակի զինվորներին, մի ուղերձ ունեմ. «Քաղաքականությամբ զբաղվողները կզբաղվեն ու կլուծեն քաղաքական հարցերը: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անձնուրաց ու անընդհատ աշխատենք»: Խաղաղ կարող ենք ապրել միայն այն դեպքում, եթե մենք բոլոր առումներով ուժեղ ու միասնական լինենք: Մեր զինվորներն էլ պետք է հասկանան՝ որքանով կարևոր է զինվորական ծառայությունը, նույնքան կարևոր է քաղաքացիական «ծառայությունը». զորացրվելուց հետո էլի պիտի մտածեն՝ ինչո՞վ կարող են օգտակար լինել իրենց երկրին:
Տեսե՛ք, երբեմն մեր հայրենակիցներից լսում ենք. «Տեսնենք՝ ի՞նչ կլինի»: Այս կարգի արտահայտությունները տակնուվրա են անում ինձ: Այս պահին ամենակարևորը բոլորիս անձնուրաց աշխատանքն է:
-Ներկայացրե՛ք, խնդրեմ, թե ի՞նչ սկզբունքով են ձեր կենտրոնում անցկացվում դասընթացները:
-Մեր կենտրոնը մյուս բոլոր լեզվի ուսումնական կենտրոնների պես վճարովի կենտրոն է: Ընտրել ենք ամենամատչելի վճարի շեմը, որ մեր հասարակության բոլոր խավերի համար հասանելի լինի: Ապագա ուսանողները գալիս, պայմանագրեր են կնքում կենտրոնի հետ: Ունենք նաև «Smart Armenia» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից ֆինանսավորվող անվճար տեղեր, նախատեսված պատերազմում զոհեր ունեցող ընտանիքների անդամների, վիրավոր զինծառայողների ու նաև նրանց համար, ովքեր մեծ ցանկություն, ընդունակություններ ունեն, բայց անվճարունակ են:
Արամը հայրենապաշտության իր դասերը ընտանիքից է սերտել՝ մորից, հորից, տան մեծերից:
-Մի քիչ Ձեր արմատների՛ց պատմեք, խնդրեմ:
-Հայրական կողմի արմատներով Սասունից ենք: Մեր ազգանունն ի սկզբանե Երիցյան է եղել: Իմ նախանախապապը մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: Ավելի քան մեկ տասնյակ անգամ վիրավորվել, բայց չի զոհվել: Նրան ասել են՝ դու «փոլադ» ես: Պարսկերենով դա նշանակում է պողպատ: Փոլադյան ազգանունը այստեղից է գալիս: Արմատներով նաեւ Վանից եմ, Արցախից, միայն մի տատիկս է բնիկ երևանցի:
-Հրաշալի համադրություն է… Կա՞ մի բան, որի մասին չհարցրի, բայց կուզեիք ասել մեր զրույցի ավարտին:
-…Ինձ միշտ, ուր էլ լինեմ, երկու իր են ուղեկցում մի տուփի մեջ՝ դիպուկահարի փամփուշտի պարկուճ և մի բուռ հող Վանից: Պարկուճը Մովսես գյուղում ապրող մի լավ բարեկամից եմ ստացել: Մի օր, երբ դեռ երեխա էր, տանը նստած է եղել, երբ ադրբեջանցի դիպուկահարը կրակել է նրա վրա, հրաշքով է փրկվել: Այդ փամփուշտի պարկուճը ես միշտ ինձ մոտ եմ պահել զինծառայության ընթացքում: Հիմա էլ մոտս է: Այն ինձ ուժ ու եռանդ է հաղորդում: Ինքս ինձ խոսք եմ տվել, որ անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ ապագայում ոչ մի հայի թուրքի փամփուշտ չդիպչի:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #47 (1418) 1.12.2021 – 7.12.2021, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում