Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ…



ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ...44-օրյա պատերազմի թոհուբոհով է անցել  կապիտան Յուրա Մանասյանը։

-Զինվորական գործի հանդեպ սերը դեռ վաղ մանկությունից է,- ասում է Յուրան:- Աչք եմ բացել՝ համազգեստ տեսել. մայրական կողմից շատերն են  զինվորական, հայրս էլ զինվորական է, հիմա արդեն պահեստազորում է, տավուշյան կռիվների մասնակից է։

44-օրյա պատերազմի ժամանակ հայր ու որդի առաջնագծում էին՝ ամենաթեժ հատվածներից մեկում։

-Ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ խաղաղությունն անընդհատ խաթարվում է, ու հայրենիքի պաշտպանի մասնագիտության ընտրությունը  մշտապես հրամայական է։

Մոնթեի անվան վարժարանն ավարտելուց հետո Յուրան ուսանեց ռազմական համալսարանում, հետո ծառայության նշանակվեց Ջրականում՝ որպես դասակի հրամանատար։

-Պատերազմի սկսվելու օրը զորամասում էինք, մեզ փոխարինող գումարտակներն արդեն դիրքերում էին՝ մարտերի մեջ, կես ժամ անց մենք էլ էինք այնտեղ, դիրքերի մի մասը հակառակորդի ձեռքում էր, վիրավորներ ունեինք, զոհեր…

Անօդաչուների հարվածները, հրետանին չէին լռում, կրակի ինտենսիվությունն ու խտությունը նկարագրելի չէր։  Չմարող կրակատարափի տակ  արդեն մտովին հաշտվել, համակերպվել էինք այն մտքին, որ՝ վե՛րջ, էլ հետ չենք վերադառնալու, մտածում էինք միայն՝ գոնե մեռնելիս էլ մի լավ, օգտակար  բան անել հայրենիքի համար…

Աննկարագրելի էր տղերքի անձնվեր կռիվը՝ ընդամենը մի քանի շաբաթ ծառայած ժամկետայինները, որ դեռ չէին էլ հասցրել վառոդի հոտը մի կարգին շնչել, կռվում էին հազար տարի մարտերում թրծվածի պես, իսկ  էն ժամկետայինները, որոնց բառացիորեն մի քանի օր էր մնացել զորացրվելուն, եւ ընդամենը օրեր առաջ մտովին  հայրական օջախի ջերմությունն էին պատկերացնում ու արդեն տուն մտնելու ինքնատիպ անակնկալներ էին գծագրել, կռվում էին խենթի պես ու պատրաստ  էին թեկուզ կյանքի գնով վերջակետ դնել անընդհատ ձգձգվող այս հակամարտությանը։

Սակայն ուժերն անհավասար էին. հայկական զինուժը  կռվում էր մի քանի երկրից աջակցություն ստացող թշնամու դեմ։

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ...-Զոհված ընկերների մահը  վրիժառությամբ էր լցնում բոլորիս սրտերը, մահից այլեւս չէինք վախենում, հաշտվել էինք մահվան հետ, բայց ուզում էինք ողջ մնալ, որ մեր զոհված ընկերների վրեժը հասցնեինք լուծել,- վերհիշում է Յուրան:

…Հակառակորդը գրավել էր գումարտակի հրամանատարական դիտակետը, մի քանի անգամ փորձ արեցին շրջանաձեւ  անցնել այդ ուղղությամբ՝  դիտակետի հետգրավման նպատակով, սակայն թշնամու տանկն ամեն կերպ ձախողում էր առաջխաղացումը:  Յուրան դիրքի ավագի  հետ, երկու նռնականետ առած, աներկյուղ առաջ շարժվեցին, քիչ անց տանկն արդեն խոցված էր…

Զինակից ընկերը՝ ավագ լեյտենանտ Հարություն Սիրունյանը, որը Յուրայի հետ մարտի դաշտում Լելե-Թեփեի ուղղությամբ է մարտնչել, առանձնակի ակնածանքով է խոսում մարտընկերոջ անսահման  խիզախության մասին. «Յուրային ճանաչում եմ դեռ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսանելիս, իր հետ մի քանի անգամ էլ համաբանակային մրցումների ենք մասնակցել: Յուրան ե՛ւ լավ ընկեր է, ե՛ւ լավ զինվորական, ե՛ւ լավ հրամանատար. ամենադժվար, ամենավտանգավոր կետերում աշխատում էր առջեւում լինել, որ զինվորի գլխից մի մազ չպակասի…Ինքն է ինձ կրակի տարափի տակից վիրավոր վիճակում դուրս հանել: Սեպտեմբերի 30-ն էր, գումարտակի հրամանատարական դիտակետի հետգրավման ժամանակ, դրոշը տեղադրելուց հետո ծանր վիրավորվել էի: Շատ վատ վիճակում էի, կապով  օգնություն էի խնդրում, այդ ժամանակ Յուրան կապ տվեց, ասաց, որ գալիս է։  Թեեւ կարճ տարածք էր մեզ միմյանցից բաժանում, բայց ուժգին հրետակոծության պատճառով չէր կարողանում մոտենալ ու մինչ կհասներ, ինքն էլ վիրավորվեց՝ արկն իրենից ոչ հեռու էր պայթել: Դեմքը,  ձեռքն ու ոտքն ամբողջովին արյունոտ ընկերս հասավ ինձ օգնության ձեռք մեկնելու, իրար ուս ուսի հենվելով՝ հասանք խրամատ։ Վիրավորներին տարհանող մեքենաներից մեկով իրեն տեղափոխեցին, իսկ մի քանի ժամ անց տղերքն ասացին՝ մեքենան, որ վիրավորների էր տեղափոխում, թշնամին պայթեցրել է, ու Յուրան զոհվել է…

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ...Հետո ուղղաթիռով ինձ տեղափոխեցին Միքայելյանի անվան հիվանդանոց։ Անպատմելի, աննկարագրելի էին ապրումներս, երբ հիվանդասենյակ մտավ …Յուրան. վիրավորման հետեւանքով աչքս աղոտ էր տեսնում,  իր դեմքն էլ անճանաչելիորեն փոխված էր,  մտածում էի՝ գուցե պատրանք է, աչքիս է երեւում»:

Յուրան ժպտում է,  ինքն էլ պատմում է այդ դրվագի «իր տարբերակը». «Հիվանդանոցում բուժքույրը վիրակապս էր փոխում, երբ նրան ասացին, որ  վիրավոր կա, պետք է շտապ հիվանդասենյակ ընդունի: Վիրավորի անուն-ազգանունը ծանոթ թվաց, մտածեցի՝ պարզապես զուգադիպություն է, բայց, այնուամենայնիվ, հետաքրքրվեցի՝ որտեղից են բերել վիրավորին, բուժքույրն ասաց՝  Ջրականից։ Ու էսպես երկու «զոհվածներով» հանդիպեցինք…Ես գիտեի՝ Հարութն է զոհվել,  ինքն էլ գիտեր՝ ես..…

-Ապրում եմ, ողջ եմ…,-Յուրան դառը ժպտում է:- Ասում են՝ պատերազմում կա՛մ մարմինդ է մնում, կա՛մ հոգիդ…Պատերազմից միայն ֆիզիկապես ես  վերադառնում, բայց հոգեպես՝ երբե՛ք… Աչքս պատահական  անցորդների մեջ անընդհատ զինակից ընկերներիս  է փնտրում հուսահատ,  մեկին քայլվածքով եմ նմանեցնում, մեկին ժպիտով…

***

Այն դժնդակ, արյունոտ օրերից ուղիղ մեկ տարի է անցել, պատերազմի վերքերը դեռ լիովին չեն ապաքինվել. ոտքերի մեջ բեկորները երբեմն-երբեմն զգացնել են տալիս…

Հետպատերազմյան վերականգնողական փուլին ինչ-որ չափով նաեւ սերն օգնեց, ապաքինման փուլում էր Յուրան, երբ  մի աղջնակի հավանեց ու որոշեց ընտանիք կազմել։

-Ամենադժվարը հարսանիքիս ժամանակ մաշկի պես դարձած համազգեստը կոստյումով փոխարինելն էր,  զինվորական «բատիկենքից» հետո  կոշիկ հագնելը,  բայց, դե, մի կերպ դիմացա,- կատակում է Յուրան:

-Երբ ծանոթացա Յուրայի հետ, գիտեի,  որ զինվորական է, բայց չգիտեի, որ վիրավոր է: Ես հայրենիքի պաշտպանների հանդեպ միշտ էլ առանձնակի ակնածանք եմ ունեցել, իսկ պատերազմի ժամանակ մի առանձնակի ջերմություն էր,-անկեղծանում է Յուրայի կինը՝ Անին:- Ծանոթացանք հրադադարից հետո՝ նոյեմբերի 12-ին, ու ամուսնացանք ուղիղ մեկ տարի անց նույն օրը։ Հպարտ եմ, որ սպայի կին եմ, գիտեմ՝ հեշտ չի լինի,  բայց երբ երկու «ես»-ը դառնում է «մենք», ամեն ինչ ավելի հեշտ է հաղթահարվում։ Ուր էլ որ գնա ամուսինս ծառայության, թեկուզ ամենահեռու, ամենածայրամասային զորամաս, մշտապես իր կողքին եմ լինելու…

***

Այժմ Յուրին շարունակում է ծառայությունը. զորամասերից մեկում ֆիզպատրաստության ավագ սպա է:

Մարտերում թրծված փորձառու զինվորականը ծառայության նշաձողը մշտապես բարձր է պահում, ասում է՝  երբեք չպետք է բավարարվել ձեռքբերածով,  ամեն րոպեն պետք է առավել նպատակային եւ արդյունավետ դարձնել. մենք պարտք ունենք մեր զոհված ընկերների առաջ, իսկ պարտությունը ժամանակավոր է… Տարիներ առաջ մեր պապերն ու հայրերը՝ զինված որսորդական հրացաններով, կարողացան հաղթել, երբ հաղթելն անհնար էր թվում….

Հաղթողները նրանք են, ովքեր երբեք չեն հանձնվում…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1418) 1.12.2021 – 7.12.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/12/2021