ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Խորհրդային հակահետախուզության փոխգնդապետ Կարապետ Կարապետյանը 2006 թվականին Մոսկվայում հրատարակել է «Կյանքը երազից դուրս» հուշագրությունը։ Գրքի մի գլուխը նվիրված է հայ ժողովրդի նկատմամբ ստալինյան բռնաճնշումների հետ կապված իրողություններին։
…1947 թ. սկզբին Հարությունյանն անսպասելի հեռագիր ստացավ Լավրենտի Բերիայից։ Վերջինս նրան շտապ Մոսկվա էր կանչում։
Երբ Գրիգոր Արտեմովիչը մտավ ՆԳԺԿ պետի առանձնասենյակը Բերիան նրան ընդառաջ ելավ քաղցր ժպիտով եւ վրացերեն դիմելով.
-Կներես, կացո, որ քեզ կարեւոր գործից կտրեցի։ Սակայն ավելի կարեւոր գործեր էլ կան։
Հարությունյանը Բերիային վաղուց գիտեր եւ հրաշալի էր հասկանում, որ նրա կեղծավոր ժպիտը պարզապես դիմակ է, փորձված միջոց՝ դառը հաբը մի քիչ քաղցրացնելու։ Իսկ նրա մատուցած հաբը շուտով պարզվեց, որ շատ է դառնահամ։
-Ես Հայաստանից տխուր լուրեր եմ ստացել։ Մեզ հայտնի է դարձել, որ հայրենադարձության ժամանակ երկիր է ներթափանցել խորհրդային իշխանության թշնամիների ահռելի քանակություն, ազգայնամոլ տարրեր եւ քաղաքականապես անբարեհույս դեմքեր։ Մեզ նաեւ հայտնի է, որ հայրենադարձների մեջ քիչ չեն նրանք, ովքեր պատերազմի տարիներին ֆաշիստների կողմից կամավոր կռվել են մեր երկրի, մեր ժողովրդի դեմ, բազմաթիվ են նաեւ վերադարձած դաշնակներն ու այլ հակահեղափոխականները։ Գոյություն ունեն հետախուզական տվյալներ, որ հասարակ մարդկանց եւ ազնիվ աշխատավորների տեսքով երկիր են ներթափանցել արտասահմանյան հետախուզությունների փորձված գործակալներ եւ հատուկ պատրաստված քարոզիչներ, որոնք սկսել են իրենց քայքայիչ գործունեությունը սոցիալիստական մեր պետության դեմ։ Դուք այնտեղ ձեզ մոտ տարօրինակ բարեհոգություն եք ցուցաբերում, բայց պետանվտանգության մարմինները քնած չեն։ Մենք միշտ արթուն ենք։ Առաջարկություն կա, որ անհրաժեշտ է հապշտապ այդ մարդկանց եւ իմպերիալիզմի մյուս աջակիցներին Սիբիր ուղարկել։ Թող այնտեղ արջերի նկատմամբ քարոզչական աշխատանք տանեն։
-Բայց չէ՞ որ այդ ամենը նշանակում է խաչ քաշել հետագա ամբողջ հայրենադարձության վրա։ Հազարավոր ընտանիքներ, որոնք հնարավորություն են ստացել միավորվել, միասին ապրել, քայլել հայրենի հողի վրա, խմել նրա ջուրը, ընդ որում՝ նաեւ անդուլ աշխատել, կզրկվեն այդ հնարավորություններից։ Էլ ո՞վ կգա, եթե բոլորին Սիբիր ուղարկենք։
-Նախ՝ ոչ բոլորին,- Բերիան ձեռքով հարվածեց սեղանին։ -Մենք կաքսորենք միայն թշնամիներին, նրանց, ովքեր պղտորում են ջուրը եւ չեն ցանկանում մեզ հետ համագործակցել։ Երկրորդ՝ մենք մեկ անգամ եւս կստուգենք ամբողջ տեղեկատվությունը։ Երրորդ՝ մենք կաքսորենք ոչ միայն հայրենադարձներին, այլեւ նրանց, ովքեր եղել են գերության մեջ, ծառայել են ցարական բանակում եւ ոստիկանությունում։
Հարությունյանը սարսափեց Բերիայի մտահղացման ծավալներից։ Հիշեց Ղրիմի թաթարների, չեչենների ու ինգուշների տխուր ճակատագիրը, որոնք զրկվել էին հարազատ օջախներից եւ քշվել Ալթայի դաժան տափաստանները։ Այժմ նման ճակատագիր էր սպասում նաեւ հարազատ ժողովրդին։ Այդ թույլ չտալու համար նա որոշեց ամեն ինչ անել։
-Լավրենտի Պավլովիչ,- դիմեց նա Բերիային,- բոլոր այդ մարդիկ արդեն իրենց պատիժը կրել են նախկին մեղքերի համար։ Շատերը միայն վերջերս են վերադարձել ճամբարներից ու աքսորից։ Չի կարելի նույն հանցագործության համար մի քանի անգամ պատասխանատվություն կրել։
-Կարելի է եւ պետք է։ Նրանց հետ ոչինչ չի պատահի։ Իսկ եթե պատահի, ապա ավելի լավ։ Հասարակությունից մերժվածների թիվը կպակասի։
-Ո՛չ։ Չեմ կարող համաձայնվել ձեզ հետ։
Չարագույժ քթակնոցից փայլեց դաժան հայացքը.
-Հարցը լուծված է, եւ Գլխավորը տվել է իր համաձայնությունը։ Մնացել է ճշգրտել մանրամասները։
Հարությունյանը չէր հավատում լսածին։
-Այդ դեպքում ինձ ինչո՞ւ եք կանչել։
-Բիճո, առանց քո համաձայնության մենք չենք կարող գործել։ Վերջիվերջո, դու Հայաստանում կուսակցություն ես ներկայացնում։ Ուստի, արի արագ համաձայնվիր, եւ գնանք թեյ խմելու։
-Ո՛չ, Լավրենտի, ես այնուամենայնիվ ուզում եմ խոսել Գլխավորի հետ։ Գուցե նա համաձայնի փաստարկներիս հետ եւ չշտապի։
-Դեհ, տես.- կրկին չարությամբ փայլեցին Բերիայի աչքերը։
Նա Հայաստանի կոմկուսի քարտուղարի այդ քայլն ընդունեց որպես անձնական վիրավորանք, բայց Գլխավորի հետ սպասվող տեսակցությանը չէր կարող խոչընդոտել։ Նրան քաջ հայտնի էր, որ առաջնորդը բարձր է գնահատում Հարությունյանին։ 1935 թ. հենց Ստալինն առաջարկեց վերջինիս նշանակել Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար այն բանից հետո, երբ սպանվեց լեգենդար Աղասի Խանջյանը…
Գրիգոր Արտեմովիչը լավ էր հասկանում, որ վճռվում է ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը, եւ իսկույն քայլերն ուղղեց Ստալինի ընդունարան։ Ստալինի օգնական, ամենազոր Պոսկրեբիշեւին խնդրեց իր այցի մասին զեկուցել։ Ստալինի մոտից ելնելով՝ Պոսկրեբիշեւը խնդրեց սպասել։ Մինչ Հարությունյանը սպասում էր ընդունելությանը, Բերիան մի քանի անգամ ելումուտ արեց Ստալինի մոտ՝ ամեն անգամ բարկացած հայացք նետելով Հարությունյանի վրա. իբր՝ «իմ կարգադրությունն անտեսում է, որոշել է Գլխավորի մոտ մտնել՝ քաջ իմանալով, որ նա ամեն ինչում միայն ինձ է աջակցում»:
Սակայն այս անգամ հակառակը ստացվեց։ Ստալինն ընդունեց Հարությունյանին եւ հարցրեց, թե ինչո՞ւ է եկել։
Հարությունյանը գլխավոր քարտուղարին պատմեց Բերիայի ծրագրի մասին եւ պատճառաբանեց, թե ինչու այն չի կարելի իրականացնել։ Նա կարողացավ Ստալինին համոզել, որ հայրենադարձների աքսորը բացասական կազդի Խորհրդային Միության հեղինակության վրա, որը մի ձեռքով թույլ է տալիս հայերին հայրենիք վերադառնալ, իսկ մյուսով Սիբիր աքսորում։ Նման գործընթացը կդադարեցնի հայրենադարձների հոսքը։ Ստալինը բարկացած ասաց, թե իրեն ոչինչ հայտնի չէ Բերիայի ծրագրի մասին։ Եվ իսկույն նրան կանչեց։ Խոսակցությունը երկար չտեւեց։ Ստալինը լսեց Բերիային, որը պնդում էր, թե հայրենադարձների մեջ շատ են նախկին դաշնակները, ճողոպրած ազգայնամոլներն ու հակահեղափոխականները, արտասահմանյան հետախուզությունների գործակալները եւ այլն, եւ այլն։ Երբ Բերիան ավարտեց իր խոսքը, Ստալինն իրեն հատուկ ոճով հատ-հատ վրա բերեց.
-Լավրենտի, գուցե դու ճիշտ ես, բայց ես կարծում եմ, որ ընկեր Հարությունյանին հարկ է սատարել։ Հայերին ձեռք չտալ, հայրենադարձությունը շարունակել։ Միայն լրտեսները չեն, որ մեզ մոտ են գալիս։
Ստալինի առանձնասենյակից Հարությունյանն ու Բերիան միասին դուրս եկան։ Գրիգոր Արտեմովիչը հասկացավ, որ ահավոր թշնամի ձեռք բերեց։ Սակայն Բերիան նրան բարեկամաբար հրաժեշտ տվեց եւ այնուհետեւ ոչ մի անգամ չհիշեցրեց իր պարտության մասին։ Ինչպես հետո պարզվեց, զուր չէր։
Անցավ երկու տարի, եւ Բերիային, այնուամենայնիվ, հաջողվեց ստանալ «բոլոր ժամանակների եւ ժողովուրդների առաջնորդի» համաձայնությունը՝ հայերի տեղահանության վերաբերյալ։ Եվ այլեւս ոչ ոք չհարցրեց Հայաստանի կենտկոմի քարտուղարի կարծիքը։
Որքան զարմանալի է ճակատագիրը։ Երբ Խրուշչովն իշխանության եկավ, «աշխատանքում թույլ տված սխալների համար» Գրիգոր Հարությունյանն ազատվեց իր պաշտոնից։ Նրա հասցեին հնչած մեղադրանքների մեջ էր նաեւ հայերի աքսորը Ալթայի երկրամաս։ Այն, ինչին նա ամեն գնով դիմադրում էր՝ վտանգելով կյանքը։
Խորագիր՝ #48 (1419) 8.12.2021 – 14.12.2021, Պատմության էջերից