ՄԱՅՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Սահմանամերձ Ագարակ համայնքում հասակ առած Հովհաննեսը փոքրուց վճռել էր՝ համալրելու է հայրենիքի պաշտպանների շարքերն ու շարունակելու է իր ազատամարտիկ, այնուհետև նաև հայոց բանակի սպա հոր առաքելությունը։
Բաղձալի նպատակին հասնելու համար Հովհաննեսը դիմեց և ընդունվեց ՌԴ հրետանային ակադեմիա, ուսանեց գերազանց առաջադիմությամբ:
Ուսման ավարտին համալրելով ԶՈՒ հրթիռահրետանային զորքերը՝ հրթիռահրետանային համալիրների մարտկոցի հրամանատար Հովհաննես Դանիելյանը օրեցօր կատարելագործում է իր հմտություններն ու ունակությունները՝ նույնը պահանջելով ենթականերից։
Նա նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, ենթակա ստորաբաժանման հետ ներգրավվելով մարտական գործողություններին՝ հակառակորդի հրետակոծության ու թիրախավորված ռմբահարումների տակ կատարելով առաջադրված մարտական խնդիրները։
Անձնուրացության և առաջադրված մարտական խնդիրները գերազանց կատարելու համար Հովհաննես Դանիելյանը հենց 44-օրյա պատերազմի օրերին արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։
-Այս պարգևը ոչ թե իմ, այլ ամբողջ ստորաբաժանման պայքարի գնահատանքն էր,- ասում է հերոս հրետանավորը:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ
Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Ազգային բանակ