Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ…»



Կա մի ուրիշ մարմին, որը ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը, այդ մարմինը Հայրենիքն է…

Մուրացան

 

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ...»…Քարուքանդ եղած ճանապարհը ձգվում էր դեպի  Վարդաբլուր լեռը։ Լեռան լանջին ծվարած գյուղն էլ ավելի էր մոտենում, մթության մեջ հեռվից նշմարվում էին տների լույսերը:

Որքան մոտենում էինք գյուղին, այնքան արագանում էին սրտիս զարկերը: Այս գյուղը հերոսական է, այստեղ են ապրում Նախիջևանի Զնաբերդ գյուղից տեղահանված մեր հայրենակիցները: Արցախյան պատերազմի օրերին գյուղը, նորից ջոկատ կազմելով, անցել էր ինքնապաշտպանության…

Կանգ առանք լեռան լանջին գտնվող տան մոտ: Այս տանն է ապրել գյուղի մերօրյա հերոս Իսահակ Սիմոնյանը: Վայոց ձորի Հարսանյաց լեռների ստորոտում՝ Վարդաբլուր լեռան լանջին գտնվող Զեդեա գյուղում է ապրում Սիմոնյանների բազմազավակ ընտանիքը։ Հերոսական ընտանիք, որը երեք պատերազմներում մարտնչեց ոսոխի դեմ և իր փառքի հերոսական դափնին փոխանցեց սերունդներին…

44-օրյա պատերազմի օրերին էլ Սամվել Սիմոնյանն իր երեք որդիների հետ հերոսաբար մարտնչում էր ամենաթեժ կետերում՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով: Որդիներից ամենակրտսերը Իսահակն էր։

-Խելացի էր, հանգիստ բնավորություն ուներ, նվիրված ու ընտանիքին հասնող զավակ էր,- արցունքն աչքերին Իսահակին է ներկայացնում հարևանուհին` տիկին Ծովինարը։

Իսահակը հայրենի գյուղում 8-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Երևանի Գ. Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոցում։ Ավարտելուց հետո՝ 2013 թվականին, զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսի զորամասում:

-Իսահակ Սիմոնյանը իմ ամենալավ զինվորներից էր՝ անթերի ծառայող էր,  անվախ, պարտաճանաչ, պատվով էր կրում զինվորական համազգեստը,- հերոսի մասին ասում է հրամանատարը` Գագիկ Սիմոնյանը:

Ժամկետային ծառայության ժամանակ Իսահակը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: 2015 թվականին Իսահակը ծառայության է անցել արդեն որպես պայմանագրային զինծառայող։

Պատմում է զինակից ընկերը՝ Արմանը.

-Իսահակի հետ ծառայում էինք նույն վաշտում, նույն ջոկում: Ինժեներական աշխատանքներ կատարելիս ամենաառաջինն էր, արագ և հմտորեն էր կատարում յուրաքանչյուր առաջադրանք։ Բարեխիղճ էր, հոգատար, ամեն ինչի պատրաստ էր։

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ...»Դիրքերում էինք, երբ սկսվեց պատերազմը: Արցախը վտանգված էր, և մենք ուզում էինք շուտ հասնել այնտեղ։ Հոկտեմբերի 9-ին ամբողջ գումարտակը՝ Մհեր Ստեփանյանի գլխավորությամբ, շարժվեց Ջրական։ Գնում էինք կռվելու, մեր սուրբ հողը պաշտպանելու։ Թեժ ու կատաղի մարտեր էին: Իսահակը կռվում էր անմնացորդ նվիրումով, աննահանջ։ Անսահման ուշադիր էր բոլորիս հանդեպ։ Իսահակը ձեռքն էր վերցրել գնդացիրը և մարտնչում էր քաջին վայել, դիպուկ հարվածներ հասցնում թշնամուն: Երբ մի պահ կրակը դադարեց, Իսահակն ասաց. «Պատիվ է Հայրենիքի համար կռվելն ու մեռնելը…»:

Գումարտակի բուժքույր Հասմիկն է հիշում.

-Իսահակին ամբողջ գումարտակն էր սիրում: Երբ մենք արդեն Ջրականում էինք, հրամանատարը կարգադրեց, որ ինձ ամենաապահով խրամատը տանեն։ Դասակի հրամանատար Մանուկյան Աշոտը ինձ տարավ իրենց մոտ, ասելով, որ այնտեղ համեմատաբար ապահով է։ Գնացինք: Տղերքը 6-7 հոգի էին, նրանց շարքում էր և Իսահակը։

Ամեն անգամ, երբ թշնամու արկերը մեր կողմն էին թափվում,  Իսահակն ինձ ծածկում էր  մարմնով՝ ասելով. «Միայն թե, Հասոյին բան չլինի, նա բոլորիս համար կարևոր գործ է անում»։ Մեր աչքի առաջ զոհվում էին մեր ընկերները։ Իսահակը կյանքեր էր փրկում, վիրավորներին դուրս բերում և  դարձյալ խենթի պես նետվում մարտի։

-Հոկտեմբերի 12-ի առավոտն էր, երբ խոսեցի եղբորս հետ: Դա մեր վերջին զրույցն էր…  Եղբորս` Իսոյիս  այլևս չտեսա, նրա խոսքերը մինչև օրս հնչում են իմ ականջներում. «Մինչև վերջին զինվորին խրամատից չհանեմ, տուն չեմ վերադառնա»,- ասում է Իսահակի եղբայրը։

Հուշերի «տուտն» են բռնել Իսահակի ծնողները, քույրերն ու եղբայրները. հազար  քաղցր հիշողություն ունեն…

Իսահակը սիրում էր կյանքը, նրա գույները, հազար ու մի բաղձանք ու տենչ ուներ հոգում պահած, եւ պիտի սիրելի կնոջ` Անահիտի հետ կյանքի նոր շառավիղը գծեր, զավակներ ունենար:

Ինքը բոլորին շատ-շատ էր սիրում, բայց ամենից շատ Հայրենիքը…

Ամեն անգամ մոր հետ խոսելիս ասում էր.

-Մա՛մ, ես պետք է գնամ դիրքեր, իմ սրտի մեջ Հայրենիքն է…

2020 թ. հոկտեմբերի 13-ին է զոհվել Իսահակը:

Հայրը` Սամվել Սիմոնյանը, պատերազմների միջով անցած, թրծված ազատամարտիկն ասում է.

-Հայի ճակատագիրը արյունով  է գծված, և մենք ճար չունենք, մենք պիտի կռվենք, պայքարենք, մինչև հասնենք մեր իրական նպատակին։ Որդիս մարտնչեց քաջին վայել՝ պատերազմի դաշտում պաշտպանելով մեր ազգի պատիվն ու Հայրենիքը:

…Իսահակի աճյունը հողին հանձնեցին ութ ամիս անց, Հերոսների պանթեոն  «Եռաբլուրում»:

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Ճակատագրեր


23/12/2021