Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ



ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՊաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը 2021 թ. սկզբին ձևակերպելով իր բովանդակային առաջնահերթությունները՝ ձեռնամուխ եղավ դրանց բազմակողմանի արտացոլմանը ամբողջ տարվա ընթացքում: Հանդեսն իր ընթերցողներին ապահովեց զորքերում ծառայության մասին համակողմանի տեղեկություններով, լուսաբանեց զորամասերի, նոր հիմնավորված դիրքերի գործունեությունը: Հանդեսի էջերում 44-օրյա պատերազմի հերոսական դրվագների լուսաբանումը, սխրանքներ գործած զինվորների ու սպաների մասին պատմությունները նույնպես մեր կարևորագույն խնդիրներից էին, քանի որ հենց նրանք են կերտում բանակի դիմագիծն ու ձևավորում բանակի հեղինակությունը հասարակության շրջանում:

«Հայ զինվոր» հանդեսի յուրաքանչյուր համարում եղել են 44-օրյա պատերազմին նվիրված բազմաթիվ հրապարակումներ: Հանդեսը դարձել է մեր հերոս զինվորների, սպաների, պայմանագրայինների, պահեստազորայինների սխրանքների վավերագիրը՝ հյուսելով փառքի պատմություն:

«Հայ զինվորը» պարբերաբար անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի առօրյային, խնդիրներին, զրուցել է մարդկանց հետ, լսել նրանց խոհերը:

«Հայ զինվորը» շարունակել է համագործակցությունը դպրոցների հետ, իր ընթերցողներին պատմել է լավագույն զինղեկների, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման մակարդակի, դպրոցում հայրենասիրական դաստիարակության ու խնդիրների մասին:

Մենք անդրադարձել ենք ռազմաուսումնական հաստատություններին, ներկայացրել բնագավառում առկա ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաև լավագույն կուրսանտների մասին պատմող նյութեր ենք հրապարակել՝ սևեռելով հասարակության ուշադրությունը սպայի մասնագիտության կարևորության ու գրավչության վրա:

«Հայ զինվորն» ամենայն մանրամասնությամբ լուսաբանել է զորակոչը, եռամսյա վարժական հավաքները, ներկայացրել օրենսդրական փոփոխությունները, ընթերցողներին տրամադրել իրավական աջակցություն:

«Հայ զինվորի» էջերը նախկինի պես տրամադրվել են հայ անվանի մտավորականներին ու մարզիկներին, որոնք իրենց խոհերը, մտորումները, անցած ճանապարհի արժանահիշատակ դրվագներն ու կենսափորձը ընթերցողին ներկայացնելու հնարավորություն են ունեցել:

Հանդեսը պարբերաբար անդրադարձել է հայոց ռազմի պատմության փառահեղ էջերին, ռազմական գործիչներին, հայոց մեծերին՝ պատմության գզրոցներից հանելով անցյալի հիշարժան դրվագները:

Տարածաշրջանում ռազմաքաղաքական վերլուծությունները նույնպես եղել են մեր առաջնահերթությունների ցանկում: «Հայ զինվորի» ընթերցողը «հանդիպել է» հայտնի քաղաքագետների հետ ու ստացել օբյեկտիվ վերլուծություններ այդ գործընթացների մասին:

Մեր ջանքերը՝ մեծացնելու «Հայ զինվոր» հանդեսի լսարանը, եղել են արդյունավետ: Հանդեսը հասել է զորամասեր ու դիրքեր, երկրի հեռավոր բնակավայրեր, դպրոցներ, մշակութային օջախներ, նաեւ Սփյուռքի հայ համայնքներ: Մեծացել է նաև «Հայ զինվորի» լսարանը համացանցում՝ ընդգրկելով նոր շրջանակներ, ներառելով հասարակության տարբեր տարիքային խմբերի բոլոր խավերին:

«Հայ զինվորը» 2022-ը դիմավորում է մեծ հույսով, որ կլուսաբանի միայն երկրի ու բանակի խաղաղ օրերի առօրյան և ընթերցողին առավել բազմազան ու հետաքրքիր հրապարակումներ կներկայացնի:

Սիրելի՛ ընթեցողներ, շնորհավորում ենք ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, թող տարին լինի խաղաղ, լի աշխատանքային ձեռքբերումներով ու անձնական հաջողություններով:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Ազգային բանակ


30/12/2021