Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆԿԱՐԵԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԻ»



ՀՀ ՊՆ Ձմեռ պապին՝ զեկուցագիր նամակ.

Ձեզ եմ ուղարկում 2022 թվականի իմ ցանկությունները. ինքնաձիգ ԱԿՄ, կապի միջոցներ, խաղաղություն:

Զեկուցող՝ Նարեկ Հովսեփյան

 

«ՆԿԱՐԵԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԻ»Նամակը ձեռքում պինդ պահած  տասնամյա Նարեկը եկել էր  պաշտպանության նախարարություն: Տրամաբանական հարց է  առաջանում՝ ինչո՞ւ պաշտպանության նախարարություն: Հարցի պատասխանն էլ հենց այս պատմության առանցքն է, որն սկիզբ է առնում Նարեկի ցանկություններն իր մեջ ամփոփող նամակ-զեկուցագրի բովանդակությունից:

Նամակում նշված երեք կետերին տեղում ևս մեկն ավելացավ. Նարեկի խնդրանքով ու ցանկությամբ նրան ներկայացրինք «Զինուժ» հաղորդաշարի պատրաստման ընթացքը, նկարահանման տաղավարները, պատասխանեցինք զինվորական դառնալու մեծ երազանք ունեցող տղեկի հարցերին:

Նարեկի խոսքով՝ նամակը գրելու միտքը ծնվել է հանկարծակի, երբ վերջերս դպրոցից տուն վերադառնալիս լսել է իրենց բնակավայրի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների ձայնը, իսկ համացանցում էլ աչքով են ընկել այդ մասին տեսանյութերն ու հրապարակումները։

«ՆԿԱՐԵԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԻ»Ի դեպ, պատահական չէ նաև Աստծո պատկերով նամակի ու ծրարի նկարազարդումը։

-Նկարել եմ Աստծուն, որ մեր երկրին խաղաղություն պարգևի,- ասաց Նարեկը:

Պաշտպանության նախարարությունում Նարեկը հանդիպեց նախարար Սուրեն Պապիկյանին: Ընդունելով սահմանամերձ բնակավայրի փոքրիկ բնակչին՝ նախարարն ասաց.

-Նարե՛կ ջան, շատ կարևոր է, որ մենք բոլորս՝ մեր Հայրենիքի զինվորներս ապահովենք մեր երկրի խաղաղությունը, տարածաշրջանի խաղաղությունը: Քո նամակի՝ ինքնաձիգի, կապի միջոցների և ամենակարևորը՝ խաղաղության անհրաժեշտությունը շատ կարևոր ուղերձ է բոլորիս, և մենք հաշվի առնելով քո սրտի ցանկությունը՝ կազմակերպեցինք այս հանդիպումը:

«ՆԿԱՐԵԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԻ»Իսկական ինքնաձիգն ու ռազմական կապի միջոցները՝ հասուն տարիքում, իսկ Ամանորի առթիվ մենք քեզ կնվիրենք պլանշետ և զինվորական համազգեստ։

-Չգիտեի, որ կհանդիպեմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որ հանդիպումն այսքան լավ կանցնի, շատ ուրախ կանցնի,- ասաց փոքրիկ զինվորը:

Ուրախ տրամադրությամբ ու ոգևորությամբ էլ Նարեկը հեռացավ պաշտպանության նախարարությունից՝ մի օր հաստատ իր երազանքը ի կատար ածելու՝ ուսադիրներով  զինվորական համազգեստ կրելու և Հայրենիքի  պաշտպան դառնալու վստահությամբ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/12/2021