Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՐՆ ԷԼ, ԾԱՌԱՆ ԷԼ ՄԵՆՔ ԵՆՔ…»



«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՐՆ ԷԼ, ԾԱՌԱՆ ԷԼ ՄԵՆՔ ԵՆՔ...»Հրամանատարն առաջնագիծ տանող ամբողջ ճանապարհին իր դիրքապահ ծառայակիցների մասին է պատմում։ Ծառայակիցների և ոչ ենթակաների՝ անկախ ուսադիրներից: «Հայրենիքի տերն էլ, ծառան էլ մենք ենք». պատերազմի ամենամեծ դասերից էր։ Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ նա պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարն էր։

-Պատերազմի ժամանակ հրամանատարի համար ավելի ծանր որոշում չի կարող լինել, քան ենթակա անձնակազմին մարտական խնդիր առաջադրելը, որի կատարման ելքն անգամ լավագույն ռազմավարական հաշվարկների դեպքում, ըստ իս, դժվար է կռահել։ Զինվորի կորստի ցավը ուղեկցելու է ամբողջ կյանքում, ոչ մի կերպ այդ ցավը չի ամոքվում, իսկ հիշողությունը պարտավորեցնում է,- ասում է հրամանատարը:

Գնդապետ Յայլոյանը կատարված ինժեներական աշխատանքներն է ներկայացնում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, խրամատների ամրացման, կահավորման աշխատանքները մշտական բնույթ են կրում, անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը մշտապես բարձր պահելու ուղղությամբ բազմապիսի միջոցառումներ են իրականացվում, ամենօրյա վարժանքներ, անհրաժեշտության դեպքում՝ արտապլանային մարզումներ ու դասընթացներ են կազմակերպվում, իսկ որ ամենակարևորն է՝ հրամանատարի  համար սկզբունք է. միշտ լինել առաջնագծում՝ դիրքապահի կողքին, անձամբ տեղում ծանոթանալ օպերատիվ իրավիճակին։

Հայկ Շահնազարյանը արդեն երկար տարիներ պայմանագրային գումարտակում է ծառայում։ Հարցնում եմ՝ ընտանիք ունի՞, հայացքով ծառայակիցներին է ցույց տալիս ու կեսկատակ ասում՝ տարվա կեսն այստեղ է՝ առաջնագծում. խրամատն ընտանիք, կյանքի ուղեկից ու երկրորդ կես է դարձել։

Հայկը 2020 թ. հոկտեմբերի 16-ին ծառայակից ընկերների հետ կամավորագրվել ու Արցախ է մեկնել։ Մասնակցել Ջրականի պաշտպանության համար մարտերին։

Էդմոնդ Մխիթարյանը դիրքի ավագն է։ Ժամկետային ծառայությունից վերադարձել է ու ծառայության անցել պայմանագրային գումարտակում։ Պատերազմի օրերին ինքն այստեղ՝ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում էր, հայրը՝ Արցախյան ճակատում։ Ավագ Մխիթարյանը կամավոր էր մեկնել Արցախ, երկու անգամ վիրավորվել է:

-Հայրս իր կիսատ թողածը շարունակելու պատգամով ամեն հերթափոխից առաջ ինձ գոտեպնդում ու առաջնագիծ է ճանապարհում,- ասում է դիրքի ավագը:

Դիրքապահ Կարեն Եսայանը պատերազմին մասնակցել չհասցրեց: Ինքն իրեն խոստացել է. քանի դեռ չի հաստատվել պատմական արդարությունը, իր օրերն այստեղ՝ առաջնագծում են անցնելու։

Մինչ հետզհետե թեժացող վառարանի շուրջ մեր զրույցն էլ աստիճանաբար թեժանում է, ճաշարանից տապակած կարտոֆիլի ախորժաբույրը հուշում է, որ շուտով ճաշի ժամն է։

Տղաները սեղանի շուրջ իրենց տեղերն են զբաղեցնում։ Այստեղ՝ առաջնագծում դիրքապահի հետ կիսած մի կտոր հացն էլ ուրիշ համ ունի, որովհետև դու ամենաքաջ տղերքի հետ առաջնագծում ես…

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուսանկարը՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1423) 12.01.2022 - 18.01.2022, Ազգային բանակ


13/01/2022