Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ



ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒԱյս տարի հունիսի 18-ին վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԸ կդառնար 75 տարեկան: Ցավոք, նկարչի ծննդյան տարեդարձը կնշենք առանց նրա ներկայության: Սույն զրույցը հինգ տարվա վաղեմություն ունի: Այդ օրերին պաշտպանության նախարարը Ռուբեն Արուտչյանին պարգևատրել էր «Գարեգին Նժդեհ» մեդալով:

 

– Բանակի զինանշանը զինվորի ու գեներալի, սպայի ու ենթասպայի խորհրդանիշն է, բանակի գաղափարախոսության հակիրճ ու վառ կերպավորումը: Ու ես պիտի խնդրեմ, որ Դուք բացահայտեք զինանշանի յուրաքանչյուր պատկերի խորհուրդը, որն իր հերթին կամբողջացնի հավաքական ասելիքը: Եկեք սկսենք արծիվից: Իմ ընկալմամբ` Ձեր արծիվը շատ է տարբերվում աշխարհի տարբեր պետությունների զինանշանների վրա պատկերված արծիվներից` իր «խոհափիլիսոփայական» հայացքով ու կեցվածքով: Արծիվը ուժի, պայքարի խորհրդանիշ է ու պիտի վայրի հայացք ունենա եւ սլացքի, խոյահարման տեսք: Մեր զինանշանի արծիվը կանգնած է, թեւերը փռել, ասես գիրկն է առել զինանշանի մյուս պատկերները խաղաղ հայացքով: Ինչո՞ւ:

– Շատ ճիշտ եք նկատել: Այն, ինչ ասացիք, բացարձակ ճշմարտություն է: Իմ արծիվը եղել է վայրի հայացքով, սլացել, խոյահարել է Արցախյան պատերազմի ժամանակ, երբ մեր բանակը ազատագրում էր իր գերեվարված հողերը: Այսօր մեր զինանշանի արծիվը հաղթած բանակի արծիվ է, որի հայացքը, ինչպես ասացիք, «խոհափիլիսոփայական» է, նա կանգնած է հայրենի հողին ու թեւերը փռած՝ պաշտպանում է իր նվաճումներն ու հաղթանակները: Իմ արծիվը մեր ինքնավստահ, խաղաղ, հպարտ ու հաղթանակած ուժի խորհրդանիշն է:

– Պիտի խոստովանեմ, որ անպարագրելի վեհություն ու ամրություն կա նրա խաղաղության մեջ:

– Հենց դա էլ ցանկացել եմ շեշտել:

– Հասկանալի է, որ զինանշանի վրա պատկերված դրոշը մեր անկախությունն է, իսկ ի՞նչ է խորհրդանշում արեւը:

– Արեւը մեր երկիրն է` Հայաստանը:

– Այնքան խոսուն ու սրտառուչ խորհրդանիշ է, որ անգամ բացատրելու կարիք չկա. մեր արեւը` մեր հայրենիքը: Մենք նաեւ սուր ունենք զինանշանի վրա, որը դարձյալ շատ «խաղաղ է», առանց մի կաթիլ ագրեսիայի, բայց կա:

– Որովհետեւ մենք այսօր ոչ մի ցանկություն չունենք այդ սուրն օգտագործելու, բայց, եթե հակառակորդը առիթ տա, մեր սուրը կփոխի դիրքն ու կկատարի իր առաքելությունը:

-Վահանը մեր պաշտպանունակության խորհրդանիշն է, այո՞:

-Այո՛, մեր ազգային-հավաքական պաշտպանունակության: Այն միայն բանակը չի մարմնավորում, այլ մեր ժողովրդի` երկիրը բազկի ուժով, հոգևոր արարումներով պաշտպանունակ դարձնելու գաղափարը:

-Զինանշանի վրա պատկերված խա՞չը…

-Մեր հավատքը, մեր բարոյականությունը, մեր վարքականոնը, մեր ազգային նկարագիրն է:

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ-Պարոն Արուտչյան, Դուք արմատներով շուշեցի եք եւ հեղինակել եք նաեւ Շուշի քաղաքի զինանշանը. ի՞նչ են խորհրդանշում հրեշտակն ու սրինգը:

-Սա այն հրեշտակն է, որը երեւաց մարդկանց Շուշիի ազատագրության ժամանակ: Շուշին Երկնքից պաշտպանված քաղաք է, որի ազատության համար հայ ժողովրդի զավակները հրաշքներ են գործել մարտադաշտում: Հրեշտակը նաեւ այդ հրաշքների խորհրդանիշն է: Շուշին հայտնի է եղել որպես մշակութային քաղաք եւ, ահա, սրինգը այս փաստի հիշատակումն է:

-Դուք ժողովրդական նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին եք եւ Միքայել Արուտչյանի զարմիկը: Արուտչյան ազգանունը լսելիս անմիջապես կտավ, պատկեր ու գույն է հայտնվում աչքերիդ առաջ: Ձեր հայրն ու հորեղբայրը եղել են ժամանակի մտավորական խավի ամենավառ դեմքերից: Ինձ հետաքրքիր է, ինչպիսի՞ն էին Խորհրդային Հայաստանում ապրող, Եվրոպայում կրթված ու համաշխարհային արվեստում իրենց տեղն ունեցող հայ մտավորականները Ձեր պատանեկության տարիներին, ինչո՞վ էին ներշնչված, ինչպե՞ս էին ապրում:

-Ես համեմատություն չեմ անելու մեր ժամանակների հետ, դա թողնում եմ Ձեզ ու ընթերցողին, բայց ամենայն սիրով կնկարագրեմ այն օրերի կոլորիտը, կպատմեմ հիշողություններս… Իմ պատանեկության տարիներին մեծերը շատ էին` մարդիկ, որոնց անունները հավերժ մնալու են հայ ժողովրդի մշակույթի ոսկե էջերում: Իմ պատանեկության տարիներին մեծերը շատ մեծ էին` ե՛ւ արվեստում, ե՛ւ առօրյա մարդկային հարաբերություններում: Ես չեմ ուզում անուններ տալ, վախենալով, որ չեմ կարողանա հիշել բոլորին: Մեր տանը պարբերաբար հավաքվում էին նկարիչներ, դերասաններ, պոետներ, կոմպոզիտորներ, գրողներ: Նրանց խոսքը, նրանց զրույցները` արվեստից մինչեւ ամենակենցաղային թեմաներ, մշակույթ էր: Հավաքվում էին ու սկսում քննարկել որեւէ բանաստեղծություն, վեպ, ներկայացում, երգ կամ օպերա: Հետո արտասանում էին, երգում, նվագում: Եվ գիտեք՝ ինչն էր զարմանալին. հակառակ խորհրդային «փակվածությանը», նրանք շփումներ ունեին եվրոպական արվեստի մեծերի հետ: Նամակներ էին գրում իրար: Իմ պատանեկության տարիներին մտավորականները միաձույլ էին, արվեստի մարդիկ սիրում էին իրար ու ընկերություն էին անում իրար հետ, շատ մտերիմ էին: Նրանք հզոր ու հեղինակավոր մարդիկ էին, նրանց ճանաչում, նրանց պաշտում էին բոլորը` փոքրից մեծ: Ժողովուրդը սիրում էր իր մտավորականին, մտավորականը սիրում էր իր ժողովրդին: Օդը ներծծված էր մշակույթով: Ու երկրում մշակութային սերունդ էր բարձրանում…

-Եվ դա էր պատճառը, որ խորհրդային պետական գաղափարախոսությունը որքան էլ զուրկ էր ազգային նկարագրից, բարձրացող սերունդը ազգային դիմագիծ ու կեցվածք ուներ, որովհետեւ մշակութային մարդը չի կարող հայրենասեր չլինել: Ու հենց խորհրդային սերունդը ազատագրեց Արցախը:

-Եվ հակառակը. որքան էլ առավոտից իրիկուն ռազմահայրենասիրություն քարոզենք, այն արմատ չի տա եւ չի ծլարձակի, եթե չենք գտել մշակութային մարդ դաստիարակելու մոդելը, որովհետեւ մարդկային բոլոր առաքինություններն այդ հողի վրա են ծլարձակում:

-Ի՞նչ ասել է մշակութային մարդ: Ձեր բանաձեւումն եմ ուզում լսել:

-Մշակութային մարդն այն մարդն է, որը ծնված օրվանից առնչվել է մշակութային երեւույթների հետ բոլոր հարաբերություններում: Ում հույզերը, զգացմունքները, մտածելակերպը, ներաշխարհը, վարքը կրթվել ու ձեւավորվել են բառի, հնչյունի, գույնի, բարձր գաղափարների, գեղեցիկի, վեհի, բարու ազդեցությամբ:

-Դուք հավանաբար ծանոթ եք զինվորականների, բանակի, սպայակազմի հետ:

-Բանակն ու զինվորը ինձ համար բացարձակ արժեք են: Ես ուզում եմ ընկերություն անել բանակի հետ, որովհետեւ մեր բանակը` մեր սպան ու զինվորը, Արցախյան պատերազմում, բանակաշինության ամբողջ ընթացքում, ապրիլյան քառօրյա կռվի օրերին հաստատեցին մի ֆենոմենալ իրողություն. որ հայրենիքի ազատության նժարին աներկբա պատրաստ են դնելու իրենց կյանքը: Սա խիզախության, վեհության, նվիրումի գագաթնակետն է:

Երբ մեր երկրին սպառնում է դարավոր թշնամին, մենք ֆենոմենալ ենք, իսկ խաղաղ ժամանակների բանակը, երկրի ներսի բարքերը հղկվելու եւ ավելի մշակութային դառնալու կարիք ունեն: Զինվորական խավը` նույնպես:

-Ի՞նչն է Ձեզ հուզում այսօր ամենից շատ եւ ի՞նչն է ներշնչում:

-Երկրում ազնվության պակաս կա: Մարդը ընկերություն չի անում ճշմարտության հետ: Մարդը անկեղծ չէ սպիտակ թղթի առաջ: Առանց ազնվության մեռնում է ամեն գեղեցիկ բան: Որքան էլ արհեստավարժ լինես, եթե ազնիվ չես, եթե հոգիդ ու միտքդ ազատ ու բաց չեն, չես կարող հոդված գրել, բանաստեղծել, նկարել, քանդակել, երգ ստեղծել: Ես ամիսներով չեմ նկարում, եթե ներշնչանք չկա, ու ասելիք չունեմ: Չի՛ կարելի սեր, ոգեւորություն, հպարտություն ու խիզախություն խաղալ: Չի՛ կարելի գոյատեւել, մանավանդ, երբ կա ապրելու շանս: Այլապես գոյատեւելը դառնում է կենսակերպ, սովորույթ:

Ինձ ներշնչում է մեր ժողովրդի գենետիկ «սիրառատությունը»: Ով ինչ ուզում է ասի` մենք սիրով լի ժողովուրդ ենք: Ես քեզ ասում եմ` Գայանե՛ ջան, դու այս ջանը չես կարող թարգմանել ոչ մի լեզվով: Սա մերն է, մեր սիրուց է ծնվել, մենք սիրելով էլ հաղթելու ենք…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային


21/01/2022