Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂ ՀՈՂ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏ



ԽԱՂԱՂ ՀՈՂ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏՀունվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում նշվեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան,  վաստակաշատ մանկավարժ  Մեխակ Ավետիսյանի  ծննդյան 100-ամյակը, միաժամանակ տեղի ունեցավ նաեւ նրա հեղինակած «Սարուխանի հերոս զավակը» գրքի շնորհանդեսը։

Թոշակի անցնելուց  հետո Մեխակ Ավետիսյանը  գրքեր է գրել, հրատարակել, վերջին՝ «Սարուխանի հերոս զավակը» գիրքը պատմում է  հերոս պապի հերոս ծոռան՝ Արցախյան վերջին պատերազմում քաջի մահով ընկած Հակոբ Արայիկի Հարությունյանի մասին:

«Ծանր է իրողությունը, անասելի ծանր, բայց աստիճանաբար պետք է ուժ գտնենք հաղթահարելու մեզ հասած  ցավը, շենացնենք եւ հզորացնենք հայրենիքը, որպեսզի գալիք սերունդներն ապրեն միայն խաղաղության մեջ»,- պատգամում է Մեխակ Ավետիսյանը։

Օրերս դարն ուսած վետերանի պարգեւների շարքը համալրվեց եւս մեկով՝ «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական մեդալով:

100-ամյակի կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում «Հայ զինվոր» հանդեսում լույս տեսած ակնարկը վետերանի մասին։

 

Սարուխանում ենք, Ավետիսյանների հյուրընկալ օջախում: Այցելել ենք Մեծ հայրենականի վետերան Մեխակ Ավետիսյանին։

Պատերազմի հրաշունչ օրերն է հիշել նախկին ճակատայինը, հազարաձայն հուշերն արթնացել են, փոթորկել, տակնուվրա արել սիրտն ու միտքը: Վետերանը պատերազմական օրերի դրվագները հիշում է՝ առանց խառնելու թիվ, հաջորդականություն: Ամենազոր ժամանակը չի ջնջել ոչինչ. դրանք դաջված են սրտի մեջ:

ԽԱՂԱՂ ՀՈՂ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏ-1940 թ. մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսից զորակոչվեցի խորհրդային բանակ: Ծառայում էի Լիտվայում տեղակայված թիվ 140 հրետանային գնդի մարտկոցի կազմում, այնուհետեւ տեղափոխվեցինք Ռիգա:

Հունիսի 22-ին պատերազմն սկսվեց… Կարմիր բանակի զորամասերը պաշտպանվելով նահանջում էին, իսկ թշնամին ավերելով, ճանապարհին ամեն ինչ կրակի մատնելով՝ շարժվում էր առաջ: Փլուզված շեներ, այրված քաղաքներ, եկեղեցիներ, այրված երազներ եւ հույսեր, խեղված ճակատագրեր, մարդկային անհամար կորուստներ…,- պատերազմի անմարդկային պատկերն է ներկայացնում վետերանն ու շարունակում:- Վրեժով, ցասումով լցված՝ կռվում էինք, ազատագրում գրավյալ տարածքները: Իմ զորամասը պահել է այն ճանապարհը, որով Հիտլերը փորձում էր մոտենել Մոսկվային, սակայն թշնամին չկարողացավ ճեղքել այդ հատվածը: Կռվում էինք Խորհրդային Միության համար, կռվում էինք Հայաստանի, Երեւանի, իմ Սարուխանի համար: Եթե հաղթանակեր ֆաշիզմը, նրա թիմակից Թուրքիան, որ մեր սահմանի մոտ կենտրոնացրել էր քսանից ավելի  մարտական դիվիզիա, հողին կհավասարեցներ Հայաստանը:

Մեխակ Ավետիսյանը մասնակցել է Նովգորոդի, Վելիկիե Լուկի, Օպոչկա, Ռժեւ քաղաքների եւ շատ այլ բնակավայրերի ազատագրմանը: 1943 թ. Դեմյանսկ քաղաքի մոտակայքում պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

Հարյուրավոր կիլոմետրեր կտրած, աշխարհի մի ծայրից մյուսը հասած զինվորն ամեն օր երազել, փափագել է, որ պատերազմն ավարտվի.

-Դեռ կրակում էինք, երբ տեղեկացանք՝ խաղաղություն է… Ուրախությանը չափ չկար, հրաշքին հավասարազոր էր՝  ողջ էինք մնացել, ապրում էինք, ինչքա՜ն մարդ զոհվեց այդ աշխարհակործան պատերազմի ժամանակ…

Բայց  ճանապարհները նրան Կուռլանդական թերակղզուց դեռ տանելու էին մինչեւ չին-մոնղոլական սահման, ուր պետք է մասնակցեր Ճապոնիայի դեմ մղվող պատերազմական գործողություններին:

1946 թ. փետրվարին նոր միայն վերադարձավ հայրենի եզերք, հայրենի  տուն: Կարոտած հարազատներ, սիրած աղջիկ՝ գեղեցկատես Վիկտորյան, որը հավատարիմ նվիրումով սպասել էր, ու հարսանիքը չուշացավ…

Հետպատերազմյան Հայաստանում կյանքն աստիճանաբար  ընկնում էր բնականոն հունի մեջ, երկիրն աստիճանաբար ոտքի էր կանգնում:

Մեխակը շարունակեց կիսատ մնացած ուսումը, հետո որպես ուսուցիչ աշխատեց, դպրոցի ուսմասվար, տնօրեն:

-Սարուխանցի ինչքան հայտնի մարդ կա՝ գեներալ, գնդապետ, դոկտոր, պրոֆեսոր, իմ աշակերտներն  են եղել,- կեսկատակ-կեսլուրջ ասում է  բազմամյա մանկավարժը:

Խոսքաշեն է վետերանը, կենսախինդ, եռանդով լի, այս պատկառազդու տարիքում էլ ձեռքերը ծալած չի նստում, մեղու է պահում,  այգում  ծառ էտում. ավելորդ ճյուղերն ու ոստերը  կտրում, որ ծառի պտղաբերությունը, աճը կարգավորվի: Մակընթացություններով լի իր կյանքի պատմությունն է   հուշագրում…

ԽԱՂԱՂ ՀՈՂ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏՀետաքրքրվում  ենք, ուզում ենք իմանալ պապի  երկարակեցության  գաղտնիքը.

-Կյանքը շատ եմ սիրել,  ապրել եմ պարզճակատ, խիղճս՝ մաքուր: Բարի գործեր եմ արել, ոչ մեկին վնաս չեմ տվել, թշնամուց բացի: Շրջապատված եմ ջերմությամբ, հոգատարությամբ, լավ զավակներ ունեմ, թոռներ ու ծոռներ, լավ հարս՝ զավակի նման սրտացավ…

Մեր զրույցը  Մեծ հայրենականի օրերից հասնում է մեր օրեր: Վաստակաշատ մանկավարժն անտարբեր չէ  ներքաղաքական զարգացումներին, աշխարհում տիրող իրավիճակին:

-Չեն թողնում՝ աշխարհը խաղաղ  մնա, մարդ խաղաղ սրտով ստեղծի, արարի, ստեղծածն էլ  խաղաղ սրտով վայելի: Անընդհատ պատերազմներ են հրահրում,- սրտնեղում է վետերանը:- Սարուխանցի 1273 զինվոր է կռվել Մեծ հայրենականում, 420-ը  չեն վերադարձել, ընտանիքներ կային, որ կռվում կորցրին երեք, չորս զավակ… Արցախյան պատերազմում էլ զավակներ կորցրինք, էս ավերաշունչ պատերազմին էլ…

Ամեն տարի մայիսի 9-ին  պապը տարեկից վետերանների հետ միշտ բարձրանում էր գյուղի բարձունքին վեր խոյացող Մեծ հայրենականի հուշարձան-կոթողին ծաղիկներ դնելու, խոնարհվելու, այժմ՝ մայիսի 9-ին, գյուղի գերեզմանատուն  է գնում՝ փոքր «Եռաբլուր»…

-Հիմա Հայաստանի ամեն քաղաք ու գյուղ իր «Եռաբլուրն» ունի,- պապի ձայնը կերկերում է,  աչքը՝ թացանում. 44-օրյա պատերազմում զոհվել է պապի ծոռը՝ Հակոբը:

-Ես ծոռանս զինվորական երդմանը գնացել, հասել էի Մարտակերտ, եկեղեցու բակում նորակոչիկները հայրենիքին ինքնանվեր ծառայելու  երդում էին տալիս, ես էլ ելույթ ունեցա, հպարտացա մեր քաջակորով, արծիվ զինվորներով: Արծիվ  տղերքը հերոսաբար կռվեցին, արծիվ տղերքից շատերը հիմա երկնքում են…

Հակոբս իմ ամենասիրած ծոռն էր՝ խելոք, բարի, ուշադիր, նվիրված, աշխատասեր: Մինչ զոհվելը ծոռս ընկերոջ հետ փոքրիկ  եկեղեցի էր քանդակել՝ մոր ծննդյան օրը նվիրեց… Քանի օջախ զրկվեց իր լույսից, հույսից, իր հենարանից, ինչքա՜ն երազանքներ դարձյալ անկատար մնացին…

Սենյակում ծանրանում է լռությունը…

-Հայ զինվորը չի պարտվել, նրա ոգին անպարտ է. ես որպես հին զինվոր եմ հավաստիացնում,- լռությունը ճեղքում է պապը,- անարդար կռիվ էր, ուժերը՝ անհավասար:

Ստեղծված իրավիճակից  էլ  դուրս գալու մի ճանապարհ է մատնանշում հին զինվորը.

-Բոլոր պետություններն էլ ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, մենք միայն համախմբվելով, սեփական ուժերին ապավինելով  կուղղենք երկրի կքած ողնաշարը:  Հարկ է՝ ամեն մեկի նեղ, անձնապաշտ «ես»-ը վերափոխվի «մենքի»,  ինչ կարգեր էլ ստեղծվեն, ինչ կարգեր էլ հաստատվեն, բաժանարար գծեր չլինեն, օգտագործվի բանիմաց մարդկանց փորձը, առողջ հատիկը…

Հրաժեշտից առաջ հարցնում ենք  պապին՝ 100-ամյակին ի՞նչ նվեր կխնդրի Աստծուց:

-Խաղաղ հող,  խաղաղ սիրտ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (1427) 16.04.2022 - 19.04.2022, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


21/01/2022