Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿՆ ԻՆՁ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ



ԲԱՆԱԿՆ ԻՆՁ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑՎրեժ Վարդանյանը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի  պետական քոլեջի ուսանող է: Մասնագետներն ասում են, որ նա օժտված նկարիչ է ու կարող է մեծ հաջողություններ ունենալ: Վրեժը պարտադիր զինվորական ծառայություն է անցել Մարտակերտում: Նա գծանկարների մի ամբողջ շարք ունի՝ նվիրված զորամասային առօրյային, զինվորներին ու սպաներին: Վրեժը, այժմ, ուսումնառությանը զուգընթաց, որպես դպիր հոգևոր ծառայություն է իրականացնում եկեղեցում: Նա ասում է, որ իր բոլոր, անգամ ամենաողբերգական իրադարձություններ պատկերող նկարներում լույս կա՝ ամուր հավատ, որ կգա պատեհ պահը, ինքը զենք կառնի ու հազարավոր քաջորդիների հետ կազատագրի մեր պատմական Հայրենիքը; Այդ հավատը նա գտել է զինծառայության ժամանակ և ցանկանում է փոխանցել իր նկարները դիտողներին:

 

Վրե´ժ ջան, քո ինքնակենսագրության մեջ նկարիչների չհանդիպեցի: Այնտեղ գրված էր, որ հայրդ զինվորական է, մասնակցել է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին:

-Մեծ պապս՝ Վարդան Վարդանյանը, նկարիչ է եղել: Ես նրան չեմ տեսել, բայց վստահ եմ, որ նրանից եմ ժառանգել նկարելու ջիղը: Մայրս ասում է, որ նկարել սկսել եմ շատ վաղ տարիքից, ընդ որում՝ ոչ թե խզբզել եմ, այլ փորձել եմ պատկեր ստանալ:

Մասիսում, որտեղ ես ծնվել եմ, գեղարվեստի դպրոց կար: Երեք տարի սովորել եմ այդ դպրոցում: … Գնում էի պապիս գյուղը՝ Նիզամի, էտյուդներ ու ճեպանկարներ էի անում: Իմ սիրելի գույները չեն փոխվել մինչ օրս, պարզապես դրանք ավելի բովանդակալի են դարձել:

Զինվորական հայրդ չէ՞ր կողմնորոշում քեզ դեպի բանակ, դեպի զինծառայություն: Զինվորականների մեծ մասը ցանկանում է որդիներին փոխանցել իր գործը:

-Հայրս իմ մեջ արթնացրել է բացառիկ ակնածանք հայրենիքի պաշտպանության ու զինվորական գործի հանդեպ: Ես հպարտ էի, որ հայրս զինվորական է, որ կարող եմ գնալ զորամաս, շփվել զինվորների ու հորս զինծառայող ընկերների հետ: Որքան էլ զարմանալի է, դպրոցական տարիներին զորամաս գնալիս ես առաջին հերթին լցվում էի ոչ թե ուժով, հերոսականությամբ, այլ սիրով: Այն զորամասում, որտեղ հայրս ծառայում էր, սպաները ակնհայտ հոգատարությամբ էին վերաբերվում զինվորներին, զինվորները ջերմ էին միմյանց հետ: Հայրս ասում էր, որ իրենք բոլորը նույն հոր՝ Հայրենիքի որդիներն են, և դա ինձ անասելի ներշնչում, վեհացնում էր: Հայրս զինվորներին դիմում էր՝ տղաս, և իմ հոգին թրթռում էր հուզմունքից: Ես գիտեի, որ մի օր համազգեստ կհագնեմ ու հավերժ կդառնամ Հայրենիքի որդին: Զինվորական ծառայությունն ինձ համար, եթե կարելի է ասել, որդեգրման արարողություն էր:

Հորիցս բացի, ինձ համար ուժի, վճռականության, հաստատակամության օրինակ է եղել քեռիս՝ Հայաստանի ըմբշամարտի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը: Նա Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի, օլիմպիական կրկնակի չեմպիոն է, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։ Նա անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկե մեդալակիրն է. 1996 թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նրա հաջողությունները նույնպես մեծապես ներշնչել են ինձ:

ԲԱՆԱԿՆ ԻՆՁ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԴու այժմ դպիր ես եկեղեցում, բայց քո խոսքը շատ ավելի նման է զինվորականի խոսքի, քան հոգևորականի ուղին բռնած նկարչի: Հոգևորականները ավելի շուտ իրենց Աստծո որդիներն են համարում, ոչ թե Հայրենիքի:

-Մեկը մյուսին չի հակասում: Մենք բոլորս Տիրոջ որդիներն ենք, ծառայությունը Աստծուն ծառայություն է մերձավորներին: Ծառայությունը Հայրենիքին, ծառայություն է հայրենակիցներիդ: Իսկ Հայրենիքը մեզ տրված է ի վերուստ, ու այն սրբազան ժառանգություն է:

Զինծառայությունը հայկական բանակում կա ու կմնա իմ կենսագրության ամենակարևոր ու բովանդակալի դրվագը, որովհետև բանակն ինձ արժանապատվություն և հայրենիքի զգացողություն տվեց: Բանակի ամեն օրը տղամարդկային արժանապատվության փորձություն էր: Ես կարող եմ մանրամասնել, ասել, որ բանակն ինձ տվեց ինքնուրույնություն, տվեց մարդկանց հետ հարաբերվելու հմտություն, սովորեցրեց ընկերություն անել, ձևավորեց կոլեկտիվի զգացողություն… Կարելի է երկար թվել, բայց այդ ամենը ես կարտահայտեմ մեկ բառով՝ արժանապատվություն:

Առավել շոշափելի էր Հայրենիքի զգացողությունը: Արցախի լեռներն ու կիրճերը, անտառները, երկնքին ձուլված սարերը… Կդժվարանամ բառերով բացատրել: Ես զգում էի, որ այդ ամենի փոքրիկ մասնիկն եմ ու չեմ կարող գոյություն ունենալ առանձին:

Ես սիրել եմ զինծառայությունը: Երբ դիտեք բանակային առօրյան պատկերող իմ նկարները, կնկատեք այդ սերը: Ես նկարում էի արկի թղթերի վրա: Դրանք շատ չոր էին, թրջում էի, որ փափկեն, ու նկարում էի: Բանակի ամեն անկյունը տեղափոխում էի թղթի վրա՝ սկսած զինվորների դիմանկարներից մինչև զորավարժությունների կադրերը:

Իսկ ինչպե՞ս հայտնվեց հոգևորական դառնալու միտքը:

-Ես սիրում էի պատմական և հոգևոր ֆիլմեր դիտել: Բայց եկեղեցի այցելելու առիթ դարձավ Ապրիլյան պատերազմը; Այդ ժամանակ ես դպրոցական էի, ու մենք եկեղեցում ճակատի համար անհրաժեշտ իրեր էինք հավաքում:

Հայրս մասնակցել է և´ Ապրիլյան, և´ 44-օրյա պատերազմներին: Վերջին պատերազմի ժամանակ ես գնացի զինկոմիսարիատ և  խնդրեցի ինձ ճակատ ուղարկել: Ասացին՝ պատրաստ եղիր, կզանգենք: Ես պատրաստ էի ու մի քանի անգամ հիշեցրի զինկոմիսարիատի աշխատակցին, որ ուզում եմ պաշտպանել հայրենիքս, սակայն ասում էին, որ այդ պահին համալրման անհրաժեշտություն չկա:

Հայրս բեկորային վիրավորում ստացավ ճակատում, բայց երբ վերադարձավ կռվից, ավելի շատ նրա հոգին էր վիրավոր:

Դու նկարե՞լ ես վերջին պատերազմի օրերին:

-Այո´: Այդ նկարներում կռվի տեսարաններ չեն պատկերված, այլ արհավիրք՝ հողմ, փոթորիկ, ցավ… Բայց իմ բոլոր նկարներում թաքուն լույս կա: Այդ լույսը մեծանալու է, ծավալվելու, սաստելու է բոլոր հողմերն ու փոթորիկները, դառնալու է ուժ ու Հաղթանակ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ


08/02/2022