ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵԼ Է ՈՒ ԿԼԻՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հրաչ Հովհաննիսյանը հրետանավոր է, մարտական հաշվարկի հրամանատար: Նա զինվորական մասնագիտություն է ստացել ուսումնական զորամասում, որտեղ զորավարժության ժամանակ Հրաչ Հովհաննիսյանն ու իր մարտական հաշվարկը ստացել են գերազանց գնահատական ու ճանաչվել լավագույնը: Այնուհետև կրտսեր սերժանտը որպես ջոկի հրամանատար ծառայության է անցել սահմանաներձ զորամասում:
–Հրա՛չ, անվիճարկելի է, որ բանակի զորությունը մեծապես կախված է զինվորի արհեստավարժությունից: Դժվա՞ր է հասնել լավագույն արդյունքի:
-Ամեն ինչ կախված է դժվարությունները հաղթահարելու պատրաստակամությունից: Եթե զինվորը գիտակցում է իր գործի բացառիկ կարևորությունը Հայրենիքի ու ժողովրդի համար, եթե հասկանում է, որ ինքը բանակի ուժի մասնիկն է, իսկ այդ մասնիկներից գոյանում են մեր երկրի անվտանգության երաշխիքները, եթե զինվորը գիտի, թե հայոց քանի սերունդ է կյանք ու արյուն տվել, որ մենք վերագտնենք մեր պետականությունը, և այսօր ինքը այդ պետականության պաշտպանն է, ապա կհավաքի իր ամբողջ ուժերն ու կամքը, որ անթերի տիրապետի իր զինվորական մասնագիտությանը ու կբացառի բանակի ուժը թուլացնող որևէ արարք: Տղան պետք է մանկուց լսի, որ կյանքում իր ամենամեծ ու կարևոր պարտականությունը Հայրենիքը պաշտպանելն է: Տղան մանկուց, քայլ առ քայլ պիտի նախապատրաստվի զինվորական ծառայությանը ու բանակային երկու տարին պիտի համարի իր կենսագրության ամենակարևոր փուլը:
–Քեզ մանկո՞ւց են նախապատրաստել զինվորական ծառայությանը:
-Ես կապանցի եմ: Իմ մանկության մի կարևոր մասը անցել է պապիս տանը՝ Կապանի Աշոտավան թաղամասում, որտեղ երեք մարդու՝ Սոս պապիս, Ամալյա տատիս ու Էրիկ մորեղբորս ազդեցությամբ ձևավորվել են իմ մտածողությունը, արժեքներն ու բնավորությունը:
Պապս պատմաբան էր ու աշխատում էր քաղաքապետարանում: Նա ավելի շուտ իմ ընկերն էր, մեկը, որը անվերապահ հեղինակություն էր ինձ համար, և որից ես սովորում էի, թե ինչպես պետք է հարաբերվել մարդկանց հետ: Պապս ու ես հաճախ էինք զրուցում: Այդ զրույցներում իսպառ բացակայում էր քարոզը՝ ուղղակի իմաստով, բայց իրականում դրանք մարդասիրության, շրջապատի հանդեպ հարգանքի, կողքինի կյանքի համար պատասխանատվություն կրելու, մարդկանց օգնելու դասեր էին: Պապս շատ գեղեցիկ ու տպավորիչ էր խոսում: Հայրենիքի կերպարը պապս է ձևավորել իմ հոգում: Նրա պատմությունները չէին պարտադրում, այլ ակամա ձուլվում էին հոգուդ, մտնում էին արյանդ մեջ:
Տատս տարրական դասարանների ուսուցչուհի էր: Նա ինձ սովորեցրեց հավատալ սեփական ուժերին ու երբեք չհանձնվել: Եթե աշխարհում ինչ-որ մեկը կարողացել է, ապա դու էլ կկարողանաս՝ սա տատիս ապրելու նշանաբանն էր, որը փոխանցեց ինձ: Տատս այնպես էր ոգևորում ինձ, որ գլխիս մեջ ծնվում էին ամենահամարձակ ու անհավանական երազանքները:
Հաջորդը, ում շատ պարտական եմ, Էրիկ մորեղբայրս է: Նա նկարիչ է: Ես գնում էի արվեստանոց, ժամերով նստում էի մորեղբորս կողքին ու նայում էի, թե նա ինչպիսի ներշնչանքով է նկարում: Էրիկ մորեղբորիցս ես սովորեցի, թե ինչպես պետք է սիրել այն գործը, որ անում ես՝ ամենայն նվիրումով, ինքնամոռաց, հրճվանքով: Ես հասկացա, որ եթե սիրում ես գործդ ու նվիրվում ես անմնացորդ, տքնանքդ դառնում է ոչ թե չարչարանք, այլ վայելք: Եթե ինձ հարցնեին, թե որտեղ է ապրում երջանկությունը, ես կասեի՝ Էրիկ մորեղբորս արվեստանոցում, որովետև նա Հայրենիք էր նկարում, ու նրա բնանկարներից խինդ էր թափվում: Դա Հայրենիքի սերն ու Հայրենիք ունենալու ուրախությունն էր: Այդ նկարները նրբացրին իմ հոգին, ինձ ավելի զգայուն ու բարի դարձրին:
–Դու նկարո՞ւմ ես:
-Փոքր ժամանակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ եմ ուզում դառնալ, ասում էի՝ գեներալ: Բանակը, զինվորը, համազգեստը ինձ համար ուժի խորհրդանիշներ էին: Տատս միշտ ասում է, որ պետք է ձգտել առավելագույնին, իսկ բանակում առավելագույնը գեներալական ուսադիրներն են:
Ես ապագա մետալուրգ եմ: Երբ արդեն մեծ էի, հասկացա, որ մասնագիտություն ընտրելիս պետք է անպայման հաշվի առնես, թե որքանով է այն հարկավոր երկրիդ: Մեր մարզը հարուստ է հանքավայրերով, ու ես ուզում եմ զբաղվել մետաղամշակմամբ:
–Դու զորակոչվել ես Արցախյան վերջին պատերազմից հետո: Ի՞նչ զգացողություններով, ի՞նչ հույզերով ու մտքերով մեկնեցիր բանակ:
-Պատերազմի հաջորդ օրը հայրս գնաց դիրքեր ու ասաց, որ այժմ ես եմ տան տղամարդը ու պիտի խնամեմ մորս, քրոջս ու եղբորս: Մենք բոլորս էլ հասկանում էինք, որ ամեն ինչ կարող էր պատահել սահմանին:
Ես անձամբ ճակատում չեմ եղել, բայց սա իմ սերնդի պատերազմն էր, որովհետև մարտադաշտում իմ սերնդակիցներն էին: Ես այնքան էի հավատում մեր բանակին, ինձ մանկուց այնպես էին ոգևորել մեր բանակի ուժի ու անպարտելիության մասին պատմություններով, որ վայրկյան անգամ չէի կասկածում մեր հաղթանակին: Թեև գիտեի ուժերի հարաբերակցությունը, գիտեի, որ մեր բանակը կռվում է ադրբեջանցիների, թուրքերի ու ահաբեկչական խմբավորումերի դեմ: … Պատերազմի վերջին օրը զոհվեց իմ ամենամոտ ընկերներից մեկը՝ ավագ սերժանտ Հովհաննես Խաչատրյանը: Ես դեռ ուշքի չէի եկել հարվածից, երբ լսեցի մեզ համար աննպաստ ելքով՝ պատերազմի ավարտի լուրը:
–Աննպաստ ելքով, թե՞ պարտությամբ:
-Ինչպես կարելի է պարտություն բառը արտաբերել մի բանակի մասին, որը 44-օր դիմակայեց ՆԱՏՕ-ի երկրոդ բանակին, ձախողեց թշնամու կայծակնային պատերազմի ծրագիրը և մեկը 12-ի դեմ կռվելով, այդուամենայնիվ, թույլ չտվեց, որ թշնամին ավարտին հասցնի իր զավթողական ծրագիրը: Մեր բանակը չի պարտվել, մեր բանակը փառահեղ է կռվել: Մեր բանակը կար ու մնում է հաղթանակի խորհրդանիշ, և նրա աստեղային պահը դեռ գալու է:
–Ի՞նչ կպատմես ուսումնական զորամասի, քո զինվորական մասնագիտության ու ծառայության մասին:
-Ուսումնական զորամասում ծառայության առաջին օրվանից ես հասկացա, թե ինչ ասել է զինվորական արժանապատվություն: Զինվորական համազգեստ հագնելու հետ դու պիտի հագնես այդ արժանապատվությունը և ապրես զինվորական բարոյական վարքականոնի օրենքներով: Զորամասում յուրաքանչյուր սպա մեծ հարգանք ուներ ինքն իր ու զինվորական համազգեստ հագած յուրաքանչյուր անձի հանդեպ՝ զինվոր, թե հրամանատար: Եթե դու զինվորական համազգեստ ես կրում, ապա պարտավոր ես նաև կրել առաքինությունների մի ամբողջ փունջ, սկսած տարրական բարեկրթությունից, մաքրասիրությունից մինչև պատվախնդրություն ու հայրենասիրություն: Եվ որ պակաս կարևոր չէ՝ լավ սովորես քո զինվորական մասնագիտությունը ու տիրապետես զենքիդ: Եվ մենք սովորում էինք ամբողջ եռանդով ու նվիրումով: Ու մեզ այնքան հպարտ էինք զգում, երբ մայոր Սողոմոնյանը ասում էր. «Դուք էն զինվորներն եք, որ ձեզ կարող է խփել միայն պատահական արկը»:
… Բանակում այնքան բան կա, որ ինձ դուր է գալիս: Օրինակ՝ շատ լավ է, երբ մեկի թերացման համար պատասխանատվություն է կրում ամբողջ ստորաբաժանումը: Սա արմատավորում է այն գաղափարը, որ դու պատասխանատու ես ընկերոջդ ձախողումների համար, դու պատրավոր ես օգնել նրան, իրավունք չունես անտարբեր լինելու:
Ինձ դուր է գալիս զինվորի ու իր զենքի ընկերությունը: Դուք երկուսով միասնական ուժ եք հակառակորդի դեմ:
–Ինչպե՞ս է անցնում ծառայությունդ սահմանամերձ զորամասում:
-Տավուշի զորամասում էլ նույն բարքերն են, նույն արժեքները, նույն պահանջները: Ես ջոկի հրամանատար եմ: Հիմա իմ ծառայողական կյանքում ստացած գիտելիքները կրտսեր անձնակազմին փոխանցելու ու Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակահատված է: Արդեն սկսվել է ուսումնական փուլը, ու ժամանակն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է անցնում:
–Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան:
-Ապագա ասելիս ես պատկերացնում եմ աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք: Էնքան գործ կա անելու մեր երկրում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #05 (1427) 16.04.2022 - 19.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում