«ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏՐՎԱԾ ԿՅԱՆՔՆ Է»
-Երիտասարդական ավյունով ու եռանդով գնացինք մեր Հայրենիքը պաշտպանելու: Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ժամ առ ժամ անհրաժեշտություն էր դառնում Ազգային բանակի ստեղծման հարցը, և մեզնից յուրաքանչյուրը յուրովի գիտակցում էր, թե ինչքան կարևոր ներդրում կարող է ունենալ այն հաղթանակի կերտման գործում: Հիշողությունիցս չջնջվող փուլ էր դա իմ կյանքի համար: Արցախյան ազատամարտն ինձ՝ 18 տարեկան երիտասարդիս մի քանի տարով մեծացրեց,- պատմում է հանուն Արցախի ազատագրման կյանքի ու մահվան կռիվը տեսած Էդուարդ Բաբայանը:
-Ղոչազի բարձունքի ազատագրումն էինք նախապատրաստում մեր ջոկատի հրամանատար Էրիկ Մարգարյանի հետ, որը հրամանատարին վայել ծնողական հոգատարությամբ ցանկացած ռազմական գործողությունից առաջ երկար նախապատրաստում էր մեզ, խորհուրդներ տալիս, բարձրացնում մարտական ոգին. պատերազմի դաշտում ծնված ընկերության ու հոգատարության բացառիկ դրսևորում:
Բարձունքն ազատագրելու ժամանակ մեր ջոկատը պետք է հարձակման անցներ երկու ուղղությամբ՝ հյուսիսային և հարավային: Հրամանատարիս՝ Էրիկ Մարգարյանին խնդրեցի, որ ես էլ գնամ իր հետ: Նա սկզբում համառեց, հետո մի կոպեկ հանեց գրպանից ու ժողովրդական լեզվով ասած՝ առաջարկեց «ղուշ ու գիր» անենք: Կոպեկը «հօգուտ» կապիտան Մարգարյանի շրջվեց, ու ես չմեկնեցի նրանց հետ: Մեկնելուց առաջ կապիտանը խնդրեց, որ ամբողջ կյանքում այդ կոպեկը պահեմ ինձ մոտ:
Անմահության գինը մեկ անգամ տրված կյանքն է, և բարձունքը գրավելիս հրամանատարս իր ջոկատով անմահացավ. 33 հոգանոց ջոկատից միայն մեկը ողջ մնաց:
Հետո իմացա, որ կոպեկի երկու կողմն էլ նույնն է եղել. հրամանատարս որդիական սիրով ինձ՝ որպես երիտասարդ զինվորի, հետ էր պահել իր ուղղությունից՝ գիտակցելով, որ իրենք այդ քայլին գնում են որպես մահապարտ: Կոպեկը սրբության նման պահում եմ՝ որպես Արցախյան պատերազմի հերոսական, ընկերասիրությամբ ու մարդասիրությամբ լցված օրերից մնացած մի հուշ, որպես թալիսման,- հուզմունքը զսպելով՝ պատմում է Էդուարդ Բաբայանը:
Դա այն սերունդն էր, որը պատվախնդրությամբ գալիք սերունդներին նվիրեց Արցախն ազատագրելու հաղթանակի բերկրանքը…
ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ
Խորագիր՝ Ճակատագրեր, Նորություններ