«ՀԱՐՎԱԾԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ՝ ՔԵԶ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ ԵՍ ԴՐԱ ՎՆԱՍՆԵՐԻՑ…»
Կիոկուշին կարատեի մարզաձևում աշխարհի քառակի չեմպիոն (2015, 2017, 2019, 2021 թթ.), Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե բազմակի մեդալակիր, Եվրոպայի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրասիայի գավաթի խաղարկության չեմպիոն Արթուր Առուշանյանը իր հող ու ջրի արժանի զավակն է: Արցախցի է, ապրիլյան մարտական գործողությունների և 44-օրյա պատերազմի մասնակից: Լուսանկարներից մեկում նրան տեսնում եմ մարզական հարուստ «ավարով»՝ բազում ու զանազան գավաթներով շրջապատված:
–Այդ բոլորը քո՞նն են,- հարցնում եմ:
-Իմն են, բայց դրանք բոլորը չեն,-լուրջ պատասխանում է Արթուրը:- Դրանցից բացի Էլի շատ կան:
Մարզաշխարհում բացառիկ արդյունքներ գրանցած այս մարզիկը ծնվել է Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1993 թ. դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: Պատերազմի ամենաթեժ փուլերից մեկն էր: Հայրն այդ ընթացքում կռվի դաշտում էր: Ստեփանակերտում անվտանգ չէր, և մայրը ծննդաբերելու համար մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Պատերազմից հետո վերադարձան Ստեփանակերտ, որտեղ և Արթուրը մինչ օրս բնակվում է: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
-Հայրս՝ Աշոտ Առուշանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանի հետախուզական ջոկատի մարտիկներից էր,- պատմում է Արթուրը,- Շուշիի ազատագրական մարտերից առաջ առաջին հետախույզներից էր: Կնոջս մայրը՝ Լիա Երիցյանը, ռազմական բժիշկ է, կոչումով մայոր: Պատերազմի ժամանակ՝ որպես բուժքույր, Արցախի տարբեր ճակատներում է ծառայել: Նույն ժամանակ կնոջս հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, ռազմաճակատում է եղել: Հետաքրքիր զուգադիպում. մի օր սովորական մի զրույցի ժամանակ հայրս ու աներս պարզեցին, որ Ազատամարտի ժամանակ իրար թիկունք պահելով՝ երկու ջոկատներով կռվել են նույն տեղանքում, կողք կողքի: Մի խոսքով, տնով-տեղով ռազմական ընտանիք ենք,- ժպտում է երիտասարդը, որ ինքն էլ 2016 թ. պատերազմի լուրն առնելուն պես շտապել է կամավորագրվել:- Երբ մարտական գործողություններն սկսվեցին, մենք Տող գյուղում էինք՝ նշանդրեքի արարողության էինք հրավիրված: Առավոտյան արթնացանք, իմացանք, որ պատերազմ է, որ մերոնք թշնամու ուղղաթիռ են խփել: Ընկերներով շտապեցինք Ստեփանակերտ: Առաջին օրը զինկոմիսարիատում մեզ ասում էին, որ դեռ մեր անհրաժեշտությունը չկա: Ուսանող էինք, և մոբ-ի ցուցակներից դուրս էին մեր ազգանունները: Երկրորդ օրն իմացա, որ Մատաղիս մեկնողների ջոկատն է հավաքագրվում: Շտապեցի հավաքակայան: Ցուցակով անուններն էին կարդում. մեկի անունը կարդալիս արձագանք չեղավ: «Ե՛ս եմ» ասացի ու գնացի նրանց հետ: Տեղում իմացա, որ հորաքրոջս տղայի հետ նույն դիրքերում ենք կռվելու:
Հատկապես Մատաղիսի մութն է տպավորվել. ինքդ քո ձեռքը չէիր տեսնի: Դեռ անցած պատերազմից այդտեղ տանկի խրամուղի կար: Դրանով մերոնք դիվերսիայի էին գնում թշնամու դիրքեր, նրանք էլ մեր կողմն էին գալիս դիվերսիայի: Խրամուղին անվանել էինք «Պրոխոդնոյ դվոռ»: Երբ հրամանատարական կետից ասում էին՝ «Հակառակորդ է մոտենում», առանց տեսնելու կրակում էինք:
Երբ արդեն քիչ թե շատ խաղաղ էր, ապրիլի 23-ն էր, մեզ իջեցրին դիրքերից: Ես անմիջապես մեկնեցի մրցումների՝ Ռուսաստան: Մեր մյուս տղաները դեռ հերթապահելու էին մինչև հունիս: Մի քիչ դժվար էր մարզումների երկարատև դադարից, անքուն գիշերներից հետո: Այդուհանդերձ, հասա մինչև եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակիչում ադրբեջանցիների հետ մրցեցի: Տաք գլխով մտա կիսաեզրափակիչ. երեք փուլում հաղթեցի: Եզրափակիչում, սակայն, արդեն ուժերս չբավարարեցին. ռուս մարզիկի հետ մրցելիս պարտվեցի: Դադարներից մեկին ադրբեջանցի մի մարզիկ մոտեցավ, հարցրեց. «Ճի՞շտ է, որ մերոնք հասել են Ստեփանակերտ»: Ասացի. «Չէ՛, ես նոր եմ Մատաղիսից գալիս»: Երբ վերադարձա մրցումներից, արդեն առաջնագծում կայուն վիճակ էր. ինձ էլ դիրքեր չտարան: Եկա, հավաքեցի աշակերտներիս ու վերսկսեցինք մեր մարզումները:
Կիոկուշինը կոնտակտային կարատե է: Այն մարզաձևն է, որտեղ ֆիքսվում է հարվածը: Այն պետք է ուժգին լինի ու ցավ պատճառի: Այս մարզաձևը շատ բարձր ցավադիմացկունություն է մշակում մարզիկի մեջ: Ցավը հաղթահարվում է նաև հոգեբանական մակարդակում: Մենք՝ Կիոկուշինի մարզիկներս, իրար մեջ կատակով ասում ենք. «Մենք սադոմազոխիստ ենք»: Հաղթանակի ցանկությունը, հոգեբանությունը, որ փոխանցվում է այս մարզաձևի միջոցով, մեր առօրյայում միշտ է պետք գալիս: Այսօր մենք Արցախում աջ ու ձախից թշնամիներով ենք շրջապատված: Հարկ եղած դեպքում մենք պետք է կռվարար լինենք, բայց միաժամանակ՝ համեստ ու արդարամիտ: Ինչպես չինական «Ին Յան» հիերոգլիֆում է. չարիքի մեջ կա բարիք, և բարիքի մեջ կա չարիք: Երբ կարիքը կա է, ուժդ պետք է կիրառես լիովին, իսկ երբ կարիք չկա, այն պետք է կարողանաս ճնշել:
Բացի բուն Կիոկուշինի մարզումներից, մենք Արցախում ամեն տարի կազմակերպել և անցկացնում ենք նաև ռազմական ուղղվածությամբ հավաքներ: Երեխաներին կրակել ենք սովորեցնում: Խաղ ենք մշակել, որ կոչվում է «դիվերսիա»: Սաներին թիմերի ենք բաժանում. ամբողջ գիշեր հերթապահում են, անդրադարձնում դիվերսիան, գերի վերցնում, փոխանակում և այլն: Այս բոլոր մարզումները տվեցին իրենց արդյունքը, քանի որ 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում մեր սաներից շատերը, որ ժամկետայիններ էին, իրենց փայլուն դրսևորեցին: Արդեն սովոր էին անսպասելի հարձակումների, լարված իրավիճակների, անքնության: Նրանց մի մասը հենց ռազմի դաշտում սպայի կոչում ստացավ, հիմա էլ շարունակում են զինվորական ծառայությունը: Մի մասն էլ սպա դառնալ չցանկացավ, բայց առանց ուսադիրների շարունակում էր ծառայությունը՝ ստանձնելով զոհված կամ ծանր վնասվածք ստացած սպաների պարտականությունները: Մեր սաներից այս պատերազմում երկու ցավալի զոհ ունեցանք… 2020 թ. սեպտեմբերի 27-ին քաղաքի մեջ պայթող արկերի պայթյուններից արթնացանք: Անմիջապես իջանք նկուղ: Առաջին բանը, որ անցավ մտքովս, ընտանիքիս՝ կնոջս, աղջկաս ու քրոջս վտանգավոր գոտուց դուրս բերելն էր: Ստեփանակերտը անդադար ռմբահարվում էր… Պատերազմի ժամանակ որոշ դեպքերում ընտանիքի ներկայությունը դրական ազդակ էր: Բայց հանգիստ սրտով ռազմադաշտ մեկնելու համար ինձ պետք էր ընտանիքիս ապահովությունը: Նրանց տեղափոխեցի Հայաստան և վերցնելով տագնապի պայուսակս՝ գնացի զինկոմիսարիատ: Այս անգամ արդեն անունս կար, հաշվառված էի: Սկզբում Ստեփանակերտի պաշտպանության խնդրին էին մեզ ներգրավել, իսկ հոկտեմբերի 5-ից տեղափոխվեցինք Մաղավուզի՝ Մատաղիսի մոտակայքում գտնվող տեղանքը: Մատաղիսն այդ ժամանակ արդեն թշնամու վերահսկողության տակ էր: Մարտական տրամադրված սպասում էինք, թե երբ է հրաման լինելու, որ գրոհենք Մատաղիսի ուղղությամբ: Մեզ վրա բոլոր տեսակի զենքերից կրակում էին, ինքնաթիռով ռմբահարում էին: Մեր դիմացի բլրին հրետանավորներ կային. այդ տղաներն իսկական հերոսներ են: Ամեն օր նրանց ուղղությամբ թշնամին երեք անգամ օդային հարձակում էր իրականացնում: Ռմբահարում էին նրանց դիրքը, ու մի րոպե չանցած՝ նրանք նորից կրակ էին բացում հակառակորդի ուղղությամբ. «Չար երեխաներ» են լինում, չէ՞, որ պիտի անպայման պատասխան տան: Այ, այդպիսին էին՝ քաջ, անվախ, պատվախնդիր:
Մի ուրիշ դեպք էլ է տպավորվել: Մեր դիմաց սար էր, որն անցնելուց հետո բլուր կար, որից այն կողմ Միրբաշիր ադրբեջանական գյուղն էր: Մեզնից առաջ մեր ՀՄՄ-ների շարասյունն էր գնալու. մեզ համար ճանապարհ պետք է բացեին: Ես չդիմացա, բարձրացա դիմացի բլրի վրա, որ տեսնեմ՝ ինչպես են առաջ ընթանում, ու տեսա, որ մեր ՀՄՄ-ներից մեկը խփվեց: Բլրից վազելով իջա ցած՝ մյուս կողմը ու դիմացից հանկարծ լսեցի. «Ո՞վ ես»: Մեր ջոկատներից մեկն էր այդտեղ տեղակայված: Նստեցինք տղաների հետ, սկսեցինք խոսել: Հարցրին՝ «Դու էստեղ ո՞նց եկար»: Ցույց տվեցի բլուրը, որից վազելով իջել էի: Տղաները խորիմաստ լռեցին. պարզվեց՝ ամբողջովին ականապատ տարածքով եմ անցել, հրաշքով եմ ողջ մնացել: Դրանից հետո իրար այցելում էինք «իմ գծած» ապահով արահետով:
… Սպասում էինք: Սպասեցինք մինչև ճակատագրական օրը՝ նոյեմբերի 9-ը: Ոչ ոք չէր հավատում: Տասից ավելի կիլոմետր այդ օրը վազելով իջանք Մարտակերտ, որ համացանց գտնենք, համոզվենք, որ ճիշտ է: Առաջին մի քանի ժամը ոչ ոք չէր խոսում: Գլխիկոր նստած էինք: Եվ առաջին խոսքը, որ ասացի տևական լռությունից հետո. «Երանի էն տղերքին, որ գնացին, չտեսան էս օրը…»:
Հյուծված էինք հոգեպես, կարծես՝ սպանված. չէինք սպասում…
Պատերազմից հետո ինձ կյանքի վերադարձնող ամենակարևոր գործոնը իմ 4-ամյա աղջիկն էր: Աղջիկս, չնայած փոքրիկ է, բայց պատերազմի օրերին զգացել էր, որ կար վտանգ, կար հեռավորություն, որը կարող էր դառնալ անվերջություն… Առաջին օրը, երբ տուն մտա, ինձ այնպե՜ս գրկեց, գրկախառնումի մեջ այնքա՜ն ջերմություն կար… Դա ուժերս վերականգնելու հզոր ազդակ դարձավ: Ի դեպ, իր մեջ էլ մարզական «գենետիկա» կա: Հիմա ինձ հետ է մարզվում: Կինս էլ Արցախի պետական համույթում է պարում: Ճկունությունն ու մարզական վիճակը երկուսիցս էլ փոխանցվել է նրան: Երբեմն մեզ վախեցնում է իր ակրոբատիկ փորձերով:
… Պատերազմից հետո մի պահ մտածում էի, որ կհեռանամ մարզաշխարհից: Բայց չէ՞ որ թույլ մարտիկն է, որ պարտությունից հետո ճնշվում, հեռանում է սպորտից, իսկ ուժեղը շարունակում է զարգանալ, կոփվել: «Խաղաղություն ես ուզում, պատրաստվի՛ր կռվի»: Հասկացա, որ պետք է շարունակեմ մրցումներս, քանի որ դրանով ավելի ճանաչելի եմ դարձնում իմ երկիրը՝ իմ Արցախը: Հասկացա, որ հիմա դա առավել կարևոր ու անհրաժեշտ է, քան նախկինում իմ նվաճած բոլոր հաղթանակները:
–Պատերազմից հետո էլ փայլուն հաղթանակ ես գրանցել սպորտում: Պատմի՛ր՝ ինչպե՞ս եղավ, ի՞նչ նշանակություն ուներ քեզ համար այդ հաղթանակը:
-2021 թ. նոյեմբերին Աշխարհի չորրորդ առաջնությանը իմ չորրորդ ոսկե մեդալը ստացա: Դրանից առաջ՝ սեպտեմբերին, Եվրոպայի առաջնությունն էր, և ես հոլանդացի մարզիկի հետ էի մրցում: Կիոկուշինում չկա ձեռքով հարված երեսին, քանի որ մենք լրիվ բաց ձեռքերով ենք մենամարտում: Հոլանդացին շատ կոպիտ հարված հասցրեց ծնոտիս, սակայն մրցավարը, նրան նկատողություն տալու փոխարեն, դա համարեց նոկաուտ, և իմ պարտությունը գրանցեցին: Մենք գտանք այդ տեսագրությունները, ցույց տվեցինք տարբեր տեսանկյուններից և ապացուցեցինք, որ հարվածը ծնոտին էր, ոչ թե կրծոսկրին, ինչը կոպիտ խախտում էր: Մրցումների ավարտին միայն ընդունեցին, որ իրոք այդպես է եղել, բայց արդեն ուշ էր. արդյունքը արձանագրված էր, մրցանակը՝ հակառակորդիս հանձնված: Հետաքրքրական է, որ Աշխարհի առաջնության վիճակահանությամբ կիսաեզրափակիչ փուլում ես կրկին այդ հոլանդացի մարզիկի հետ պետք է հանդիպեի: Սա արդեն ինձ համար ռևանշի հարց էր: Մեր մենամարտը տևեց ընդամենը 4 վայրկյան. հարված, ու վե՛րջ… Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ինձ, և ես անցա եզրափակիչ փուլ: Հեշտ չէր եզրափակիչում, որովհետև քաշային կարգում ամենաթեթևը ես էի: Եվ դա զգացվում էր հարվածների ուժի մեջ: Այդուհանդերձ, եզրափակիչում դուրս գալով պարսիկ մարզիկի դեմ, նույն մարտավարությամբ և ռազմավարությամբ գործեցի, ու… հաղթանակը և Աշխարհի չեմպիոնի կոչումը միաձայն ինձ շնորհվեց: Բացի այդ, պարգևատրվեցի նաև որպես մրցաշարի լավագույն մարզիկ: Հետաքրքիր մրցաշար էր… Երբ արդեն զգում էի, որ ուժերս սպառվում են, մտքիս մեջ անընդհատ ասում էի՝ «Տղերքի համա՛ր», ու ամենածանր պահին ուժով էի լցվում: Ամենահզոր խթանն էր սա:
Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ինձ շատ օգնեցին իմ տարբեր ազգերի ներկայացուցիչ մարզիկ ընկերները, ինչի համար շնորհակալ եմ նրանց շատ: Դա նաև բարոյական օգնություն էր ինձ: Պատերազմի ընթացքում ով ինչով կարող էր, օգնում էր: Մի մասը գումարով էր օգնում, մի մասը՝ ջերմատեսիլ սարքեր, հեռադիտակներ էր ուղարկում: Իմ մարզիկ ընկերոջ՝ Քասախից Կարպիս Կարապետյանի օգնությունը կազմակերպչական և տեղափոխման հարցերում անգնահատելի էր: Պատերազմից հետո մնացած գումարն էլ օգտակար եղավ զոհվածների ընտանիքների երեխաների համար: …Կոտրված, հարազատին կորցրած, պարտությունից ճնշված մարդկանց էինք հանդիպում: Ցանկությունս էր, որ մեր ժողովրդին փոխանցենք, հասցնենք մեր գաղափարը, մեր վստահությունը, որ մենք ուժեղ ենք: Պարտվել ենք, ճիշտ է, բայց մենք կարող ենք ուղղել մեր մեջքը, մեր սխալները և մեր սուրբ տղերքի հոգիների հիշատակը վառ պահենք…
2015 և 2017 թթ. ես Արցախի դրոշն էի բարձրացնում Հայաստանի հիմնի ներքո: Արցախի դրոշը պահում էի թիկունքումս, և երբ հիմնը ավարտվում էր, բացում էի ու ծածանում: Ադրբեջանը անընդհատ բողոքներ էր ներկայացնում, նույնիսկ Հաագայի դատարան և մեր միջազգային ֆեդերացիա էին դիմել, թե՝ ցմահ որակազրկեք, որքան տիտղոս ունի, հետ վերցրեք: Ամեն մրցումից առաջ Ադրբեջանի դեսպանատնից գրություն էին ուղարկում այն երկրին, որտեղ պետք է կայանար մրցումը, թե՝ տվյալ մարզիկը գործակալ է, թաքնվում է Հայաստանի դրոշի ներքո, որ, իբր, ես հիսուն խաղաղ բնակիչ եմ սպանել և այլն, այս ոգով անհեթեթություններ: Իհարկե, կազմակերպիչները արագ հասկանում էին, որ սա ընդամենը քարոզչություն է, և անախորժություններից խուսափելու համար ինձ պարտադրեցին միայն Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ:
–Ի՞նչ վիճակ է հիմա Արցախում: Ի՞նչ տրամադրություններ կան բնակչության շրջանում, հատկապես ադրբեջանցիների կողմից գազատարի վնասելու հետ կապված վերջին սադրանքից հետո, ցրտի, հոսանքազրկման, բնակավայրերի ուղղությամբ թշնամու կողմից արձակվող ամենօրյա կրակի պայմաններում:
-Այս պահին էլի մի քիչ լարված է: Դե, պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական հզոր վերաբաժանումներ, տեղաշարժեր են տեղի ունենում ամբողջ աշխարհով մեկ: Պետք է հասկանանք սա ու միշտ պատրաստ լինենք նոր սադրանքների, նոր իրադարձությունների: Պատերազմը ամենալավը ցույց տվեց սա: Զոհերի մեծ մասը եղավ այն դեպքերում, երբ մարդիկ պատրաստ չէին, հանկարծակիի էին գալիս թե՛ հոգեբանորեն, թե՛ մասնագիտական առումով: Հակառակորդը պատերազմի օրերին խաղաղ բնակչությանը ռմբահարելով մտածում էր՝ որքան խուճապը շատ լինի, այնքան ավելի արագ կդատարկվի Արցախը, և ավելի հեշտ կլինի այն գրավելը: Մենք պետք է իմաստուն լինենք: Հարվածին սպասելով՝ հնարավորինս քեզ ապահովագրում ես դրա վնասներից; Այդպես է մենամարտում, այդպես է և ամենո՛ւր:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ անձնական արխիվից
Խորագիր՝ #05 (1427) 16.04.2022 - 19.04.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում