ԺՊՏԱՑՈՂ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ
Ու կրակում էր հրետանին։ Կրակում էր 44 օր շարունակ` պահելով վերջին բեկորը հայրենի հողի։ Մարտնչում էր հայ զինվորը` կռվելով մինչև վերջին զարկը իր սրտի։
Ծանր մարտերում անմահացան հազարավոր հայ քաջորդիներ՝ մեկը մյուսից լուսավոր տղաներ… Իմ եղբայրը` քեռուս որդին ` Կոլյա Պարույրի Նիկողոսյանը, ծառայում էր Արցախում։ Պատերազմի առաջին օրից 34 օր շարունակ դիմադրեց թշնամուն։ Նա դարձավ հավերժ դիրքապահ «Մարտունի-3»-ում։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի… Ապրիլի 4-ին կլրանար նրա 21-ամյակը:
Կոլյան երեք քույրերի միակ եղբայրն էր՝ տան ամենակրտսերը… Ծնվել է 2001 թ. Արարատի մարզի Ջրաշեն գյուղում։ 2007-2016 թթ. սովորել է Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ սովորել է Երևանի N14 երաժշտական դպրոցի կլարնետի բաժնում։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 2017թ., ուսումը շարունակել է Երևանի N 8 Արհեստագործական պետական ուսումնարանում։ Ուսումնարանը գերազանց ավարտելով` 2019 թ. հուլիսի 29-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ որպես հրետանավոր։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բանիմաց ու կարգապահ զինվոր, վայելել ծառայակից ընկերների սերն ու հարգանքը։ Ցուցաբերել է բարձր արդյունքներ մարտական հերթապահության ժամանակ, որի համար պարգևատրվել է նաեւ գերատեսչական պատվոգրով։
…2020 թ. սեպտեմբերի 27-ին Կոլյան իր բոլոր զինակից ընկերների հետ առաջնագծում էր: Կռվեց արիաբար, կռվեց աննահանջ ու չզիջեց դիրքը:
Պատերազմի օրերին, երբ զանգահարում էր տուն, միակ բանը, որ ասում էր ծնողներին` քեռուս ու իր կնոջը, ընդամենը մեկ նախադասություն էր.
-Իմ մասին մի՛ մտածեք, ամեն ինչ լավ ա, իմ ընկերների, իմ ախպերների հետ եմ…
Կոլյան զոհվեց հոկտեմբերի 31-ին՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից՝ իր մարտական ընկերների հետ…
Կոլյայի մասին հետո պիտի պատմեին, որ նա ծառայության ամբողջ ընթացքում դրսևորել է մարտավարամասնագիտական բարձր հմտություններ, աչքի ընկել բացառիկ ընկերասիրությամբ։ Ընկերներին խոստացել էր.
-Հենց կռիվը վերջանա, զորացրվենք, գնալու ենք մեր ծիրանենիների այգում մի լավ քեֆ անենք…
Պատերազմի օրերին նա կարողացել է թափանցել թշնամու թիկունք և դուրս բերել արդեն բռնազավթված տարածքում գտնվող զինտեխնիկան… Փոխարինելով վիրավոր ընկերոջը՝ իր բաժին կռիվը մղել է միաժամանակ երկու հրետանիով:
…Նրա լուսանկարը համացանցում տարածվեց իր զոհվելուց օրեր առաջ։ Հեղինակը արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն է, որը պատերազմի ամբողջ ընթացքում եղել է առաջնագծում։
«Արցախպրեսում» հրապարակված լուսանկարային ռեպորտաժում ժպտացող Կոլյա Նիկողոսյանին և իր ծառայակից ընկերներին հենց այդպես էլ անվանեցին` «Ժպտացող հրետանավորները»…
Ամիսներ անց Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ բացվել էր լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսը, որի խորագիրն էր «Պատերազմի աչքերը»: Իսկ գլխավոր պաստառին Կոլյայի լուսանկարն էր…
Կոլյան հանգչում է հայրենի գյուղի պանթեոնում՝ Արցախյան վերջին պատերազմում անմահացած մյուս հերոսների կողքին:
Շնորհավոր երկնային տարեդարձդ, իմ հերո՛ս եղբայր: Դու և բոլոր ծանոթ ու անծանոթ զինակից ընկերներդ այլևս սերունդներին եք պատկանում: Խոնարհում ձեր հիշատակին, քաջե՛ր: Մենք ձեզ հզոր հայրենիք ենք պարտք, որը պիտի պահպանի իր հավերժ գոյությունը՝ ի հեճուկս թշնամյաց: Դուք այլևս ռազմի դիցեր եք երկնքում… Օգնե՛ք մեզ պայքարելու և հասնելու Հայի պատմական արդարությանը: Հայաստան աշխարհը պիտի հարատևի, որովհետև սա այն Հողն է, որը նորից սրբացավ իր ընտրյալ զավակների արյամբ…
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ճակատագրեր