Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԵ՛Լ, ԱՐԱՐԵ՛Լ ԵՎ ՀԱՂԹԵ՛Լ



ԱՊՐԵ՛Լ, ԱՐԱՐԵ՛Լ ԵՎ ՀԱՂԹԵ՛ԼԿա մի ժողովուրդ՝ փարված իր լեռներին, եւ հին է այդ ժողովուրդն այնքան, որ նրա Թորգոմատան մասին Աստվածաշունչն է խոսում։ Եվ Աստվածաշունչն է սրբացնում նրա Արարատ լեռը, ուր նահապետ  Նոյն ու իր զավակներն իրենց փրկությունը գտան Մեծ ջրհեղեղից, եւ մարդկային ցեղը շարունակեց ապրել։

Հայոց սրբազան լեռը…  Այդ նրա հայացքի ներքո էր, որ քաջակորով Հայկը հաղթեց նենգամիտ Բելին, ու հենց հայոց անվանադիր նախնի Հայկի այդ հաղթանակով, որ հողը դարձավ հայրենիք, ժողովուրդը՝ հայ, ու նրա հինավուրց բնօրրանը՝ Հայք։

Ինչե՜ր չտեսավ այդ ժողովուրդն իր հազարամյա ճանապարհին՝  պատերազմներ, ավեր ու ավար եւ սակայն մաքառումներ ունեցավ դյուցազնական ու ապրեց։ Ապրելո՛ւ էր։ Իր կամքը, իր հպարտությունն ու վեհությունը իր սրբազան լեռ Արարատից էր առել։ Մահակործան կայծակներ տեսավ լեռը եւ մնաց անսասան, սեւ-մութ ամպեր դիզվեցին կատարին՝ լեռը տոկաց, դիմացավ եւ մնաց անսասան, տոկաց ու դիմացավ ժողովուրդը։ Եվ փառահեղորեն շողարձակեց նրա լույսը, որովհետեւ լույս էր իմաստնության, ոգեղեն ու հոգեղեն կերպի։ Հանճարի լույս էր։

Ի՜նչ դիվային մտախեղում՝ հանգցնել այդ լույսը… Եվ դա՝ 20-րդ հարյուրամյակում, որին լուսավորյալ են կոչում։ «Զուլում էր, զուլում, լա՛ո»։

1915 թվականն էր… Այդ ժամանակ դեռ չէր ստեղծվել «ցեղասպանություն» եզրույթը, բայց ցեղասպանությունն աչքի առաջ էր, իրագործվում էր եւ այն էլ՝ ամենահրեշավոր, ամենասոսկալի միջոցներով։ Մի ողջ ժողովուրդ սրի էր քաշվում իր իսկ տանը, իր իսկ հայրենիքում, որ այդ տունն ու հայրենիքը չլինեն, հայը չլինի։ «Ուզեցին մի հայ թողնել եւ այն էլ՝ թանգարանում»։ Ճիվաղի վճիռ։ Ինչո՞ւ, ի՞նչ էր արել հայը։ Որովհետեւ իր հայրենի՞քն էր ուզում տեսնել ազատ։ Որովհետեւ իր հո՞ղն էր վարում, ցանում, հնձում։ Իր մոմն իր Աստծո առա՞ջ էր վառում։ Իր ունեցածից ուրիշի՞ն էր տալիս շռայլորեն, օտար երկի՞ր էր շենացնում իր մեծ զավակներով, որոնց հանճարեղ գլուխները քարով էին ջարդելու նույն այդ երկրի բարբարոս խուժանի ձեռքով։

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան…

Ամենայն հայոց բանաստեղծի միտքն է, որը ցավ է, հոգու ճիչ, աղաղակ եւ միաժամանակ տանջալից, բայց իմաստուն բանաձեւումն այն ամենի, ինչ տեսավ ու ապրեց։ Էջմիածնի վանքը լցվել էր յաթաղանից հազիվ խուսափած գաղթականներով, բայց դա ընդամենը փրկության հույս էր եւ ոչ թե փրկություն՝ դեռ պետք էր հանել նրանց ծանր մղձավանջներից, արյունոտ տեսարանների հարուցած վախից ու սարսափներից, բառացիորեն կյանք վերադարձնել հազարավոր մարդկանց, որոնց քարավանները նաեւ աշխարհի ճանապարհներին էին։ Ի՞նչ էր լինելու, ինչպե՞ս էր ապրելու արյունաքամ ժողովուրդը…

Տոկաց ոգին հայոց, ազգը վերածնվեց, փյունիկի պես հառնեց մոխիրներից, եւ դա նման էր հրաշքի, որ  պիտի շարժեր աշխարհի ազնիվ մարդկանց հիացմունքը։ Շատ էին, շատ-շատ էին նրանք, ովքեր այն ծանր օրերին կանգնեցին եղեռնագործվող ժողովրդի կողքին, իրենց ցասկոտ բողոքի ձայնը բարձրացրին հանուն նրա պաշտպանության, ու նրանցից մեկն ասաց. «Հայերի ցավը բոլորի ցավն է, եւ աշխարհի մարդկությունը պետք է դատապարտի նրանց զանգվածային կոտորածները»։

1915 թվականն էր… Եվ համաշխարհային հանրությունը  դեռ չէր տվել իր այն բանաձեւումը, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ՝ որտեղ եւ ում կողմից էլ կատարված լինի։ Ո՛ր ժողովրդի դեմ էլ իրագործված լինի։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ հարյուրամյակի առաջին այդպիսի հանցագործությունն էր։ Ճանաչել ցեղասպանության փաստը նշանակում է դատապարտել այն։ Դատապարտել այն նշանակում է այլեւս երբեք թույլ չտալ նման հանցագործություն, մարդկությանը զերծ պահել այդ արհավիրքից։ Ահա թե ինչու հայոց նոր պետականության համար 1915 թ. ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համայն աշխարհի կողմից ոչ միայն ազգային, այլեւ միջազգային խնդիր է, իր արտաքին քաղաքականության առանցքներից մեկը։

Տասնյակ երկրներ արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ գործընթացը շարունակվում է։ Ստեղծվել է հայ եւ օտար ցեղասպանագիտության մեծածավալ գրականություն, ընդունվել են մեծաթիվ միջազգային փաստաթղթեր։ Ահա դրանցից մեկը. 1984 թ.  ապրիլի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական ատյանի նստաշրջանը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, տարբեր երկրների հայտնի գիտնականներից, իրավաբաններից, քաղաքական գործիչներից կազմված հասարակական այդ հեղինակավոր դատարանն ընդունեց եզրափակիչ փաստաթուղթ, որի նախաբանում ամրագրված է. «Քրեական առումով չկա ավելի ծանր հանցանք, քան էթնիկ պատկանելության համար որեւէ ժողովրդի կանոնավոր բնաջնջման կանխամտածված պետական քաղաքականությունը։ 1915-ից ի վեր թուրքական բոլոր կառավարությունները հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, եւ շատ պետություններ աշխարհաքաղաքական նկատառումներով պաշտպանում են թուրքական կառավարության ջանքերը…»։

Մեջբերենք բուն որոշման առաջին կետը. «Հայ ժողովուրդը եղել եւ մնում է  մի ժողովուրդ, որի թե՛ անհատական, թե՛ միասնական հիմնարար իրավունքները պետք է հարգվեին եւ պետք է հարգվեն միջազգային իրավունքին համապատասխան»։

Ասված է ամեն ինչ՝ պե՛տք է հարգվեին, պե՛տք է հարգվեն։ Այս պահանջն այսօր մոլորակի առաջադեմ մարդկության պահանջն է։

…Ապրիլի 24։ Ծիծեռնակաբերդի սրբատեղի դարձած հուշարձանի անմար կրակի բոլորակ  եզրաքարին կրկին շրջան կկազմեն անհամար խոնարհված ծաղիկներ, եւ դա մի մեծ, խորհրդանշական ծաղկեպսակ կլինի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #05 (1427) 16.04.2022 - 19.04.2022, Հոգևոր-մշակութային


15/04/2022