Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈԳՈ՛Ւ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ»



«ՈԳՈ՛Ւ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ»44-օրյա պատերազմը ոտքի հանեց տարբեր հոգեկերտվածքի ու մասնագիտության տեր մարդկանց, միավորեց մեկ գաղափարի շուրջ. Հայրենիքը կրկին վտանգված է, ժամն է զենքով պաշտպանելու սեփական հողի վրա ապրելու ու արարելու մեր իրավունքը: Կամավոր ճակատ մեկնած երիտասարդներից մեկն էլ Գեղամ Օհանյանն էր: Մասնագիտությամբ կիբեռնետիկ, կրթության ոլորտում տարբեր նորարարական ու հետաքրքիր ծրագրեր նախաձեռնող ու իրականացնող Գեղամը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից կամավոր շտապեց Արցախ՝ վստահ, որ այստեղ էլ առաջին հերթին հենց ուսուցիչը պետք է օրինակ ծառայի մյուսներին:

 

-Բանակին առնչվող հասարակական նախաձեռնություններ դեռ մինչև ժամկետային զինծառայությունս էինք իրականացնում: Հատկապես մեր հերոսների կյանքի ու գործունեության մասին  երիտասարդ սերնդին տեղեկացնելու խնդիր էինք դրել: Այն ժամանակ այդ բացը ավելի նկատելի էր, քան հիմա: Հերոսների վերաբերյալ սեմինարներ էինք անցկացնում բուհերում, սոցցանցերում նրանց անունով էջեր էինք ստեղծում, որոնք, ի դեպ, մինչև օրս էլ գործում են և բազում հետևորդներ ունեն: 2012-2014 թթ. ծառայել եմ Հադրութի և Ջրականի միջև տեղակայված զորամասում: Ծառայությանս ընթացքում նմանատիպ միջոցառումներ նախաձեռնեցի և իրականացրի նաև զորամասում: Նույնիսկ պարգևատրվեցի այս գործունեության համար:

Զինծառայությունից հետո Գեղամը նաև արշավական կյանքի մեջ է իրեն փորձել. հայրենաճանաչության գաղափարը համադրել բիզնես-պլանի հետ:

-Այդպես հիմնվեց «Խարույկ» արշավական ակումբը, որն արդեն 7 տարեկան է: «Խարույկի» հիմնադրումից մեկ տարի հետո նույնանուն հասարակական կազմակերպություն բացվեց, որը հետո ճյուղավորվեց և տարբեր նախաձեռնություններ ունեցավ, օրինակ՝ «Սպիտակ ջոկատ» նախաձեռնությունը, որը դարձավ առանձին հասարակական կազմակերպություն և զգալի աշխատանք է կատարում մեր երկրում մաքրություն պահպանելու մշակույթը տարածելու գործում:

…2016 թ. մարտական գործողությունները շատ բան փոխեցին մեր գիտակցության մեջ. ես այդ ժամանակվանից արդեն որոշել էի, որ եթե նորից պատերազմ սկսվի, արդեն լայնածավալ գործողությունների տեսքով, ես այնտեղ պիտի լինեմ: Ներգրավվեցի ռազմամարզական «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարզումներին, ու բավականին լուրջ պատրաստություն ստացանք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ իմացա, որ պատերազմ է սկսվել, հավաքեցի իրերս ու նույն օրը մեկնեցի: Արագ դուրս գալը շատ անցանկալի վիճակներ է հարթում: Տնեցիներին միայն ասացի. «Ես գնում եմ վերադառնալու պայմանով…»: Աստծո կամոք, խոստումս պահեցի: Նույն «Տիգրան Մեծ»-ի կազմում՝ հետախուզական վաշտով մեկնեցինք «Եղնիկներ»: Յոթ օր հետո մեր 50 հոգանոց ջոկատով գործողություն իրականացրինք «Եղնիկների» հրամանատարի նախաձեռնությամբ: Գրոհ կազմակերպեցինք հյուսիսային ուղղությամբ՝ Արեգա լեռը ազատագրելու նպատակով: Շատ թեժ մարտեր եղան այդտեղ, որոնց ժամանակ 4 զոհ ունեցանք: Լեռն ամբողջությամբ չհաջողվեց վերցնել ու պահել. ստիպված էինք նահանջել կրակահերթերի տակ: Դրանից հետո նույն պաշտպանական շրջանում էլ շարունակել ենք մեր ծառայությունը: Այդ ուղղությամբ ինքնաթիռային գրոհներից մեկի ժամանակ նույնպես չհաջողվեց զոհերից խուսափել. հինգ ցավալի զոհ էլ այդտեղ ունեցանք: Ես իմ ցանկությանբ հրաժարվեցի հերթափոխից ու մինչև վերջ մնացի դիրքերում:

Բազում դժվարություններով անցած, մարտական ընկերների կորստի ցավն ապրած Գեղամի մեջ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները պատերազմից հետո էլ նրան հանգիստ չեն տվել: Այդ հարցադրումները և դրանց պատասխանների որոնումն ի վերջո ամփոփել է «Բունկեր» վերնագրով գրքույկում. ուրույն մի ստեղծագործություն, որը, Գեղամի մեկնաբանությամբ, առաջին հերթին ուսուցողական նշանակություն ունի:

Ըստ սյուժեի՝ ռումբի պայթյունից փլատակների տակ, ծուղակում է հայտնվում մարտիկների մի խումբ՝ դպրոցի տարեց ուսուցիչ «Հայրիկը», փողոցային վարքուբարքի տեր երիտասարդ «Կյաժը»,  աշխարհով մեկ շրջած, մասնագիտությամբ մաթեմատիկոս, բլոգեր Էրիկը և սերժանտ Մհերը: Չորս գործող անձինք շատ տարբեր են իրենց բնավորությամբ, կրթական մակարդակով և կյանքի փորձառությամբ:

«ՈԳՈ՛Ւ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ»Գրքի հերոսների միջև ծավալվող զրույցների միջոցով Գեղամը խտացված կերպով ներկայացրել է իր մտահոգությունները, եզրահանգումները մեր հասարակությանը հուզող տարբեր խնդիրների շուրջ: Բունկերում, միմյանց հետ տարբեր մտածելակերպի ու գաղափարների տեր մարդկանց շփման արդյունքում նրանցից յուրաքանչյուրի հոգեբանության մեջ փոփոխություններ են տեղի ունենում: Թե ինչպես են դասավորվում հերոսների ճակատագրերը, և յուրաքանչյուրն ինչ ասելիք ունի, իմանում ենք գրքի վերջում՝ հատուկ ուղերձների տեսքով: Թերևս, ամենակարևոր ուղերձն այն է, որ երբ անելանելի է թվում իրավիճակը, ոգո՛ւ տրամաբանությամբ պետք է գործել, որն ի զորու է բեկելու իրերի տրամաբանությունը և հանգեցնելու ցանկալի արդյունքին:

Ինքը՝ Գեղամը,  պատերազմից հետո, վերարժևորելով իրերի տրամաբանությունը բեկելու իր ուղին, ամրագրել է, որ կրթության դերը երկրի պաշտպանունակության գործում անգնահատելի է: Եթե պատերազմից առաջ կրթական բնույթի տարբեր ծրագրեր էր իրականացնում, ապա այսօր դա փորձում է անել եռակի, քառակի եռանդով ու արդյունավետությամբ: Գաղափարակից ընկերների հետ հիմնադրել է «Բարձունք» գիտակրթական ռազմավարական կենտրոնը, որի շրջանակում տարբեր գիտական և կրթական ծրագրերից զատ, նաև սոցիալ-ձեռնարկատիրական ծրագիր են իրականացնում: Կապեր են ձևավորում նաև ներդրողների և համայնքներում արդեն իսկ աշխատանքի փորձ ունեցող ձեռնարկատերերի միջև: Հայրենական արտադրողին օգնում են հաջող բիզնես-պլաններ իրականացնելու գործում՝ ապահովելով նաև կրթության այս ոլորտի իրացման կարևոր խնդիրը: Բազմաթիվ կրթական ծրագրեր են իրագործում նաև դպրոցների, հատկապես՝ գյուղական, սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների հետ, որ նպատակաուղղված են երեխաների մեջ ժամանակակից պահանջներին համապատասխան գիտակրթական հիմքերի ձևավորմանը, առողջ միջանձնային հարաբերություններ և, իհարկե, սեփական երկրի հանդեպ տիրոջ հոգատար վերաբերմունք ձևավորելուն:

-Պատերազմից հետո ես հասկացա, որ ոչ միայն բանակի, այլև բոլոր մեր մյուս խնդիրները գալիս են կրթական համակարգի թերություններից: Ընտանիքից ու մանկապարտեզից սկսած՝ ապագա քաղաքացի է ձևավորվում, և որքան այդ քաղաքացին գիտելիքների, կրթության առումով «զինված», «մարտունակ» լինի, այնքան ավելի պատրաստված ու մարտունակ կլինի թե՛ բանակում, թե՛ գիտության կամ մեկ այլ բնագավառում, այնքան նրա արժեհամակարգը ավելի կայուն հիմքեր կունենա: Եվ հակառակը՝ որքան արժեհամակարգը թերի է, այնքան վատ արժեհամակարգի «դևերը» գլուխ կբարձրացնեն, ու մեկն իրեն կգտնի փողոցային վարքուբարքի, մյուսը՝ անմաքուր առևտրային հարաբերությունների, մեկ ուրիշը՝ իշխելու անհագ ցանկության ծուղակում և այսպես շարունակ: Այդ «դևերը» նաև բանակ են սողոսկում: Ուրեմն՝ լավ պետություն ունենալու համար պետք է կառուցենք դրա ամուր հիմքերը, մեր ջանքերը կենտրոնացնենք հատկապես կրթության վրա: Մեր պետության, նրա ընթացքի ու ապագայի վերաբերյալ բոլորս պետք է հնարավորինս ընդհանրական, հավաքական  պատկերացում ունենանք: Մենք սովորել ենք ապրել շատ անձնավորված կյանքով: Պետք է դուրս գանք նեղ՝ «ջերմ օջախ» վիճակից, քանի որ ընդհանուրն էլ մի մեծ «օջախ» է, և մենք՝ մեր կինը, ամուսինը, երեխաները պետք է մի փոքր զրկանք կրենք,  որպեսզի կարողանանք առաջ շարժվել: Դուստրս՝ Սյունեն… 10 ամսական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը:  Երբ պատերազմից վերադարձա, արդեն քայլում էր, հայացքն էր փոխվել: Փոքրիկ է. իր փոքրիկ աշխարհն ունի, որի մեջ երբեմն թողնում է, որ մտնես, թեթևացնես հոգիդ: Նա ինձ համար մեր եկող սերնդի մարմնացումն է…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆԻ

անձնական արխիվից

Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Բանակ և հասարակություն


28/04/2022