Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸՈրտե՞ղ եք, տղե՛րք, այդ ու՞ր հեռացաք…

Առավոտներս սկսվում է ձեր

Բացակայության անպատում ցավով…

Որտե՞ղ եք, տղե՛րք, այդ ու՞ր հեռացաք,

Հայրենիք բառը շուրթերիս հիմա թերի՜ է հնչում…

Որտե՞ղ եք, տղե՛րք, այդ ու՞ր հեռացաք,

Ի՞նչ վեհ վճիռով, Երդումով մի քաջ,

Երդումով մի հին՝

Ժառանգված ոգու հրացոլք Փառքով,

Անձնադիր Պատվով, Վարքով անքնին…

…Մահին հանդիպած ձեր այդ աչքերի

Անմեղ սարսուռով

Ես նայելու եմ կյանքի ջրերին,

Վարարելու եմ այդ սուրբ ջրերով,

Եվ ծաղկելու են գահընկեց եղած ձեր երազները

Շուրթերիս այդժամ,

Եվ երգելու եմ այդժամ թնդագին

Ռազմի երգերը՝ լեռներին թիկնած….

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԵրևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի շրջանավարտ Զորայր Թաթիկյանը այս բանաստեղծական տողերը ձոնել է 44-օրյա պատերազմում Հայրենիքը պաշտպանելիս քաջաբար զոհված իր դասընկերոջը ու իր դպրոցի մյուս շրջանավարտներին, որոնք անմահացան, որ իրենց ընդհատված կյանքով անմահացնեն հայոց հազարամյա պատմությունը, Հայաստան Հայրենիքը, հայ ժողովրդին ու նրա ապագան: Նրանք հինգն են: Դպրոցի բակում, հուշաքարի վրա նրանց անունները կողք կողքի են՝ Տիգրան Աբազյան, Արամ Թորոսյան, Էդգար Մհերյան, Համլետ Բադալյան, Արտավազդ Ասատրյան, որովհետև նրանք արդեն հավերժորեն կողք կողքի են Երկնքում, նրանք նույն Քաջերի երկնային զորքից են ու իրենց փառահեղ Բարձունքներից ամեն օր, ամեն ժամ հսկելու են մեր վարքն ու հայրենապաշտության, խիզախության, նվիրումի մեր սահմանները, ոգի ու արիություն են ներարկելու մեր սրտի ու արյան մեջ, իրենց մշտարթուն ներկայությամբ հուշելու են հերոսական ու պատվախնդիր պատգամներին անսալու հրամայականը:

Ապրիլի 22-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի բակը մարդաշատ էր: Միայն դպրոցականները ու ուսուցիչները չէին խնկարկում թշնամու ճանապարհը կյանքով փակած հերոսների հիշատակն ու սխրանքը: Պատգամավոր ու երգիչ, քահանա ու ազատամարտիկ, ծնողներ ու հասարակ երևանցիներ հավաքվել էին ասելու, որ մենք մեր քաջազուն նախնիների ու 44-օրյա պատերազմում հերոսացած քաջորդիների՝ Հայրենիքը կյանքի գնով անառիկ պահելու Ուխտի ժառանգակիրն ենք, տեր ենք նրանց Սրբազան գործին ու երազներին…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԴպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի, «Արծիվ-մահապարտներ» կամավորական ջոկատի անդամ Սպարտակ Մաթևոսյանի, ռազմահայրենասիրական երգերի հեղինակ Գուսան Հայկազունի և մյուսների խոսքում շունչ ու մարմին էին առնում հանուն Հայրենիքի մահ իմացյալի խորհուրդն ու հայրենիքի ազատության համար նահատակվածների փառքը անմար պահելու հրամայականը՝ որպես գերագույն առաքինություն, որպես բարձրացող սերնդի ուղենիշ, որպես նրանց ոգին կոփելու ամենահաղթ զենք, որպես արժանապատիվ ապագայի առհավատչյա:

N զորամասի գնդերեց, Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պսակ քահանա Մկրտչյանի արած հոգեհանգստի կարգն անգամ հայրենասիրության դաս էր, հայրենիքի պաշտպանության ներբող, հայրենիքի խնկարկում:

Ներկաների սրտում ցավ կար, բայց այդ ցավը լուսավոր էր, ապրեցնող, տոնական, որովհետև հայրենիքի հավերժության գաղափարը ամենամեծ տոնն է, որ մեր սրտերում է մշտապես: Ու պատահական չէր, որ Հայրենիքին կյանքը նվիրաբերած հինգ հերոսների հիշատակին նվիրված միջոցառումը ընդմիջվեց պարերով, երգերով, ասմունքով…: Միջոցառման ավարտին հերոսների ծնողները, ի հիշատակ իրենց որդիների, դպրոցի բակում մշտադալար ծառեր տնկեցին:

Նրանք զոհվեցին, որ Հայաստան հայրենիքում միշտ ապրի հայկական երգն ու պարը, որ մայրենին միշտ հնչի հայոց սերունդների շուրթերին, որ խաղաղության աղավնիները միշտ զարդարեն հայոց երկնակամարը, ինչպես ճախրեցին կապույտի ֆոնին՝ ազդարարելով միջոցառման ավարտն ու հայրենիքի հավերժության խորհուրդը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


28/04/2022